2015-ը սիրիահայերը դիմավորեցին Հայրենիքում
«Թո՛ղ 2015-ը հռչակվի սիրո և խաղաղության տարի». Հրաչ Ղազարյան
Ճակատագրի բերումով շատ սիրիահայեր արդեն մի քանի տարի է, ինչ Ամանորն ու Սուրբ ծննդյան տոնը նշում են Հայրենիքում: «Հայերն այսօր»-ի թղթակիցը հանդիպել է սիրիահայ Ղազարյանների ընտանիքին. ստորև ներկայացնում ենք այդ ընտանիքի հետ ունեցած մեր թղթակցի հարցազրույցը:
– Պարո՛ն Ղազարյան, շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առիթով` մաղթելով քաջառողջություն, երջանկություն Ձեր ընտանիքին և խաղաղության վերահաստատում Սիրիայում:
– Շնորհակալությո՛ւն: Այո՛, շատ կարևոր է, որ ամբողջ աշխարհում և մեր ծննդավայր Հալեպում խաղաղություն տիրի. թո՛ղ 2015-ը հռչակվի սիրո և խաղաղության տարի:
– Որքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում եք:
– Չորս ամիս է, ինչ ընտանիքով Հայաստան ենք եկել: Երկու զավակ ունեմ` տղա և աղջիկ. տղաս` Հակոբը, պետհամալսարանում է սովորում, իսկ աղջիկս` Աստղիկը, Հալեպում է բարձրագույն կրթություն ստացել, այստեղ էլ վարսավիրություն է սովորել և աշխատում է: Հայաստանում մեզ շատ ջերմությամբ դիմավորեցին, իսկ դա շատ կարևոր է պատերազմի թոհուբոհում տունն ու տեղը, գործը թողած և Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր սիրիահայի համար:
– Պարո՛ն Հրաչ, պատերազմից առաջ երբևէ մտածե՞լ էիք Հայաստան տեղափոխվելու մասին:
– Շիտակ պիտի ըսեմ, որ պատերա՛զմը դարձավ Հայաստան տեղափոխվելու պատճառը: Հալեպում գործս շատ լավ էր, լավ փող կշահեի, և ընտանիքս ոչ մի բանի կարիք չուներ: Տունս, խանութենրս, գործս ձգեր եմ. փա՛ռք Աստծո, դեռ վնասված չեն ո՛չ տունս, ո՛չ ալ խանութներս:
– Պարո՛ն Ղազարյան, ո՞ւր են հասնում Ձեր կարոտի սահմանները…
– Մինչև իմ նախնյաց երկիրը` Պատմական Հայաստան, մինչև Սիրիա` Հալեպ, մինչև Հալեպի իմ հարազատ Նոր գյուղ թաղամաս, մինչև մեր տուն… Մե՜ծ է կարոտս:
– Մե՞ծ է արդյոք Երևանում և Հալեպում ամանորյա տոնակատարության, տոնական սեղանների պատրաստման տարբերությունը:
– Ոչ այնքան. ուղղակի այստեղ տոնական սեղաններն քիչ մը ավելի առատ են, իսկ կերակրատեսակների մասին կինս` Անիտա Ջենանյանը կասի…
– Դե, ինչպես պարոն Հրաչն ասաց` տոնական սեղանի պատրաստության մասին կխոսեք Դուք, տիկի՛ն Անիտա… Ինչպիսի՞ն են սիրիահայերի տոնական սեղանները, ի՞նչ ուտեստներ, խմորեղեն եք պատրաստում:
– Այո՛, Հրաչը ճիշտ ըսավ. դա ավելի շատ իմ «տարածքն» է: Պիտի ասեմ, որ սիրիահայերի և հայաստանաբնակների ուտեստները շատ չեն տարբերվում, պարզապես մենք ավելի շատ և տարատեսակ ուտելիքներ, յուրահատուկ խմորեղեն ենք պատրաստում: Խանութներից խմորեղեն չենք գնում. ինքներս ենք պատրաստում` փախլավա, քյունաֆա, ղուրաբիա, թուլումբա, սարը բուրմա… Խմորեղենի մեջ շատ ենք գործածում չիր, չամիչ, ընկույզ, մեղր, կաթի սեր, անարատ յուղ, դարչին: Փա՛ռք Աստծո, Հայաստանում էլ լավ դիմավորեցինք Ամանորը, միայն մեր հարազատների պակասն էինք զգում: Ծնողքս, եղբայրներս հոս են, սակայն շատ հարազատներ, մտերիմներ մնացել են Հալեպում:
– Տիկի՛ն Անիտա, ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:
– Մեր ապահովությունն է Հայրենիքը:
– Պարո՛ն Հրաչ, Դուք ինչպե՞ս կձևակերպեք Հայրենիք հասկացությունը:
– Մեր նեղ ատենը Հայրենիքը մեզի փրկեց. հարազատ օթևան է Հայրենիքը: Փա՛ռք Աստծո, ապահով ենք, ապրում ենք Արցախի փողոցում վարձակալած մի բնակարանում, զավակներս սովորում և աշխատում են, հաղթահարել ենք խոսակցական արևելահայերենի հետ ունեցած խնդիրները. աղջիկս ասում է, որ իր աշխատավայրում գործընկերները նույնիսկ փորձում են խոսել արևմտա-հայերենով: Ամեն ինչ լավ է, միայն թե աշխատանք ունենամ, սեփական տուն ձեռք բերենք: Հուսամ, որ 2015-ն այդ առումով գոհացուցիչ կըլլա:
– Օդանավակայանում Մայր հողին ոտք դնելիս ի՞նչ զգացում ունեցաք, պարո՛ն Ղազարյան:
– Շնչեցի մաքուր օդը, նայեցի կապույտ ու խաղաղ երկքնին, հեռվում փռված քաղաքի համայնապատկերին և … անսահման հուզվեցի. ես Հայրենիքումս էի:
Կարինե Ավագյան