«Ես իրատես եմ ու հավատում եմ, որ կգա վարդահեղեղ ապագա».Րաֆֆի Ջանեցյան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/01/Ռաֆֆի.jpg)
«Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է տարիներ առաջ Սիրիայից հայրենադարձված բժիշկ-ուրոլոգ Րաֆֆի (Ռաֆֆի) Ջանեցյանի հետ:
–Պարո՛ն Ջանեցյան, մեր հեռախոսազրույցի ընթացքում ինձ թվաց, թե Դուք շատ վարժ արևելահայերենով եք խոսում, ե՞րբ եք հասցրել այդպես սովորել…
-Ես ծնվել եմ Սիրիայի հյուսիսում գտնվող Թել Աբիաթ գյուղ-ավանում, ուր 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո հաստատվել են իմ նախնիները: Ծնողներս արմատներով Ուրֆայի հարևանությամբ գտնվող Կարմուջ հարյուր տոկոսանոց հայկական գյուղից են: Ես այնտեղ ապրել եմ մինչև 12 տարեկան դառնալը, սովորել եմ Խորենյան ազգային վարժարանում. այնտեղ ուսումը մինչև 7-րդ դասարան էր: Ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել ենք Հալեպ, որտեղ շարունակել եմ սովորել Ազգային ճեմարանում, ավարտել և եկել եմ Երևան, ընդունվել Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ, ավարտել ու մնացել եմ այստեղ… Հասա Ձեր տված հարցի պատասխանին` 25 տարի է, որ Հայաստանում եմ, դա է արևելահայերենին տիրապետելու «գաղտնիքը», սակայն արևմտահայերենը հոգումս է, սրտիս մեջ ու շուրթերիս:
– Պատկերացնո՞ւմ էիք, որ միշտ պիտի ապրեք Հայրենիքում:
– Այո՛, հենց առաջին անգամ, ոտք դնելով Հայրենիքիս հողին, հասկացա, որ ես պետք է այստեղ ապրեմ: Անշուշտ, գիտեի, որ նաև դժվարություններ պիտի ունենամ, բայց դա չխանգարեց, որ իրականացնեմ ցանկությունս: Միայն մեկ տարի եմ բացակայել Հայաստանից. ուսումնառության նպատակով մեկնել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Բոստոն և վերադարձել Հայաստան:
–Ընտանիքի մեծերը դեմ չէի՞ն Հայաստանում մշտապես բնակվելու մտքին:
-Բոլորովի՛ն: Նրանք սիրով ընդունեցին այդ որոշումը:
– Որտե՞ղ հանդիպեցիք Ձեր երկրորդ կեսին:
-Կինս էլ Սիրիայի Հալեպից քաղաքից է, սակայն այստեղ ենք ծանոթացել: Նա ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, ինչպես նաև ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղանկարչական ուսումնարանը` դիզայների մասնագիտությամբ: Երկու երեխա ունեմ` տղաս` 13 տարեկան Հակոբս, աղջիկս` 10-ամյա Մանես:
–Երեխաների մեջ որևէ հակում նկատո՞ւմ եք ծնողների մասնագիտությունը շարունակելու գծով:
-Տղաս մեծ հետաքրքրություն է ցուցաբերում բժշկության նկատմամբ, իսկ աղջիկս հաճելիորեն մոտենում է մայրիկի մասնագիտությանը. դեռևս 7 տարեկանից բանաստեղծություններ է գրում:
–Պարո՛ն Ջանեցյան, Սիրիայի և Հայաստանի հայերի ապրելաձևի, ավանդույթների միջև եղած տարբերությունը շատ մե՞ծ է:
-Ինչ-որ առումով Սիրիայի հայերը առավել ավանդապաշտ են և ավելի հետևողական` եկեղեցական տոների, դարերի խորքից եկած ավանդույթների, բարքերի առումով: Ասեմ, որ այդ տարբերություններն այնքան էլ էական չեն. հայը հա՛յ է:
