Այսօր Թեհրանում կմեկնարկի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկների շարքը

Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրի, Իրանահայ ազգային եւ մշակութային միության, Նարմաք եւ Մաջիդիե քաղաքամասերի Աշխարհատեսների հայկական կենտրոնների եւ «Արաքս» շաբաթաթերթի համատեղ նախաձեռնությամբ, այսօր՝ հուլիսի 23-ի երեկոյան, մեկնարկելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ձեռնարկների շարքը, որը նախատեսվում է իրականացնել տարվա ողջ ընթացքում:

Այս շարքի առաջին եւ երկրորդ ձեռնարկները լինելու են բանախոսական երեկոներ՝ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի բանախոսությամբ.

Առաջինը՝ այսօր, հուլիսի 23-ին, երեկոյան ժամը 8-ին, Իրանահայ ազգային եւ մշակութային միության կենտրոնատեղիում,

Երկրորդը՝ ուրբաթ, հուլիսի 25-ին, երեկոյան ժամը 7:30-ին, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Սայաթ Նովա» սրահում:

Հանձնախումբը հանուն ազգային միասնականության, տարվա ընթացքում կայացող իր բոլոր ձեռնարկների համար օգտագործելու է 100-ամյակի Կենտրոնական հանձնախմբի կողմից ընդունված լոգոն եւ որմազդերը:

Տիրան Լոքմագյոզյանը ծնվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Գերմանիայում, ավարտել է տեխնիկական ուսումնարան, զուգահեռ կատարել է իր առաջին երաժշտական քայլերը, հայազգի հայտնի ջութակահար ու երգահան Լուդվիգ Բազիլի մոտ: 1989-ին ավարտել է Ստամբուլի համալսարանի պետական երաժշտանոցը: 1990-92 թթ. կատարելագործվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական երաժշտանոցում:

1990-ից աշխատում է Երեւանի գրականության եւ արվեստի թանգարանում գտնվող Կոմիտասի ձեռագրերի վրա: Կոմիտասի մասին կարդացել է բազմաթիվ դասախոսություններ եւ տպագրել հոդվածներ տարբեր հանդեսներում: Այժմ պատրաստել է տպագրության նյութեր Կոմիտասի գերմաներեն եւ թուրքերեն երաժշտական ժառանգության վերաբերյալ:

Համահեղինակ է թուրքերեն լեզվի դասագրքի՝ սահմանված բուհերի համար: Բազմաթիվ թուրքագիտական սեմինարներ է անցկացրել Հայաստանի բուհերում: Ունի բազում թարգմանություններ հայերեն-թուրքերեն-գերմաներենի միջեւ: Հանդես է գալիս մամուլում հոդվածներով՝ մշակութային եւ քաղաքագիտական, մասնավորապես թուրքագիտական թեմաներով:

1998-2008 թթ. գրել է Հրանդ Դինքի «Ակօս» շաբաթաթերթում եւ հանդիսացել որպես «Ակօս»-ի Հայաստանի ներկայացուցիչ:

2008-ից Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնում դասավանդում է թուրքերեն լեզու:

2013 թվականից ունի հեղինակային հաղորդում «Impuls Radio 106.5»-ում Թուրքիայի մասին՝ «Կիսալուսնի վերջամուտը» վերնագրով:

Հեղինակն է Կոմիտաս վարդապետի մասին թուրքերեն լեզվով հրատարակված առաջին կենսագրական գրքի:

«Արաքս» շաբաթաթերթ

 unnamed (4) unnamed (5)

Scroll Up