Բաբկեն Տեր Գրիգորյանն այցելեց Հայաստանի Մխիթարյան կենտրոն

Ապրիլի 15-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն այցելեց Հայաստանի Մխիթարյան կենտրոն: Դեռևս անցած շաբաթ նախարարի պաշտոնակատարն ընդունեց կենտրոնի տնօրինությանը, քննարկվեցին առկա խնդիրներն ու լուծման ճանապարհները, Տեր Գրիգորյանը կենտրոն այցելության հրավեր ստացավ:

Այսօր արդեն նախարարի պաշտոնակատարը շրջայց կատարեց Ժառանգավորաց դպրոցում, կենտրոնի մատուռում և գրադարանում, ականատես եղավ դասապրոցեսին, կարճ զրույցներ ունեցավ սաների հետ, դպրոցի գրադարանին գրքեր նվիրեց:

Այնուհետև դպրոցի սաները հյուրերին ներկայացրին փոքրիկ միջոցառում, ասմունքեցին, հանդես եկան պարային և դաշնամուրային կատարումներով:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց. «Այն, ինչ տեսա այստեղ, ինձ շատ ուրախացրեց: Ես էլ տարիներ առաջ եղել եմ Մխիթարյան դպրոցի սան, և ոգևորիչ է, որ նույն ավանդույթները, դաստիարակությունը շարունակվում են հայրենի հողի վրա: Վստահաբար մենք մեր համագործակցությունը կշարունակենք»:

Այցի շրջանակներում նախարարի պաշտոնակատարը հանդիպեց նաև կենտրոնում գտնվող Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանի հետ: Զրույցը ծավալվեց միաբանության կողմից ձեռնարկված Հայոց ցեղասպանությանը նախորդած և հաջորդած ժամանակաշրջաններում ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներին առնչվող 10 հատորանոց անգլերեն մատենաշարի հրատարկության շուրջ, որն ընդգրկելու է վեց առաջատար ամերիկյան թերթերը՝ «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post»-ը: Մատենաշարի մի մասն արդեն հրատարակվել է, հատորներում ներկայացված 2666 հոդվածներում անդրադարձ է կատարվում 1894-1896 թթ․ համիդյան կոտորածներին, Ադանայի կոտորածին, Հայոց ցեղասպանությանը և այդ կոտորածների անմիջական հետևանքներին:

Scroll Up