Արաբացած հայ որբերն Իրաքում
1915 թվականի հունիսին Հալեպում ստեղծվեց կառավարական մարմին` Հայերի տեղահանման գործերի կոմիտե, որի խնդիրն էր իրագործել անապատներում հայերի ոչնչացման ծրագիրը: Ամռանը և աշնանը Հալեպում, Բաբում, Մասքենեում, Ռաս ուլ Այնում, Ռաքքայում, Հալեպի նահանգի մյուս բնակավայրերում և դրանց շրջակայքում կուտակվեցին հայ գաղթականների հոծ զանգվածներ` քշված Կոստանտնուպոլսից և Ռոդոստթոյից, Նիկոմեդիայից, Պարտիզակից, Ադաբազարից, Անկարայից, Սեբաստիայից, Մալաթիայից, Մուշից, Սասունից, Կիլիկիայից և այլ վայրերից:
1915-ի սեպտեմբերի 9-ին Հալեպի նահանգապետին հրաման տրվեց Դեր Զորի անապատները քշել բոլոր հայերին` տղամարդկանց ու կանանց, ծերերին ու երեխաներին: Հետագա 5-6 ամիսներին նման հրամանները կրկնվեցին` ամեն անգամ դառնալով հազարավոր հայերի մահվան պատճառ: Կարգադրված էր անապատ տարվող գաղթականներից բռնագրավել սննդամթերքը` ստեղծելով արհեստական սով: Մարդիկ ստիպված կերել են ինչ պատահել է:
Թուրք պաշտոնյաները փորձել են հայերի դեմ տրամադրել արաբներին: Սակայն Հալեպից մինչև Դեր Զոր արաբներն օգնել են, պատսպարել հայերին, հատկապես երեխաներին` փրկելով անխուսափելի մահից:
Երեխաներին փրկել անխուսափելի մահից արտահայտությունը, բնականաբար, նշանակում է որդեգրել նրանց, խնամել արաբական միջավայրում, որի հետևանքով երեխան սկսում է խոսել արաբերեն և ենթարկվում արաբական կենցաղին: Հետևաբար այս ճանապարհով վերապրողներից ոմանք արաբացել են, որոշներն էլ կարողացել վերականգնել իրենց հայկական ինքնությունը:
Միայն Միջագետքի անապատից փրկվածների թիվը հասնում է 1500-ի: Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ…
•Բաղդադահայության հայտնի դեմքերից էր Զեյթունցի Օհաննես Սեմերճյանը: Երբ սկսվում է Զեյթունի բռնագաղթը 6 տարեկան Օհաննեսը կորցնում է ծնողներին: Այնուհետև նա աշխատանքի է անցնում Միջագետքի անապատի Շամմար ցեղախմբի մոտ որպես ուղտապան: Տարիներ անց Օհաննեսը հանդիպում է Գյուլիզարին, որը 15 տարեկան հայ որբուհի էր: Երկուսը որոշում են լքել անապատը և փախչել Մոսուլ, որտեղ և Օհաննեսին հաջողվում է գտնել հորեղբորը` Մավի Կարապետին: Օհաննեսն ու Գյուլիզարը ամուսնանում են և տեղափոխվում Բաղդադ: Սկզբում Օհաննեսը լեմոնադ էր վաճառում: Ավելի ուշ անգլիական օդային ուժերի ուտեստեղենի մատակարարն է դառնում: Օհաննես Սեմերճյանը հիմնում է Քեմփ Սառա հայտնի թաղամասը, որտեղ հիմնականում ապրում են զեյթունցի և հաճընցի ընտանիքներ:
• Ջեզիրայում դեռևս նոր էր հաստատվել Լիբարիտ Ազատյանը, երբ մի անգամ գնում է անապատի խորքերը, դեպի Ջեբել Սինջար: Իջևանում է Շամմառ կոչվող արաբների մոտ: Երկու տղաներ մոտենում և խոսում են իր հետ: Լիբարիտ Ազատյանը այնքան էլ լավ չգիտեր արաբերեն: Տղաներն անմիջապես կռահում են, որ ինքն այլազգի է և հարցնում են՝ ընթե է՞րմեն, այսինքն, դու հա՞յ ես: Լիբարիտը զարմացած դրական պատասխան է տալիս: Տղաները տուն են հրավիրում նրան: Եղբայրներից մեծահասակը, որի անունը Խալիֆ էր, կանչում է մորը՝ յա ումմի (այ մայրիկ), արի´, մեր քեռին է եկել: Տարակուսանքը, վախը, արտասուքը