«Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում Հայրենիքում գտնվող երեք պարախմբեր հանդես եկան համերգով

Հուլիսի 21-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի մասնաճյուղի նախաձեռնությամբ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում Հայրենիքում գտնվող երեք պարախմբերի համատեղ համերգը:
Հայկական ազգային պարերի կատարումներով հանդես եկան Համազգային հայ կրթական և մշակութային միության Ֆիլադելֆիայի «Մեղրի» և Նյու Ջերսիի «Նաիրի» պարախումբերը (գեղարվեստական ղեկավար Գագիկ Մխիթարյան, պարուսույց Պարգև Սանոսյան), Բեյրութի «Քնար» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար Սեպուհ Անթափլյան, տնօրեն՝ Րաֆֆի Աֆարյան, Պարուսույցնեչ՝ Հովհաննես և Գարիկ Խաչիկյաններ):
«Մեղրի» և «Նաիրի» պարախմբերն իրենց համերգը նվիրեցին վաղամեռիկ պարուսույց Թովմաս Յարությունյանի հիշատակին և հանդես եկան նրա բեմադրած պարերով։
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա բարձր գնահատեց Համազգային հայ կրթական և մշակութային միության դերակատարությունը Սփյուռքի հայապահպանության գործում, այն բացառիկ նվիրումն ու ահռելի աշխատանքը, որ իրականացնում է հարուստ կենսագրություն ունեցող կառույցը աշխարհի բոլոր հորիզոնականներում: Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, մասնակիցներին, բոլոր այն նվիրյալներին ում ջանքերի շնորհիվ Սփյուռքում ստեղծվում ու գործում են նման հրաշալի խմբեր:
Նյու Ջերսիի «Նաիրի» պարախմբի ութամյա կատարող, Գևորգ Չաուշի շառավիղ Զահրատին Սփյուռքի նախարարի տեղակալը նվիրեց հայոց բանակի զինվորի համազգեստ:
Ներկաներին ողջունեց Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը՝ կարևորելով Հայրենիքի տարբեր բեմահարթակներում կազմակերպվող սփյուռքյան խմբերի համերգները և պարարվեստի դերը Սփյուռքի հայապահպանության գործում: