Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես Ալմելոյում
Մարտի 12-ին Ալմելոյի կենտրոնական գրադարանում բացվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես, որը բաց կլինի մինչև մարտի 21-ը: Այնուհետև նախատեսվում է ցուցահանդեսի շրջագայություն Նիդերլանդների Հենգելո, Oլդենզալ և Ամստերդամ քաղաքներում, այս մասին Ալմելոյից «Հայերն այսօրին» տեղեկացնում է Մանուկ Մկրտչյանը:
Ցուցահանդեսի բացումը կազմակերպել էր «1915 թվական Կոմիտեն» Ռոբին Հայկ Գելիջի Ներսիսյանի նախաձեռնությամբ, ով նաև Ալմելոյի քաղաքապետարանի խորհրդի անդամ է և ներկայացնում է Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Նիդերլանդների խորհրդարանի Քրիստոնեական Միություն(CU) կուսակցության նախագահ Արիե Սլոբը, Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, քաղաքապետարանի խորհրդի անդամներ, հայկական և հոլանդական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, Ասորական համայնքի ներկայացուցիչներ, գրողներ, պատմաբաններ և բազմաթիվ հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ Ռոբին Հայկ Գելիջի Ներսիսյանը:
Այնուհետև ելույթ ունեցավ Քրիստոնեական Միություն կուսակցության նախագահ Արիե Սլոբը, ով կարևորեց Հայոց ցեղասպանության ճանաչումը և ողջունեց Հայ և Ասորի համայնքների համագործակցությունը պահանջատիրության հարցում:
Ելույթներ ունեցան նաև դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ալմելոյի կիրակնօրյա դպրոցի սաները, ովքեր թարգմանաբար ընթերցեցին Ցեղասպանության վերաբերյալ հայ գրողների բանաստեղծությունները:
Հայ դատի անունից ելույթ ունեցավ Մինաս Արսենյանը: Ասորական համայնքից ելույթներ ունեցան «Անցյալի արձագանքներ» գրքի հեղինակ Կայա Քիրիկը և Քրիստոնյա Դեմոկրատական կուսակցության անդամ Սուսան Ֆալ-Տակակը:
Հավելենք որ, նախքան ցուցահանդեսի բացումը Արիե Սլոբի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև տեղի ունեցավ առանձնազրույց Եկեղեցու վարչության նախագահ Օննիկ Գելիջիի և հայկական մյուս կառույցների ներկայացուցիչների հետ:
Հայ Դատի կողմից Մինաս Արսենյանը Ցեղասպանության վերաբերյալ գիրք նվիրեց հյուրին: Արիե Սլոբը խոստացավ, որ ապրիլի 24-ին գնալու է Երևան՝ հարգանքի տուրք մատուցելու Ծիծեռնակաբերդում: Նա նաև նշեց որ, նամակով դիմել է վարչապետին՝ հորդորելով գնալ Երևան: