Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վրդ. Հովակիմյանը, Բուլղարիայի նախկին  վարչապետ Ռենետա Ինջովան, ՀԸԲՄ ատենապետ Սոնյա Ավագյանը,  բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ զետեղեցին Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Տեր Աբգար վարդապետ Հովակիմյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն, որից հետո ելույթով հանդես եկավ դեսպան Սհոյանը, ով մասնավորապես դատապարտելով թուրքական ժխտողականության,  իրական փաստերը խեղաթյուրելու և նենգափոխելու քաղաքականությունը՝ շեշտեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը՝ ապագայում մարդկության դեմ հանցանքները բացառելու նպատակով: ՀՀ դեսպանը  ընդգծեց  վերջերս Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հայտարարությունների  ընդունման կարևորությունը Բուլղարիայի չորս քաղաքների համայնքային խորհուրդների կողմից:

Հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Բուլղարիայի բոլոր հայաշատ քաղաքներում` Վառնայում, Պլովդիվում, Ռուսեում, Բուրգասում, Դոբրիչում և Սլիվենում,- տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Scroll Up