«Չենք պատրաստվում ձեռքերը ծալած նստել». սիրիահայ կանայք նոր մասնագիտական ուսուցում են անցնում

«ԿԱԶԱ»  շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Espaces» ուսումնական  կենտրոնոմ հավաքված սիրիահայ  կանանց  շրջանում բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտ էր տիրումՆրանք  «Ամինա» սալոնստուդիայի կողմից  իրականացված «Մատնահարդարման կարողություններ և հմտություններ» 40-ամյա և  «Վարսավիրական  գործի  հմտություններ» 100-ժամյա  դասընթացներն ավարտելու կապակցությամբ  եկել էին վկայագրեր և նվերգույք ստանալու: Ուսուցումը  իրականացվել էր Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների  հարցերով գերագույն հանձնակատարի /ՄԱԿ ՓԳՀ/  գրասենյակի  եւ «ԿԱԶԱ»  շվեյցարական մարդասիրական հիմնադրամի  աջակցության շնորհիվ՝ «Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով» ծրագրի շրջանակում:  

-Արհեստը կյանքի բոլոր բնագավառներում մարդկության կողմից մշտապես եղել է պահանջված ու գնահատված: Հայաստանում էլ աշխատաշուկան մասնագիտական և արհեստագործական կրթությամբ կադրերի պահանջարկ է ներկայացնում:Մեր նպատակն է  սիրիահայ կանանց որոշ մասնագիտությունների համար  անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելն է, որով  նրանք կկարողանան  հոգալ  իրենց ընտանիքի սոցիալական խնդիրները: Այս դասընթացները կօգնեն  նրանց վերսկսել  իրենց  կյանքը հայրենիքում: Մենք  նրանց տրամադրում ենք անհրաժեշտ խորհրդատվություն,  մասնագիտական  գիտելիքներ և վարսահարդարման, մատնահարդարման  համար անհրաժեշտ որոշակի  գույք / մկրատ, սանր, դիմահարդարման  համար վրձիններ,  պայուսակ/, միաժամանակ  քաջալերում  մասնակցել  հասարակական  կյանքին,-  մեզ հետ զրույցում պատմում է «Փախստականների ինտեգրացիա կրթության միջոցով» ծրագրի  ղեկավար Մարինե Թունյանը:

Նրա խոսքով, ծրագիրն  իրականացվում է  ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինասավորմամբ ու թեև իրենց  կենտրոնը ՄԱԿ ՓԳՀ-ի  հետ  համագործակցում է 2014 թվականից, սակայն  այս  տարվանից ուժերը կենտրոնացրեցվել են  մասնագիտական  կրթության  զարգացման  վրա: «Ի դեպ, դասընթացների մասնագիտական պատրաստվածության  հարցում  մեծ է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական  կենտրոնի դերը, որի հետ մեր համագործակցությունը արդյունավետ է», – ավելացրեց նա:

ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ Նվեր Սարգսյանը ողջունելով ներկաներին նշեց, որ գնահատման է արժանի այն, որ սիրիահայ  կանայք չեն  վհատվում,  չեն  կորցնում  հավատը վաղվա  օրվա  հանդեպ: «Ձեր  առաջին  հայրենիքը Սիրիան է, երկրորդ  հայրենիքը՝Հայաստանը: Պատկերացնում եմ, թե որքան դժվար է, երբ  մարդը կորցնելով ամեն  ինչ, մի նոր երկրում  փորձում է վերականգնել այդ  կորուստը: Այդ  հարցում, համոզված եղեք, որ մենակ  չեք, դուք ունեք  աջակիցներ, թեև որքան էլ  ՄԱԿ ՓԳՀ-ն փորձում է ողջ աշխարհում աջակից  դառնալ տեղահանվող  մարդկանց, ցավոք,  կոնֆլիկտները աշխարհում  նվազելու փոխարեն, ավելանում են»:

«Շրջնավարտների»  բարձր տրամադրությունն ու ժպիտները հույս էին  ներշնչում, որ  կարճաժամկետ դասընթացների ժամանակ  ստացած գիտելիքներն ու որակավորումը գործնականում կբազմապատկվեն: Այս  կարծիքին է նաև երկու ամիս առաջ Հայաստան  եկած Լենա Մելքոնյանը, ով չի սահմանափակվի ստացած գիտելիքներով:

