«Սիրիայում ապրող մեր հայրենակիցներն ուշադրության կենտրոնում են». Նազելի Էլբակյան
«Մենք ձեզ հետ ենք» խորագրի ներքո «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» հանդես է գալիս մարդասիրական նախաձեռնությամբ, որի մասին «Հայերն այսօր»-ն անդրադարձել է կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու, նախաձեռնության համահեղինակ և համակարգող Նազելի Էլբակյանի հետ զրույցի ընթացքում:
-Նազելի՛, ինչպե՞ս ծնվեց «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնության գաղափարը:
-Մեր մասնագետները փետրվարից Սիրիայում հումանիտար առաքելություն են իրականացնում: Ականազերծողներն ու բժիշկներն իրենց մասնագիտական գործունեությունը ծավալելուց բացի, նաև ազատ շփվում են Հալեպի բնակիչների և հալեպահայերի հետ: Այնտեղից պարբերաբար լուսանկարներ ենք ստանում, որոնցից մի քանիսում մեր մասնագետների կողքին սիրիացի երեխաներն են: Այդ լուսանկարներն էլ հիմք դարձան՝ կյանքի կոչելու «Մենք ձեզ հետ ենք» նախաձեռնությունը: Որոշեցինք ժպիտներ պարգևել դժվարին իրակիճակում ապրող երեխաներին:
«Մենք ձեզ հետ ենք» նախաձեռնության խորագիրը, կարծում եմ, լավագույն կերպով է բնութագրում մարդասիրական նախաձեռնությունը:
-Նախաձեռնությունը հանրային դեմքերի կողմից ի՞նչ արձագանք է գտնում, ոգևորություն նկատվու՞մ է նրանց մոտ:
-Հանրային դեմքերը ոգևորությամբ են մասնակցում: Մեզ արդեն միացել են Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թևոսյանը, Նազելի Բաղդասարյանը, Արմեն Փամբուխչյանը, Սարիկ Մինասյանը, Առողջապահության նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանը, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանն ընտանիքի հետ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Գևորգ Չուլյանը, երգչուհի Լիդուշիկը: Հալեպահայ և սիրիացի երեխաներին նվերներ տալու ցանկություն են հայտնել նաև Երևանի 166, 167 և 162 դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները:
Երկիր Մեդիայի «Երկիրն այսօր» հաղորդման եթերում հաղորդավար Էդգար Բաղդասարյանը տիկնիկ նվիրեց, որպեսզի հանձնենք սիրիացի մի աղջնակի: Այսինքն, գաղափարը համախմբել է մարդկանց՝ անկախ մասնագիտությունից:
–Քաղաքացիները կարո՞ղ են մասնակցել:
– Իհարկե: Կենտրոնի աշխատակիցներով նույնպես մասնակցում ենք: Այս ընթացքում ականատես ենք լինում, իրոք, բարի կամքի դրսևորումների հենց երեխաների կողմից, որոնք շատ են հուզում մեզ: Կարինե անունով գյումրեցի մի աղջիկ իր ձեռքով պատրաստած խաղալիքներն է ուղարկում, ինչպես նաև բազմաթիվ դպրոցականներ իրենց սիրելի խաղալիքներն են հանձնում մեզ՝ հալեպահայ երեխաներին փոխանցելու համար:
Ի դեպ, ոչ միայն խաղալիքներ, այլև գրքեր, գրենական պիտույքներ ու հագուստ են մեզ փոխանցել: Այժմ նվերները տեսակավորում ու դասավորում ենք արկղերում:
–Ինչպե՞ս են նվերները հասնելու Հալեպի հայկական համայնք, և որևէ միջոցառում նախատեսվո՞ւմ է իրականացնել երեխաների համար:
-Նվերները, հավանաբար, մայիսին կուղարկվեն: Իսկ միջոցառման անցկացման հետ կապված այս պահին տարբերակներ ենք քննարկում:
–Երեխաներն արդեն տեղյա՞կ են, որ նվերներ են ստանալու:
– Ոչ, անակնկալ է լինելու: Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող մեր մասնագետներն այս մասին ոչինչ չեն ասել նրանց: Ընդհանուր առմամբ, տարբեր տարիքի հարյուրավոր երեխաներ նվերներ կստանան:
-Ձեր կարծիքով այս նախագծի իրականացումը բարոյահոգեբանական ի՞նչ ազդեցություն կթողնի Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների վրա:
-Միանշանակ նրանք հոգու ջերմություն կզգան: Նախաձեռնությունը նաև խորհրդանշական բնույթ է կրում՝ ցույց տալու համար, որ մեր հայրենակիցներն ուշադրության կենտրոնում են:
Հարցազրույցը՝ Գևորգ Չիչյանի