Սիրիահայերի խնդիրներն ուշադրության կենտրոնում են
Ապրիլի 22-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի հետ նախարարության՝ որպես պետական գործընկերոջ, սիրիական հակամարտության արդյունքում տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելու հարցում արդեն ավանդական դարձած համագործակցությանը, առաջիկա փոխգործակցության հեռանկարներին և ուղղություններին: Աննա-Կարին Օստը հետաքրքրվեց նախարարության հետագա կարգավիճակի և այդ դեպքում համատեղ աշխատանքերի ընթացի մասին: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ նախարարությունը վերակազմավորվում է, և վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ, որն առավելապես համակարգման գործառույթ է ունենալու մյուս նախարարությունների, գերատեսչությունների՝ սփյուռքի գծով աշխատանքներում: Գրասենյակը ծրագրեր չի իրականացնելու, սակայն վստահաբար առկա համագործակցությունը կշարունակվի նաև այդ ձևաչափում:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ընդգծեց՝ ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակելու է աջակցել կառավարությանը երկրում սիրիահայերի, փախստականների կարգավիճակ ունեցող անձանց իրավական, սոցիալ-տնտեսական և մշակութային ինտեգրման դյուրինացմանը: Այդ ուղղությամբ հայաստանյան գրասենյակը ինտեգրման և ինքնաբավ կենսակերպ վարելու բարելավման համար ապահովում է կրթական լայն հնարավորություններ, կազմակերպում լեզվական խոչընդոտները հաղթահարելուն միտված դասընթացներ, մասնագիտական կուրսեր՝ զուգորդված աշխատանքային շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ գործիքների տրամադրմամբ:
Այս առումով երկուստեք կարևորվեց տեղեկատվության հասանելիության, մատչելիության ապահովումը: Սակայն այսօր էլ Հայաստանում հաստատված սիրիահայերի մի մասը շարունակում է ունենալ առողջապահական և բնակարանային ապահովվածության խնդիրներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցությունը շարունակել նաև այս ուղղությամբ:
Հանդիպման ավարտին խոսվեց Հայաստան եկած սիրիահայերի վերաբերյալ հստակ վիճակագրության անհրաժեշտության մասին, որտեղ համադրված կլինեն տարբեր օղակների կողմից վերցված և համեմատված տվյալները: Բաբկեն Տեր Գրիգորյանը կարևորեց նման վիճակագրության կազմումը և աջակցության պատրաստակամություն հայտնեց: