Միսաք Մանուշյանը «գրանցվեց» Երևանում
Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը երբեք մոռացված չի եղել: Հայաստանում հաճախ են հիշել այս հայորդուն, որն իր կյանքը տվեց Ֆրանսիայի համար: Մեզ մոտ դպրոցներ ու փողոցներ են անվանակոչվել, մեր հիշողության ու խոնարհման մատյաններում Միսաք Մանուշյանը եղել է մշտաներկա գոյություն: Երևանում նրա անունը մեկ անգամ ևս անմահացավ՝ այժմ մայրաքաղաքի կարևորագույն պուրակներից մեկին տալով նրա անունը: Մաշտոցի պողոտայի վրա գտնվող պուրակը երիտասարդական հուզումների, քաղաքացիական հասարակության կայացման ուրույն հանգրվաններից մեկն է դարձել, ուստի գուցեև պատահական չէր, որ հենց այս գողտրիկ անկյունն էր ընտրվել հերոսի անմահացման նոր փաստը հաստատելու համար, որին ներկա էին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը:
Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թ. Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում։ Այս ընտանիքն էլ իր վրա է կրել մեր ժողովրդի դաժան ճակատագրի բոլոր անդրադարձները, ապրել Ցեղասպանության սարսափն ու կորուստները: Միսաք Մանուշյանի հայրը զոհվել է 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ, մայրը՝ գաղթի ճանապարհին։ Բախտի քմահաճույքին են մատնվել Միսաքն ու եղբայրը, որոնք հայտնվել են Սիրիայում, որը նոր հայրենիք դարձավ հազարավոր հայերի համար: Մի որոշ շրջան ապրելով Սիրիայում՝ եղբայրները 1920 թվականին դառնում են Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ: Տասնիննամյա Միսաքը եղբոր հետ 1925 թվականին տեղափոխվում է Ֆրանսիա, բնակություն հաստատում սկզբում Մարսելում, ապա տեղափոխվում Փարիզ, որը շատերին էր ձգում ու կանչում: Հայտնվելով Փարիզում, վայելելով քաղաքակրթության կենտրոններից մեկի հրապույրները՝ Միսաք Մանուշյանն իրեն նվիրում է գրականությանը՝ բացահայտելով բանաստեղծելու կիրքն ու ոգորումը:
Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,
Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,
Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,
Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր…
Սա երիտասարդ բանաստեղծի առաջին ստեղծագործություններից մեկն էր, որն անմիջապես իր վրա է սևեռում գրասեր հանրության ուշադրությունը: 1930 թվականից Միսաք Մանուշյանը Ա . Սեմայի հետ հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը։ Այս հանդեսը որոշակի ներդրում ունեցավ սփյուռքահայ գրականության ձևավորման մեջ, նպաստեց ֆրանսահայ երիտասարդների գրական ձիրքերի բացահայտմանը: Հենց այս հանդեսում են տպագրվում նաև Մանուշյանի բանաստեղծությունները, որոնցում առ հայրենին պարփակված կարոտ ու սեր կար.
Լեռներու կրծքեն կ‘երկարին մինչ գյուղ,
Հորիզոնի գաղջ կանանչը գըծող
Ճերմակ ճամփաներ… ու զերդ ծով անծիր,
Դաշտեր ծոցվորված ու դաշտեր կարմիր։
Բռներ եմ գյուղի ոլոր ծառուղին.
— Արևն ուսերուս որպես ծիրանի,
Շրթներուս դողդոջ՝ հին երգ մ‘արորի,—
Կ‘երթամ սիրտս հանձնել լեռներու սրտին…
Օրվա հացը վաստակելու նպատակով Միսաք Մանուշյանն աշխատում է Սիթրոեն գործարանում, իսկ աշխատանքից հետո նվիրվում գրականությանը: 1937 թվականից թողարկում է «Զանգու» շաբաթաթերթը, գրում բանաստեղծություններ։ 1935 թվականից դառնում է ՀՕԿ-ի, իսկ 1937-ից՝ կենտրոնական վարչության անդամ։ Կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ երեսուն հարձակում է գործում գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում, իսկ երեք ամիս անց՝ 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին, մահապատժի ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը։ Գնդակահարությունից առաջ Միսաք Մանուշյանը գրել է կնոջը. «Հիմա մեռնում եմ ընկերներիս հետ՝ արիաբար և մի մարդու գիտակցությամբ, որի խիղճը հանգիստ է, քանզի ոչ ոքի չարիք չեմ պատճառել: Ես կամավոր եմ մտել Ազատագրական պայքարի բանակի շարքերը և մեռնում եմ հաղթանակի շեմին»…
Լևոն Մութաֆյան