«Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոն
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 24-ից 29-ը ՀՀ սփյուռքի նախարարությունը իրականացնում է «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը: Փառատոնի նպատակներն ու խնդիրներն են` սփյուռքում հայ մշակույթի և մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը, կոմիտասյան արվեստը հանրահռչակելը, մշակույթի միջոցով հայոց պահանջատիրության մասին բարձրաձայնելը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, համագործակցության նոր ձևաչափերի ձևավորմանն աջակցելը, Հայաստանի և Սփյուռքի ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը սատարելը, մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը, Սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարելը, ազգային մշակույթի պահպանության գործին Սփյուռքի ստեղծագործող երիտասարդությանը ներգրավելը, համահայկական մշակութային ծրագրերի համատեղ մշակման և իրականացման մեխանիզմներ ստեղծելը, Սփյուռքի ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվական տվյալների շտեմարան ստեղծելը` նպաստելով նրանց գործունեության վերաբերյալ Հայաստանում տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը:
Փառատոնին կարող են մասնակցել սփյուռքյան երգչախմբեր, երաժշտախմբեր ու անհատ կատարողներ:
ՀՀ սփյուռքի նախարարությունը «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի շրջանակներում պատրաստ է հոգալու որոշ մասնակիցների (ովքեր ունեն կեցության կարիք) սննդի և կեցության ծախսերը (հնարավոր է, որ գիշերակացը ապահովվի 3-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային, հոսթելային սենյակներում՝ 3 օր), տրամադրելու համապատասխան դահլիճներ, ապահովելու փոխադրամիջոցներով և տեխնիկական անհրաժեշտ միջոցներով, իրականացնելու միջոցառումների կազմակերպչական աշխատանքները:
Փառատոնին իրենց մասնակցությունը կբերեն նաև ճանաչված կոլեկտիվներ և անհատներ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից:
ՀՀ սփյուռքի նախարարությունը պատրաստ է աջակցել նաև ՀՀ մուտքի արտոնագրի անվճար ձեռքբերման հարցում: Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք տեղեկացնել ժամանումից առնվազն 1 ամիս առաջ:
Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտաձևերը և ուղարկել imhayastan.paraton@yahoo.com էլեկտրոնային հասցեին:
Մասնակից խմբերը և անհատները պետք է ներկայացնեն մինչև 20 րոպե տևողությամբ համերգային ծրագիր (2-5 համար), վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ելույթների տեսագրություն, բուկլետ, նկարներ, ցուցապաստառ և այլն: Ծրագրում կարող են ընգրկված լինել ինչպես Կոմիտասի, այնպես էլ հայ ճանաչված կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կարա-Մուրզա, Մակար Եկմալյան, Արմեն Տիգրանյան, Տիգրան Չուխաջյան, Արամ Խաչատրյան, Տիգրան Մանսուրյան, Ստեփան Շաքարյան, Ռոբերտ Ամիրխանյան և այլն):
Տվյալ խմբի կամ անհատի մասնակցությունը երաշխավորվում է, եթե նրա կողմից ներկայացված հայտը ստացվել է մինչև 2017 թ.մայիսի 1-ը:
Սիրելի՛ հայրենակիցներ, համայնքային բոլոր երգչախմբերին, երաժշտախմբերին և անհատ կատարողներին կոչ ենք անում միանալ մշակութային այս շարժմանը և դառնալ հայրենիքում կազմակերպվող համահայկական փառատոնի մասնակիցը, նպաստել համահայկական մշակութային փոխգործակցությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը համակարգող աշխատակազմի գրասենյակ (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, էլ. փոստի հասցե՝ imhayastan.paraton@yahoo.com, հեռ.՝ (+374) 11730721 կամ այցելելimhayastan.am կայքէջը:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը
համակարգող աշխատակազմ