«Աշխարհում մերը և միակը միայն Հայաստանն է». Հարութ Թոքատլյան
«Հայաստանը մեր Հայրենիքն է, իսկ Սիրիան՝ Մայրենիքը». Զարմինե Թոքատլյան-Մինասյան
Սիրիան դեռևս ծխի մեջ է, օրեցօր ավելանում են ավերված շենքերն ու շինությունները, չի նվազում զոհերի թիվը: Հայրենիքում հանգրվանած սիրիահայերից շատերն այնտեղ են թողել իրենց տները, խանութները՝ չհասցնելով դրանք վաճառել և այդ գումարով բնակարան գնել Հայաստանում: Գուցե չեն էլ պատկերացրել ծննդավայրում ծավալված պատերազամական գործողությունների երկարատևությունն ու այդչափ լրջությունը և մտածել են, որ շուտով կավարտվի այդ մղձավանջն, ու իրենք տուն կվերադառնան, տեր կկանգնեն հայկական մշակութային, հոգևոր արժեքներին, իրենց տներին, կայքին ու գործատեղիներին: Եվ, այնուամենայինվ, պետք էր ապրել, շարունակել կյանքը Հայրենիքում, աշխատանք գտնել, տանիք ունենալ: Մեր պետության ու կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության նյութական ու բարոյական աջակցությամբ շատ սիրիահայեր աշխատանք գտան, բնակարաններ վարձակալեցին, հումանիտար օգնություններ ստացան, կամաց-կամաց ինտեգրվեցին հասարակական կյանքին, նոր միջավայրին ու նոր կենցաղին, իհարկե, հույսով ու հավատով սպասելով սիրելի ծննդավայրի ազատագրմանն ու խաղաղության վերահաստատմանը: ՀՀ սփյուռքի նախարարությունն ու «Սիրիահայերի հիմնախնդիրները կարգավորող կենտրոնը» մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահում մեր հայրենակիցների հոգսերի ու տարաբնույթ խնդիրների լուծման հնարավոր ճանապարհների հարցը:
…Ինձ հանդիպած հայրենադարձներից շատերը վաղուց արդեն հարմարվել են նոր միջավայրին, աշխատանք գտել, ոմանք տուն են կառուցել կամ բնակարան են գնել, մյուսներն էլ դեռևս ապրում են վարձակալությամբ: Բազմաշնորհ սիրիահայերը՝ գիտնականներ, բժիշկներ, ուսուցիչներ, գրողներ, երաժիշտներ, ոսկերիչներ, ձեռքի աշխատանքի հմուտ վարպետներ, խոհարարներ, դարբիններ, իրենց սեփական բիզնեսն են հիմնել Հայաստանում, բացել ռեստորաններ, սրճարաններ ու խանութներ, սեփական կլինիկաներ: Օրերս այցելեցի Պարոնյան 20 հասցեում տեղակայված «Հավի՝ Հալեպի ճաշատեսակներ» խանութ, որի մասին շատ էի լսել: Խանութի տերերը՝ տիկին Զարմինեն և պարոն Հարութն, ինձ դիմավորեցին երկհարկանի փոքրիկ խանութի 2-րդ հարկի՝ պարտեզի նմանվող գեղեցիկ պատշգամբից: Պարոն Հարութի՝ տիպիկ արևմտահայի բարի, խաղաղ հայացքով, ժպտուն կերպարն, անշուշտ, խանութի՝ ավելի շատ հաճախորդներ ունենալու լավագույն գրավականն է, իսկ թե ինչպես էին տիկին Զարմինեն ու պարոն Հարութը սիրով սպասարկում հաճախորդներին, տեսնել է պետք: Փոքր-ինչ կտրելով աշխատանքից՝ փորձեցի պարզել նրանց՝ Հայրենիքում մշտապես ապրելու մտադրությունները, լսելու նրանց ունեցած հոգսերի, խնդիրների մասին, որոնք կիսում եմ մեր՝ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի հազարավոր ընթերցողների հետ:
