Ֆրանսիայի հայ համայնքն Al Jazeera-ին է ներկայացրել Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ քայլերը

Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ հայկական կողմի նախապատրաստական աշխատանքները շարունակում են պաշտոնական Անկարայի ուշադրության կենտրոնում գտնվել: Այս առումով թուրքական կողմին հատկապես մտահոգում են տարբեր երկրներում գտնվող հայկական սփյուռքի կառույցների գործունեությունն ու նախապատրաստությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, Al Jazeera լրատվական գործակալության թուրքական բաժնի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուն այս հարցերի շուրջ խոսել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի ու 2015 թվականին ընդառաջ հարցերով զբաղվող կոմիտեի նախագահ Ալեքսիս Գյովջյանի հետ:

Փափազյանը լրագրողին հայտնել է, որ 2015 թվականի նախապատրաստությունների շրջանակներում շարունակելու է լինել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն օրակարգ բերելու հարցը` ընդգծելով, որ նման խոստում է տվել Օլանդի կառավարությունը: «2014 թվականի ընթացքում օրենքն այլ ձևաչափով կրկին կներկայացվի»,- ասել է նա` հիշեցնելով, որ նախագիծը քաղաքական պատճառներով ու թուրքական ճնշման արդյունքում հետ էր վերադարձվել:

Փափազյանը խոսել է 2015 թվականին ընդառաջ Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքեր հրատարակելու ու տարբեր համալսարաններում 1915 թվականի մասին դասախոսություններ կարդալու մտադրության մասին: Միաժամանակ նա հայտնել է, որ Ցեղասպանության մասին մեծ բյուջեով ֆիլմ է նկարահանվելու` չբացահայտելով դրա սցենարը, ռեժիսորներին ու դերասաններին:

Փափազյանի հավաստիացմամբ` 2015 թվականին կարող են նյութական և տարածքային պահանջներ ներկայացվել Թուրքիային: Բացի այդ` Ֆրանսիայի հայկական համայնքը մարտին կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան` կապված Դողու Փերինչեքի գործով հայցը բավարարելու հետ:

Անդրադառնալով Երևանում Դավութօղլուի կատարած հայտարարություններին` Փափազյանը նշել է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց զատ, այլ ճանապարհ չունի: Հիշեցնելով, որ թուրքական կողմը կրկին փորձելու է պատմաբանների հանձնաժողովում հարցը քննարկելու միտքը բերել օրակարգ՝ նա ասել է, որ հայկական սփյուռքը ծայրաստիճան կազմակերպված կառույց է: «Մենք պատրաստ ենք խոսել Թուրքիայի հետ, սակայն նախ և առաջ Թուրքիան պետք է հրաժարվի ժխտողական քաղաքականությունից, ճանաչի Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցում վճարի»,- ասել է նա:

Իր հերթին Ալեքսիս Գյովջյանն ասել է, որ իրենք թուրք ժողովրդին մեղադրելու մտադրություն ամենևին էլ չունեն: «Թուրքիան, չկարողանալով առերեսվել սեփական պատմությանը, տեղի ունեցած իրադարձությունները թուրք ժողովրդին սխալ կերպ է ներկայացրել:

Թուրքիան պետք է առերեսվի Ցեղասպանությանն ու սեփական պատմությանը: Ինչպես գերմանացիները հրեաներին, այնպես էլ Թուրքիան պետք է փոխհատուցում վճարի»,- ասել է Գյովջյանը: Անդրադառնալով Երևանում Դավութօղլուի արած հայտարարություններին` նա նշել է. «Ցեղասպանությունից բացի` այլ ձևակերպում չենք ընդունում: 1.5 միլիոն հայերի գերեզմանները մեր սրտերում են թաղված»:

http://armenpress.am/

Scroll Up