և Եղեռնի ահավոր պատկերներն աչքերում ամփոփած այդ կինը մոտենում է` ոչինչ չարտասանելով: Երկուսով հանկարծ իրար են փաթաթվում և արտասվում: Ցավոք, կինը հայերեն խոսել չէր կարողանում, նա հիշում էր միայն ծնողների և քաղաքի անունները և մի քանի խոսքեր եկեղեցական աղոթքներից: Նա Կյուրյունցի էր: «Հազար տարի էլ անցնի՝ չեմ մոռանա մեր քաղաքը,-արաբերենով ասում է նա,-Մեր քաղաքի նման սառնաղբյուրներ և խնձորենիներ ո´չ մի տեղ չկա: Հիշում եմ, երբ տատիկս ինձ գգվում ու սիրում էր, ասում էր՝ իսկական կյուրյունցու աղջիկ ես, Կյուրյունի խնձորների նման կարմիր թշեր ունես: Խեղճ տատիկս աչքիս առաջից չի գնում: Մեր խմբի հետ չէր կարողանում քայլել և հաճախ ծնկի էր գալիս հանգստանալու կամ գուցե աղոթելու համար: Մի օր ձիավոր ասկյարը ձին քաշեց նրա վրա և ձիու սմբակների տակ ջարդուփշուր արեց: Չթողեցին, որ վրան մի քիչ ավազ լցնենք, թաղենք: Մտրակելով մեզ հեռացրին, սոված ու ծարավ քայլեցինք անապատներով: Մի արաբ զինվոր ինձ փախցրեց: Այդ ժամանակ 10 տարեկան էի: Հինգ տարի պահելուց հետո 50 տարեկան մարդը ամուսնացավ ինձ հետ: Հինգ տղա ունեցա: Եթե իմանայի, որ աշխարհում հայեր կան, ինչ գնով էլ լիներ փախուստի կդիմեի, կվերադառնայի իմ ազգության գիրկը: Ես զավակներիս ամեն ինչ պատմել եմ, և նրանք հայերին համարում են իրենց եղբայրները»:
•Ալիս Քեպեպճյանը և իր երեք քույրերը ծնվել են Ադանայում: 1915-ին հայրը մահանում է, 4 տարեկան Ալիսը մոր և քույրերի հետ միանում է բռագաղթի քարավաններին: Միջագետքի անապատում արաբ բեդվինները, ձիերի վրա դնելով մի քանի երեխաների, որոնցից մեկը Ալիսն էր, անհետանում են անապատի խորքերում: Մայրը բացականչում է՝ Ին~չ լավ եղավ, սիրտս հանգստացավ, Ալիսս փրկվեց և պիտի ապրի: Մայր Քեպապճյանը երեք աղջիկների հետ հասնում է Մոսուլ: Մի օր Վարդուհին (Ալիսի քույրը) Մոսուլում պատահաբար հանդիպում է երկու հայ աղջիկների, որոնցից մեկը Ալիսն էր, այժմ արաբական Խալիդա անունով: Ալիսի արաբ հայրն ու մայրը հարուստ էին: Եվ նրանք մերժում են Ալիսին վերադարձնել իսկական մորը` ասելով, որ գաղթական են և ուտելու հաց դժվարությամբ են ճարում: 1917-ին անգլիական բանակը գրավում է Միջագետքը, և վիճակը սկսում է բարեփոխվել: Ալիսի մայրն արդեն ի վիճակի է լինում պահել աղջկան: Ազնիվ, բարի արաբ տիկինը դժվարությամբ է բաժանվում Ալիսից: Մայր Քեպապճյանը խորին շնորհակալություն է հայտնում: Մի քանի ամսից Քեպապճյանները փոխադրվում են Բաղդադ: Երկար տարիներ այնտեղ ապրելուց հետո՝ մեկնում են ԱՄՆ:
•Տիգրան Խոճայանը և Հարություն Մարտիրոսյանը Իրաքի Ֆելլուջա գյուղաքաղաքից ոչ հեռու մի քանի խանութներ ունեին: Մի օր մի արաբ կին մտնում է խանութ և լսում հայերեն խոսակցություն: Նրան շատ ծանոթ է թվում հայերենը: Պարզվում է, որ նա բնիկ զեյթունցի է` Լուսիկ անունով, և երկար տարիներ է հեռացել է հայությունից: Ամուսնուն կորցրած, մի զավակի տեր Լուսիկը, հայերեն լսելով, պատրաստակամություն է հայտնում հայությանը վերադառնալ: Տիգրանի և Հարությունի հետ մեկնում է Բաղդադ: Հայերեն է սովորում և այնտեղ հայ ընտանիք կազմում:
Այգ Պետրոսեան-Յակոբեան