– Ինչիսի՞ն կցանկանայիք տեսնել Սփյուռքում և Հայաստանում ապրող հայերին:
-Առաջին` սփյուռքահայը, դրսում ապրելով, որպես փոքրամասնություն` միշտ ուշադրության կենտրոնում է եղել և աշխատել է ինքն իրեն դրսևորել որպես լավ, տիպար քաղաքացի: Հետևաբար, նա, տեղափոխվելով Հայաստան, իր այդ որակը չի կորցնի, իսկ Հայաստանում ծնված, ապրող հայը, համարելով, որ իր երկիրն է, շատ հաճախ ավելի անփույթ, ավելի անպատասխանատու, ոչ սրտացավ կեցվածք է ընդունում: Չպետք է մոռանանք, որ սա մեր երկիրն է: Երկրորդ` այն սփյուռքահայերը, ովքեր Հայաստանում ապրել են երկար ժամանակ, կարող են կամուրջ դառնալ Սփյուռքի և Հայաստանի միջև, այսինքն` նրանք կարող են երկու կողմերին` սփյուռքահայերին ու Հայաստանի հայերին երկուստեք ճիշտ հասկանալ:
–Ո՞ր հայերենով եք խոսում ընտանիքում` շքեղ ու դարակազմիկ արևմտահայերենո՞վ, թե՞ նույնքան գեղեցիկ ու հարուստ արևելահայերենով:
-Ես շատ հպարտանում եմ իմ արևմտահայ ծագումով, հպարտ եմ, որ արևմտահայ, սփյուռքահայ մշակույթի կրողն եմ, որ իմ երեխաները տանը խոսում են արևմտահայերենով: Դպրոցում, փողոցում երեխաներս խոսում են արևելահայերենով, ես էլ` աշխատավայրում: Ե՛վ որպես մասնագետ, և՛ որպես սփյուռքահայ, հայրենադարձ, ես վայելում եմ իմ շրջապատի հարգանքն ու սերը: Եթե նախկին հայրենադարձների մոտ խնդիրներ են առաջացել, ինձ մոտ` ընդհակառակը` լեզուն խնդիրներ չի ստեղծել և միշտ դրական արձագանք է ունեցել:
–Դուք սովորել եք Բժշկական համալսարանում դեռևս 90-ականներին. այդ տարիներին և մեր օրերում էլ, մասնագիտական գրականությունն ավելի շատ ռուսերեն լեզվով է: Ձեր առջև երկու դժվար խնդիր կար` հաղթահարել արևելահայերենը, սովորել ռուսերեն. ինչպե՞ս կարողացաք դա անել:
-Շատ լավ հարց տվեցիք. երբ եկա սովորելու Հայաստանում, մեկ նպատակ ունեի` փայլուն կրթություն ստանալ: Դասախոսությունները հայերենով էին տարվում, իսկ գրականությունը ռուսերենով էր: Դժվար էր: Առաջին երկու տարին` նախապատրաստականում և առաջին կուրսում սովորեցի ռուսերեն: Տղաների մեծ մասը ցանկություն չուներ ռուսերեն սովորելու: Ես օգտվում էի ռուսերենից` բառարաններով, ընկերների օգնությամբ: Ընտրում էի անգլերենով գրականություն, թարգմանում էի հայերեն և սովորում. ինքնաշխատությամբ հաղթահարեցի այդ ամենը: Դժվարություններն ավելի շատ օգնեցին ինձ, որ աշխատեմ ուժերիս առավելագույն չափով, և դրա արդյունքն եղավ այն, որ միակ սփյուռքահայ ուսանողն էի, ով 1997-ին բուհն ավարտեց գերազանցությամբ: Ավարտելուց հետո 4 տարի անվճար մասնագիտացա ուրոլոգիայի մեջ և այժմ էլ աշխատում եմ այդ մասնագիտությամբ ոչ միայն այս մանսավոր կլինիկայում, այլև` Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում:
