Պետք է կարողանալ օտար միջավայրում հայկական ու ազգային կյանք ստեղծել

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները շարունակում են արդյունավետ ընթանալ: Այստեղ իրենց մեծ ներդրումն ունեն նաեւ դասընթացները վարող պրոֆեսիոնալ մասնագետները Հայաստանի առաջատար բուհերից: Ասվածի վառ վկայությունը, թերեւս, Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մանկավարժական գիտությունների դոկտոր, մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր տիկին Ջուլիետա Գյուլամիրյանն է, ով սփյուռքահայ ուսուցիչներին դասավանդում է «Մայրենիի ուսուցման առանձնահատկությունները Սփյուռքի դպրոցներում» թեմայի շրջանակներում: Գեղեցիկ, սահուն ու գրագետ խոսքի, մասնագիտական բարձր որակների ու գիտելիքների շնորհիվ տիկին Գյուլամիրյանը կարողացավ լսարանին լարված պահել մինչ դասախոսության ավարտը:

Մասնագետը տեղյակ է Սփյուռքի խնդիրներին, քանի որ իր վաստակն ունի նաեւ տարբեր համայնքների հայապահպանման աշխատանքներում: Դասավանդելով ու վերապատրաստման կուրսեր անցկացնելով Սիրիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Քուվեյթում, Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում եւ այլուր` բաց նյարդով է ընկալել ցանկացած վտանգ ու խնդիր, իր ներածին ուժերի չափով փորձել օգտակար լինել, նվիրվել է ու ապրել իր գործով:

Տիկին Գյուլամիրյանը Սփյուռքի դպրոցներին, այնտեղ սովորող երեխաներին եւ դասավանդող ուսուցիչներին հատուկ մի քանի խնդիրներ ցավով է նշում: «Սփյուռքահայ երեխայի առաջին խնդիրը ես համարում եմ ոչ այնքան սովորելու դժվարությունը, որքան ձեւավորված համոզմունքի առկայությունը: Այսինքն`երեխան արդեն գիտակցում է, որ շաբաթ- կիրակի օրերը իր հանգստի օրերն են, իսկ իրեն ուղարկում են սովորելու, ասել է թե, խախտում են իր իրավունքը: Ցածր դասարաններում այս խնդիրը այնքան ակնառու չէ, որքան բարձր դասարաններում, որտեղ արդեն երեխաները սկսում են հաճախ բացակայել կամ նույնիսկ չգալ»,- նշում է Ջուլիետա Գյուլամիրյանը: Մասնագետը խնդրի լուծումը գիտի եւ այդ բանալին հանձնել է դասընթացների ուսուցիչներին. «Ուսուցիչը  այնքան հետաքրքիր պիտի դարձնի դասը, որ դա ոչ թե սովորական դպրոցի  դաս դառնա, այլ ոսկեղենիկ հայերենի դաս, որ էլ ուրիշ տեղ չի գտնի, ինքնության ու ազգայինի դաս: Երեխան պիտի ոչ միայն դպրոց գա, այլ նաեւ այդ դպրոցի պատերի ներսում տիրող մթնոլորտին կարոտի ու ձգտի, իր հայ ընկերների հետ շփման համար գա: Պիտի օտար կյանքի մեջ մի ուրիշ հայկական ու ազգային կյանք ստեղծել, ապրել դրանով, զգալ դրա գեղեցկությունը: Այդ դեպքում երեխաների մեծամասնությունը ոչ թե պարտավորվածությունից, այլ սեփական ցանկությունից դրդված կգան»,- ասում է վաստակաշատ դասախոսը:

Ուսուցիչների ուսերին մեծ պատասխանատվություն է դրված, որ երբեք հոգսի չպիտի վերածվի: Վերջինիս իրագործման համար տիկին Ջուլիետան ուսուցիչներին հորդորում է ուշադրություն դարձնել իրենց ուսուցանման մեթոդիկայի, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների անմիջականության ու փոխըմբռնման, ծնողների հետ տարվող աշխատանքների ընթացքի վրա: «Երբ ծնողը շահագրգռված չէ հայկական դպրոցի կրթությամբ, ինչ ուզում ես արա, նա երեխային դպրոց չի բերի: Օտար դպրոցին մրցունակ դպրոց է պետք ստեղծել»,- հավելում է դասախոսը: Սակայն խնդիրներն այսքանով չեն սահմանափակվում: Ուսուցիչները ունենում են նոր դասագրքերի, ձեռնարկների կարիք, հաճախ երեխաներն էլ են այս խնդրին բախվում: «Ես տեսել եմ, թե ինչպես մեր գաղթօջախներից մեկում պատճենահանում էին մի հայալեզու գիրք ու հանձնում երեխաներին: Սա լավ է, իհարկե, գործ է արվում, սակայն արդյունավետ չէ, որովհետեւ  երեխան տեսնում է օտարալեզու գեղեցիկ, պատկերազարդ, նրբաճաշակորեն կազմված գրքերը, իսկ ահա իրենը սեւ ու սպիտակ է միայն`աղքատիկ տեսքով: Սա մեռցնում է երեխայի մեջ եղած հետաքրքրությունը, նաեւ վիրավորվում է ազգային արժանապատվությունը, որովհետեւ իր մայրենիի գիրքը նա այլ կերպ է պատկերացնում: Յոթ տարեկան երեխայի ակնկալիքներն այլ են: Փառք Աստծո, հիմա Սփյուռքի նախարարությունը  շատ մեծ գործ է անում հիմնականում «Զանգակ» հրատարակության հետ միասին` հրատարակելով ու տարածելով բազմաթիվ գրքեր: Այդպիսի գործ չէր արվել երբեք»,- նշում է տիկին Գյուլամիրյանը:

