«Ներդրումների համար սրտիս թելադրանքո՛վ եմ ընտրել Արցախը».Նարինե Դավթյան

ՀՀ սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում է  նաև ներդրումային քաղաքականության ոլորտը՝ Սփյուռքի մեր հայրենակիցների ներդրումների մասով. այդ առիթով նախարարությունը կազմակերպել էր  Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Հայաստանում սփյուռքահայերի կատարած ներդրումներին: Քննարկմանը մասնակցող 40 գործարարներից յուրաքանչյուրն իր ունեցած ներդրումային քաղաքականությամբ կարողացել է լավագույնս խթանել Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը: Տարբեր են նրանց ընտրած շրջանները, սակայն  նույնն  է ցանկությունը՝ ինչ-որ ձևով օգտակար լինել Հայրենիքին՝ երկուստեք ունենալով հետաքրքրություն և ընդհանուր շահ: Նրանցից մեկը՝ ռուսաստանաբնակ Նարինե Դավթյանը, ում հետ հարցազրույց  ունեցա «Հայերն այսօր»-ի համար, իր ներդրումների համար ընտրել է Արցախ աշխարհը և արդեն երկար տարիներ աշխատում է այնտեղ:

«12 տարուց ավել է, ինչ Ղարաբաղում  տարբեր տեսակի բիզնեսներ ենք բացում և եղած շահույթից ոչ մի լումա չենք վերցնում. ես ամբողջը թողնում եմ Ղարաբաղում և նոր  առաջացած շահույթի հաշվին մենք ավելի ենք ընդլայնում, ավելացնում մեր գործունեության սահմանները, իրականացնում ենք սոցիալական տարբեր ծրագրեր, թոշակներ ենք տալիս: Ես շատ մեծ հույս եմ կապում նոր վարչապետի հետ. վերջին հնարավորություններից մեկի ժամանակն է, մենք ազգովի պետք է քայլեր անենք, որպեսզի  Հայաստանի տնտեսությունը ոտքի կանգնի: Հիմա մի նոր նախագիծ ենք ցանկանում իրականացնել, որն ավելի շատ բարեգործական է. ուզում ենք  արտադրողներից հավաքել իրենց արտադրանքը, գնել մեծածախ գներով, իսկ հետո բաժանել բազմազավակ և անապահով ընտանիքներին: Շատ եմ ցանկանում, որ Մոսկվայում ապրող իմ աղջիկն ու փեսան վերադառնան Հայաստան և այստեղ մի գործ սկսեն, սակայն ուղղվածությունն ավելի շատ գիտությանն առնչվի: Մենք, ընդհանրապես, ընտանիքով շատ  մեծ  ներդրումներ ենք անում Հայաստանում.12 տարվա ընթացքում մոտ 2 միլիոն դոլարի ներդրում ենք արել Արցախում: Մենք ՌԴ-ում ունենք տնտեսական ապրանքների և ամառանոցային, հողամասերի  պարագաների, ապրանքների մեծածախ առևտրային բիզնես, ունենք նաև երկու փոքր արտադրություն՝ մեկը՝  Մոսկվայի մերձակայքում, մյուսը՝ Կրասնոդարի մարզում: Ռուսաստանում եղած առևտրային ցանցերի հետ  ունենք պայմանագրեր, աշխատում ենք այդ ցանցերի հետ, մատակարարում անհրաժեշտ ապրանքներ: Մի քանի օրից իմ աղջիկն ու փեսան գալու են Մոսկվայից, որպեսզի  մի նոր նախագիծ մշակենք. ցանկանում ենք  մանկական ակումբ ստեղծել Ղարաբաղում, որպեսզի երեխաները զվարճանալու, ծննդյան տոներ և այլ գեղեցիկ միջոցառումներ անցկացնելու վայր ունենան: Շատ կարևոր է, որ մարդիկ ներդրումներ  անելու մեծ ցանկություն ունենան, իսկ դրանք իրականացնելու տարածքներ շատ կան: Ես իմ կամքով եմ ընտրել Արցախը, զբաղվում եմ նաև սիրիահայերի հարցերով, իսկ սահմանամերձ  մեկ ուրիշ տարածքով՝ Տավուշով, զբաղվում է Թերեզա Մխիթարյանը: Իմ արած ներդրումներից ամենարդյունավետը համարում եմ մանկական նախադպրոցական քոլեջի  համար արած ներդրումները, որովհետև մեր քոլեջն ավարտող երեխաները միանգամից կարող են հաճախել 2-րդ, 3-րդ դասարան: 30-ից ավելի աշխատողներ ունենք Արցախում,  շատ մարդիկ աշխատանք են ստացել, կարողանում են իրենց ընտանիքները պահել: Արցախում  մոտ երկու տարի 12 անապահով և լավ սովորող  ուսանողների 100-ական դոլար թոշակ էինք տալիս: Օգնել ենք նաև մանկատանը: Վերջին մի տարվա ընթացքում ես ավելի շատ Հայաստանում եմ,Արցախում, քան՝ դրսում: Ասեմ նաև, որ նոյեմբերին իմ աղջկա հարսանիքը Ղարաբաղում արեցինք, այդ մեծ արարողության համար կարող էինք շատ ուրիշ վայրեր ընտրել, սակայն նախընտրեցինք Արցախը: Ես Արցախն ընտրեցի սրտիս թելադրանքով, հոգուս ձայնով. առաջին անգամ Արցախում եղա  երգիչ-երգահան Արթուր Գրիգորյանի հրավերով և սիրահարվեցի Արցախին  ու հետագայում որոշեցի իմ ներդրումներն անել հենց այդ հրաշք աշխարհում: Ես հորդորում եմ սփյուռքահայ իմ հայրենակիցներին ներդրումներ անել Հայաստանում՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման, հայ մարդու ապրելակերպի բարեկեցության. սա ևս հայրենասիրության մի յուրօրինակ դրսևորում է: Ներդրումն ինչ-որ տեղ բարեգործություն է, գթասրտություն, որի կարիքը մեր ժողովուրդը շատ ունի»:

Զրուցեց Կարինե Ավագյանը

 

3 4

2

 

 

 

 

Scroll Up