Զարմինե Թոքատլյան-Մինասյան – Երեք տարի է, ինչ Երևանում ենք, աշխատում ենք հարմարվել նոր միջավայրին, նոր պայմաններին: Այս խանո՛ւթն է մեր եկամտի աղբյուրը: Բացի ինձնից և ամուսնուցս, երբեմն մեզ հետ աշխատում, օգնում են մեր ազգականները: Ունենք մշտական հաճախորդներ, որոնց առկայությունը պայմանավորված է ապրանքի որակով և բազմատեսակ ուտեստներով. ամեն ինչի թարմն ու լավն ենք օգտագործում՝ կիսաֆաբրիկատներ պատրաստելիս: Սիրիահայերը շատ շնորհալի են. կանայք գիտեն գործել, կարել, ասեղնագործել, հրաշալի տանտիրուհիներ են, օրինակելի մայրեր, շատ համեղ ուտեստներ ու խմորեղեն են պատրաստում իրենց ընտանիքի համար, տղամարդիկ արհեստավորներ են, խոհարարներ, առևտրականներ, լավ ամուսիններ ու լավ հայրեր: Մի անգամ ցուցահանդես վաճառքի էի մասնակցում Երևանում (Ձեզ այնտեղ եմ տեսել, նոր հիշեցի), տեղացի մի տղամարդ մոտեցավ ու հարցրեց. «Դուք՝ սիրիահայերդ, ամենքդ առևտուր եք անում, ուտելիք եք պատրաստում, դուք գիտնականներ, բժիշկներ, ուրիշ մասնագետներ չունե՞ք…»:
Զարմացած նայեցի այդ մարդուն և ասացի՝ ինչո՞ւ չունենք: Շատ վիրավորվեցի: Մենք ամեն ինչ ունեինք և ունենք՝ բժիշկներ, գիտնականներ, ճարտարագետներ, ուսուցիչներ, գրողներ, երգիչ-երաժիշտներ: Հե՛նց իմ եղբայրը՝ մասնագիտությամբ ճարտարագետ Մհեր Մինասյանը, աշուղական երգի մեկնաբան էր Հալեպում, նա մշակել է իր ձայնը, երգել, հավաքել հայկական հին երգեր: Նոր է եկել Հայաստան, սակայն պետք է գնա Կանադա: Իմ ամուսինը սկզբում ոսկերիչ է եղել, հետագայում փոխել է աշխատանքի բնույթը: Ոսկեձեռիկ վարպետներ շատ ենք ունեցել և այսօր էլ, փառք Աստծո, ունենք:
Մարդուն ամենից առավել ճանաչում են նրա գործերով. մենք դեռևս Հալեպում ունեինք նման գործատեղի, մեզ բոլորը ճանաչում էին, ամեն ինչ լավ էր ընթանում, ապրուստի մասին հոգալը ծանր խնդիր չէր, ինչպես այստեղ: Սակայն Հայաստանում՝ Երևանում էլ կա ա՛յն ամենը, ինչի պակասն ունեինք Սիրիայում. այստեղ ապահով է, այստեղ ամեն ինչ գեղեցիկ է: Մենք սիրում ենք մեր Հայրենիքը, բայց մի տեսակ օտար ենք զգում, տեղի ժողովուրդը խոժոռադեմ է, մի քիչ կոպիտ, մարդիկ ավելի շատ խոսող են, քան Սիրիայում, ի դեպ, շատ էլ արագախոս են: Իրենց խոսքում մեզ համար օտար ու խորթ շատ բառեր են գործածում ռուսերենով, պարսկերենով, թուրքերենով… Ասում են՝ վեկալեմ (վերցնեմ), չէինք հասկանում, թե ինչ է դա նշանակում, մի վեց ամիս հետո հասկացանք: Ասում են՝ հայաթ (բակ), տելեվիզոր, խալադելնիկ, դուխովկա (փուռ), հելնեմ, էթամ… Մենք մաղադանոս կամ ազատքեղ ենք ասում, հոստեղ ասում են՝ պետրուշկա, կանաչու կապին ասում են՝ դաստա, մի դաստա կանաչի տվեք, մենք ասում ենք ստեպղին, սմբուկ և այլն… Մենք կարծում էինք, թե Հայաստանում մաքուր հայերենով են խոսում, և ես ավելի գեղեցիկ բառեր պիտի սովորեմ: Մեր կողմի ժողովուրդը շատ ավելի ավանդապաշտ է, ընտանեսեր, հավատքով, հայրենասեր: Մեր՝ արևմտմահայ լեզվին, օտար բառեր չենք խառնում.