Այլ խնդիր է մանկավարժական կադրերի բացը: Ուսուցիչներից շատերը մանկավարժական կրթություն չունեն, եւ ըստ մասնագետի` պիտի ապավինեն ինքնուսուցմանը ու այսպիսի դասընթացներին: Աշխատելով ուսուցիչների հետ` դասախոսը նկատում է, որ աշխատելու տեղ դեռ շատ կա:

Ուսուցիչներից շատերը մտահոգություն են հայտնում, որ համայնքներում հիմնական ուսուցումը կատարվում է արեւմտահայերեն, իսկ վերջին տարիներին հաստատվածների համար այն խորթ է: Այս խնդրի եւ շատ հաճախ երկու ճյուղերի հնարավոր միացման մասին շահարկվող թեմային Տիկին Գյուլամիրյանը հստակ մոտեցում ունի: «Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես դեմ եմ միացմանը, որովհետեւ դրանք մեր երկու գանձերն են, մեր հարստությունն են: Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքներում` Լիբանանում, Սիրիայում, որտեղ ցավոք սրտի ամեն ինչ ավերվեց, մենք հիանալի ու կայացած արեւմտահայերենի դպրոց ունենք: Չկա մի երեխա, որ հայերեն չիմանա ու հայկական դպրոց չգնա: Ինչ խոսք, բացառություններ լինում են, բայց շատ հազվադեպ»,- նշում է մասնագետը: Սակայն խնդրի շատ հետաքրքիր լուծման Տիկին Ջուլիետան հանդիպել է. «Ես Ավստրալիայում՝ Սիդնեյ քաղաքում, հենց Սփյուռքի նախարարության աջակցությամբ եղա: Այտեղ շատ հետաքրքիր լուծված էր այդ հարցը, իրար կողքի նստում էին ե´ւ արեւմտահայերեն սովորողները, ե´ւ արեւելահայերեն սովորողները: Մի ուսուցիչը արեւելահայերենի մասնագետ էր, մյուսը` արեւմտահայերենի, ու այդպես համատեղ անցկացնում էին դասը, գրում ու կարդում միասին: Որեւէ խնդիր չկար»,- պատմում է Տիկին Գյուլամիրյանը:

Ըստ մասնագետի` լուրջ են մեկօրյա դպրոցների խնդիրները, որովհետեւ քիչ են դասաժամերը, եւ հույս ունենալ, որ կարող երեխաները շարունակեն հետագայում էլ հայերենով կրթվել, իրատեսական չէ: Պարզապես պիտի փորձել գոնե մի փոքր հայկական միջավայր ստեղծել, հայ պահել: Ամեն դեպքում՝ գենը զորավոր է եւ ինչ էլ լինի, մի օր կարթնանա: Տիկին Ջուլիետան Արշիլ Գորկու օրինակն է բերում, որ մեծանալով օտար հողում, օտար միջավայրում` մի օր գիտակցել է իր ինքնությունը, հայերեն սովորել: «Պիտի հայկական արժեքները քարոզվեն, դրվեն երեխաների մեջ, այդ դեպքում ձուլումը քիչ կլինի, քիչ կլինեն խառնամուսնությունները, չնայած որ դա, իհարկե, յուրաքանչյուր անձի իրավունքն է»,- նկատում է դասախոսը:

Նա՝ որպես վերջաբան ու խորհուրդ բոլոր սփյուռքահայերին, հորդորում է հարազատ մնալ իրենց արմատներին, ինքնությանը, ազգային արժեքներին, հայ ապրել ու արարել, իսկ այս ամենից առավել տիկին Գյուլամիրյանը խաղաղություն է մաղթում բոլոր հայկական համայնքներում ապրող հայորդիներին:

Ամալյա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Scroll Up