Շնորհակալագրեր՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի աջակիցներին, ուսուցիչներին և կամավորներին

Սեպտեմբերի 12-ին սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին «Քայլ դեպի տուն» ծրագրի աջակիցները, ուսուցիչներն ու կամավորները:

Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ սփյուռքի նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը նշեց, որ «Քայլ դեպի տուն»-ը լավ անցավ նաև նրանց ջանքերի շնորհիվ: «Ձեզ հետ համագործակցությունը ոչ թե ավարտվեց, այլ նոր սկիզբ դրվեց: Դուք այս ծրագրի շրջանակներում մեծ գործ եք արել»,-նշեց նախարարի տեղակալը:

Սփյուռքի նաշարարության շնորհակալագրերի արժանացան «Քայլ դեպի տուն» ծրագրի իրականացման աջակիցները՝ Հայ-ռուսական համալսարանը, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, «Դեպի Հայք» հիմնադրամը, ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպությունը, «ԼՕՖԹ» ինքնազարգացման կենտրոնը, «Ակումբ 12»-ը, Menu.am-ը, «ՋիՋի» ընկերությունը, «Արենա» բոուլինգ ակումբը, «All Inclusive Armenia» կազմակերպությունը, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող վարչության պետի տեղակալ Արթուր Սահակյանը և տեսուչ Ռոման Հակոբյանը, անհատներ Արթուր Սահակյանն ու Արմինե Գևորգյանը:

Նախարարի տեղակալ Արամայիս Գրիգորյանը նախարարության շնորհակալագրեր հանձնեց նաև ծրագրի շրջանակներում դասավանդած ուսուցիչներին և կամավորներին՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Հիշեցնենք, որ «Քայլ դեպի տուն» ծրագիրը իրականացվեց օգոստոսի 10-24-ը և ունեցավ 400 մասնակից 24 երկրներից:

Scroll Up