«Ներդրումների համար սրտիս թելադրանքո՛վ եմ ընտրել Արցախը».Նարինե Դավթյան
ՀՀ սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում է նաև ներդրումային քաղաքականության ոլորտը՝ Սփյուռքի մեր հայրենակիցների ներդրումների մասով. այդ առիթով նախարարությունը կազմակերպել էր Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Հայաստանում սփյուռքահայերի կատարած ներդրումներին: Քննարկմանը մասնակցող 40 գործարարներից յուրաքանչյուրն իր ունեցած ներդրումային քաղաքականությամբ կարողացել է լավագույնս խթանել Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը: Տարբեր են նրանց ընտրած շրջանները, սակայն նույնն է ցանկությունը՝ ինչ-որ ձևով օգտակար լինել Հայրենիքին՝ երկուստեք ունենալով հետաքրքրություն և ընդհանուր շահ: Նրանցից մեկը՝ ռուսաստանաբնակ Նարինե Դավթյանը, ում հետ հարցազրույց ունեցա «Հայերն այսօր»-ի համար, իր ներդրումների համար ընտրել է Արցախ աշխարհը և արդեն երկար տարիներ աշխատում է այնտեղ:
«12 տարուց ավել է, ինչ Ղարաբաղում տարբեր տեսակի բիզնեսներ ենք բացում և եղած շահույթից ոչ մի լումա չենք վերցնում. ես ամբողջը թողնում եմ Ղարաբաղում և նոր առաջացած շահույթի հաշվին մենք ավելի ենք ընդլայնում, ավելացնում մեր գործունեության սահմանները, իրականացնում ենք սոցիալական տարբեր ծրագրեր, թոշակներ ենք տալիս: Ես շատ մեծ հույս եմ կապում նոր վարչապետի հետ. վերջին հնարավորություններից մեկի ժամանակն է, մենք ազգովի պետք է քայլեր անենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունը ոտքի կանգնի: Հիմա մի նոր նախագիծ ենք ցանկանում իրականացնել, որն ավելի շատ բարեգործական է. ուզում ենք արտադրողներից հավաքել իրենց արտադրանքը, գնել մեծածախ գներով, իսկ հետո բաժանել բազմազավակ և անապահով ընտանիքներին: Շատ եմ ցանկանում, որ Մոսկվայում ապրող իմ աղջիկն ու փեսան վերադառնան Հայաստան և այստեղ մի գործ սկսեն, սակայն ուղղվածությունն ավելի շատ գիտությանն առնչվի: Մենք, ընդհանրապես, ընտանիքով շատ մեծ ներդրումներ ենք անում Հայաստանում.12 տարվա ընթացքում մոտ 2 միլիոն դոլարի ներդրում ենք արել Արցախում: Մենք ՌԴ-ում ունենք տնտեսական ապրանքների և ամառանոցային, հողամասերի պարագաների, ապրանքների մեծածախ առևտրային բիզնես, ունենք նաև երկու փոքր արտադրություն՝ մեկը՝ Մոսկվայի մերձակայքում, մյուսը՝ Կրասնոդարի մարզում: Ռուսաստանում եղած առևտրային ցանցերի հետ ունենք պայմանագրեր, աշխատում ենք այդ ցանցերի հետ, մատակարարում անհրաժեշտ ապրանքներ: Մի քանի օրից իմ աղջիկն ու փեսան գալու են Մոսկվայից, որպեսզի մի նոր նախագիծ մշակենք. ցանկանում ենք մանկական ակումբ ստեղծել Ղարաբաղում, որպեսզի երեխաները զվարճանալու, ծննդյան տոներ և այլ գեղեցիկ միջոցառումներ անցկացնելու վայր ունենան: Շատ կարևոր է, որ մարդիկ ներդրումներ անելու մեծ ցանկություն ունենան, իսկ դրանք իրականացնելու տարածքներ շատ կան: Ես իմ կամքով եմ ընտրել Արցախը, զբաղվում եմ նաև սիրիահայերի հարցերով, իսկ սահմանամերձ մեկ ուրիշ տարածքով՝ Տավուշով, զբաղվում է Թերեզա Մխիթարյանը: Իմ արած ներդրումներից ամենարդյունավետը համարում եմ մանկական նախադպրոցական քոլեջի համար արած ներդրումները, որովհետև մեր քոլեջն ավարտող երեխաները միանգամից կարող են հաճախել 2-րդ, 3-րդ դասարան: 30-ից ավելի աշխատողներ ունենք Արցախում, շատ մարդիկ աշխատանք են ստացել, կարողանում են իրենց ընտանիքները պահել: Արցախում մոտ երկու տարի 12 անապահով և լավ սովորող ուսանողների 100-ական դոլար թոշակ էինք տալիս: Օգնել ենք նաև մանկատանը: Վերջին մի տարվա ընթացքում ես ավելի շատ Հայաստանում եմ,Արցախում, քան՝ դրսում: Ասեմ նաև, որ նոյեմբերին իմ աղջկա հարսանիքը Ղարաբաղում արեցինք, այդ մեծ արարողության համար կարող էինք շատ ուրիշ վայրեր ընտրել, սակայն նախընտրեցինք Արցախը: Ես Արցախն ընտրեցի սրտիս թելադրանքով, հոգուս ձայնով. առաջին անգամ Արցախում եղա երգիչ-երգահան Արթուր Գրիգորյանի հրավերով և սիրահարվեցի Արցախին ու հետագայում որոշեցի իմ ներդրումներն անել հենց այդ հրաշք աշխարհում: Ես հորդորում եմ սփյուռքահայ իմ հայրենակիցներին ներդրումներ անել Հայաստանում՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման, հայ մարդու ապրելակերպի բարեկեցության. սա ևս հայրենասիրության մի յուրօրինակ դրսևորում է: Ներդրումն ինչ-որ տեղ բարեգործություն է, գթասրտություն, որի կարիքը մեր ժողովուրդը շատ ունի»:
Զրուցեց Կարինե Ավագյանը