-Շատ շնորհակալ ենք բոլոր այն կազմակերպություններին, որոնք մեզ  աջակից են: Թեև մանկուց սիրել եմ այս  մասնագիտությունը,  բայց  հարկ էր խորանալ , եթե ուզում ես  փող  աշխատել դրանով: Սիրիայում  չէի աշխատում, ոչ էլ  վարսահարդարությամբ  էի զբաղվում,-ասում է Լենան:

Զավակների  /14-ամյա որդու և 13-ամյա  դստեր/  հետ գալով Հայաստան, նա այնուհանդերձ չի դադարում մտածել  վերադարձի մասին, սակայն Սիրիայում  տիրող իրավիճակը հարկադրում է  մնալ: Լենայի համոզմամբ ի տարբերություն Հայաստանի կյանքը Սիրայում թանկ չէ: Եթե այնտեղ  միայն  ամուսնու աշխատանքնով  կարողանում էին բարեկեցիկ  կյանքով ապրել, ապա  այստեղ դժվար է, ուստի տանը նստելու փոխարեն որոշեց մասնակցել վարսահարդարման մասնագիտական  դասընթացներին, որպեսզի  կարողանա թեթևացնել  ընտանիքի հոգսը: Ամուսինն, ով մասնագիտությամբ ոսկերիչ է, դեռևս աշխատանք  չի գտել Հայաստանում, ուրեմն, ասում է Լենան,  հարկավոր է  ձեռքերը ծալած չնստել:

-Եղած գիտելիքներով  չեմ  գոհանա,  աշխատանք եթե  ճարեմ, կհմտանամ աստիճանաբար,  հույս  ունեմ, որ  գեղեցկության  սրահներից  մեկում  աշխատանք  կգտնեմ,  հետո, եթե ամեն  ինչ  բարեհաջող եղավ,  կունենամ  նաև  իմ անձնական  բիզնեսը: Ուսման  ընթացքում  շրջել եմ վասահարդարման  սրահներով, վարձատրությունը ցածր է,  չգիտեմ,  կկարողանամ աշխատել, թե ոչ,  բայց  տանը  կփորձեմ:

Վարսահարդարի մասնագիտությունն անծանոթ չէ  նաև 3 տարի առաջ Հայաստան տեղափոխված Սալբի Քանթարյանի համար: Սիրիայում մասնագիտությամբ  վարսահարդար սկեսրոջ անհատական  սալոնում երկար տարիներ ականատես է  եղել նրա  վարպետությանը, թեև երբևէ  չի փորձել: Իսկ ահա, Հայաստանում այն  պետք է  գալու:

-Գիտեմ, որ այլ  մասնագիտությունների համար էլ  դասընթացներ կան, սակայն  ընտանիքս  մեծ է, երեք երեխա ունեմ, ու թեեւե  խիստ զբաղված եմ, սակայն աշխատել  պետք է: Այս  մասնագիտությամբ եթե  հաջողվի աշխատել, ես  բավարարված կզգամ, -ասում է Սալբին:

Իսկ այլ մասնագիտություններ, իրոք  կան, քանի որ Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնում մասնագիտանում են ոչ միայն վարսահարդարներ, մատնահարդարներ, այլև դերձակ-մոդելավորողներ, խոհարար-սպասարկողներ և  նախնական մասնագիտական արհեստագործական դաշտի այլ ոլորտի ներկայացուցիչներ:

-Մենք  պետք է ուսումնասիրենք այլ մասնագիտությունների ոլորտում սիրիահայերի նախասիրությունները: Սակայն,  կարծում եմ նախընտրելին  խոհարաությունն ու դերձակի մասնագիտություններն են: Այս  հարցում  մենք  դարձյալ  կհամագործակցենք Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի  հետ,- ասում է Մարինե Թունյանը:

Տարիքային սահմանափակումներ անտեսող մասնագիտական  դասընթացները սիրիահայ  կանանց համոզմամբ մեծ ու կարեւոր  նախաձեռնություն են, որոնք  կօգնեն իրենց  ինքնահաստատվել հայաստանյան թեկուզեւ սուղ աշխատաշուկայում, լինել  ինքնաբավ, զբաղված և որ ամենակարևորն է՝ հոգալ ընտաներկան  խնդիրները:

Անուշ Ներսիսյան

Womennet

Scroll Up