հազարից՝ մի բառ կարող է արաբերենով հնչել: Հայաստանը մեզ համար հեռվից իդեալ-երազ էր, բայց հիմա այն ցանկալի իրականություն է: Չեմ կարող չանկեղծանալ ու չասել, որ մենք կարոտում ենք Սիրիան, Հալեպը, չէ՞ որ այն մեր և մեր ծնողների, մեր երեխաների ծննդավայրն է. շատ լացեցինք Սիրիայի համար, այլևս արցունքներ չունենք, չորացել են դրանք, սակայն հոգով մղկտում ենք: Հայաստանը մեր Հայրենիքն է, իսկ Սիրիան՝ Մայրենիքը: Շատ կուզենք, որ մեր Հայրենիքն ամենից հզոր լինի, բարձր և նման լինի մեր երազների Հայրենիքին, որ բոլորը խոսեն մաքուր հայերենով, բարեկեցիկ ապրեն, փողոցներում մուրացկաններ չլինեն, իմ երազների Հայրենիքում մուրացկաններ չկային… Հայերն արժանի՛ են լավ ապրելու:
Հարութ Թոքատլյան –Ինչպես տիկինս ասաց, աշխատում ենք հարմարվել և կարծես թե հարմարվել ենք: Մեր ուժերով և մեր գումարով վարձակալել ենք այս տարածքը, խանութ ենք դարձրել և պատրաստում ենք հավի, նաև՝ տավարի մսից կիսաֆաբրիկատներ. դրանք Հալեպի ճաշատեսակներ են, որոնք ընդամենը պետք է տաքացնել կամ տապակել: Տնօրենը Զարմինեն է, իսկ ես պատրաստում եմ, սակայն մեկս մյուսիս բոլոր հարցերում անպայման օգնում ենք: Երկու զավակ ունենք, որոնցից մեկն արտերկրում է, մյուսն այստեղ է, սակայն աշխատանք չունի: Տուն ենք վարձակալել մոտակայքում, վճարում ենք բնակարանի, խանութի տարածքի, հումքի համար և մեզ ապրելու համար առանձնապես բան չի մնում: Հալեպի հավի և տավարի մսով ճաշատեսակները՝ իշլի քյուֆթան, հավի կողիկները, մանթին, քեբաբը, լցոնած բդիկները և այլն, շատ մեծ պահանջարկ ունեն, գներն էլ մատչելի են, սակայն այդքան շատ չեն գնորդները, ոչ բոլորը գիտեն մեր խանութի տեղը, որովհետև այն անմիջապես փողոցի վրա չէ: Սիրիահայեր, պարսկահայեր են շատ գալիս. կուզենք, որ տեղացիներն էլ ճանաչեն այդ համեղ ուտելիքները և հաճախակի օգտվեն մեր ծառայություններից: Սիրով կծանոթացնենք մեր ուտեստների պատրաստման եղանակին: Ապրում ենք այսպես, սակայն ամեն օր սպասում ենք սիրիական պատերազմի ավարտին, որպեսզի գնանք Հալեպի մեր տունը վաճառենք և Հայրենիքում մի տուն գնենք: Այսքան վարձ տալու (150.000 դրամ բնակարանի համար) փոխարեն՝ երեք տարվա այդ գումարներին կարող էինք ավելացնել Հալեպի տան վաճառքի գումարը և ապրել մեր սեփական բնակարանում: Ցավոք, խաղաղ ժամանակ շատ թանկ գնահատվող մեր տունն այլևս գին չունի, ավելի ճիշտ՝ չնչին գումար կտան. ապահով չէ այնտեղ: Ես միայն ու միայն պետք է Հայրենիքումս ապրեմ մնացած կյանքս. սա՛ է իմ տունը: Ոչ մի տեղ էլ անվտանգ չէ, ամեն տեղ ալ գեշ բաներ ու գեշ մարդիկ կան: Հայաստանում լավ է, միայն ապրուստն է դժվար, աշխատանք ունենալու խնդիր կա: Թե չէ՝ աշխարհում մերը և միակը միայն Հայաստանն է:
Կարինե Ավագյան