–Ձեր աշխատանքային փորձառությունը, վաստակը, ներուժը, անգլերենի քաջիմացությունը թույլ են տալիս աշխատելու եվրոպական առաջատար կլինիկաներում. հրավերներ չե՞ք ունեցել:
-Ունեցել եմ աշխատանքի հրավեր` մեծ աշխատավարձով, սակայն չեմ գնացել: Այդ տարի աղջիկս պետք է դպրոց հաճախեր, իսկ մինչև այդ արդեն գիտեր, սովորել էր հայոց այբուբենը, գրքեր էր կարդում և այնպիսի՜ խանդավառությամբ էր սպասում այդ օրվան… Ես չցանկացա նրան զրկել այդ ուրախությունից. նա դեռ նոր պիտի սկսեր սովորել մայրենի լեզուն, և տեղափոխվելը սխալ կլիներ… Ես հասկացա, որ դա իմ վերջնական որոշումն է: Հետո էլի եղան հրավերներ, սակայն ես չցանկացա այդ ուղղությամբ մտածել. ես սիրում եմ իմ երկիրը և գոհ եմ իմ աշխատանքից:
–Դուք վաղուց եք դուրս եկել Հալեպից, սակայն խաղաղության վերահաստատումից հետո հնարավո՞ր է վերադառանաք Սիրիա:
-Ես վաղուց էի որոշում կայացրել գալ Հայաստան. ընդհանրապես չեմ ուզում ապրել Սիրիայում: Վերջերս իմ դասընկերուհիներից մեկը եկել էր Հայաստան` մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած Համահայկական համաժողովին. նա ինձ հիշեցրեց շատ վաղուց արտահայտած իմ այն միտքը, թե Սիրիայում մենք ապագա չունենք, և մի օր ամեն ինչ կորցնելու ենք: Ես ուրախացա, որ ժամանակին այդպիսի միտք եմ արտահայտել: Վերադարձի մասին չեմ մտածում: Չնայած Սիրիան հին, կայացած, ամենակազմակերպված, ամենահայկական գաղութն է, բայց, ցավոք սրտի, օտարի հողում է:
– Ծանր չէ՞ բժշկի աշխատանքը, չե՞ք զղջում, որ ընտրել եք այդ ճանապարհը:
-Բժշկությունը, առավել ևս` վիրաբուժությունը, շատ պատասխանատու գործ է, սակայն չեմ զղջում: Ասեմ, որ մեր գերդաստանում կան բժիշկներ` քեռիս, հորեղբայրս, որը, բնականաբար, ինչ-որ տեղ ինձ ուղղորդել է դեպի բժշկություն: Մեր մասնագիտությունը հոգեկան բավարարություն է պատճառում, երբ մարդը բուժվում է, աշխատում է, շարունակում է լիարժեք ապրել: Իմ հիվանդների հետ միշտ կապ ունեմ. հիվանդներ ունեմ թե՛ Սփյուռքում, թե՛ Ռուսաստանում, թե՛ Ղարաբաղում և այլուր: Ստեղծել եմ նաև urolog.am կայքը, որն առաջին հայկական կայքն է. այդ կայքի միջոցով տեղեկություններ եմ տալիս մարդկանց, ստանում եմ նամակներ, պատասխանում նրանց հուզող հարցերին:
– Կապվա՞ծ եք ՀՀ սփյուռքի նախարարությանը:
-Այո՛: Գիտեմ նախարարության ծավալած հայրենանվեր գործունեության մասին և շատ բարձր եմ գնահատում նախարարության աշխատանքները` Համահայկական համաժողովները, «Արի տուն» ծրագիրը, երաժշտական փառատոները, «Իմ Հայաստան» ծրագիրն ընդհանրապես:
–Հավատո՞ւմ եք Հայաստանի ավելի լավ ապագային:
-Ես կեղծ լավատեսությամբ չեմ տոգորվում, ես իրատես եմ ու հավատում եմ, որ կգա վարդահեղեղ ապագա, եթե այդ ուղղությամբ աշխատենք և ոչ թե շարունակ պահանջենք ուրիշներից: Պետք է աշխատենք բոլորս, այդ թվում` նաև հայրենադարձները. նրանցից շատերը պահանջում են, որ ամեն ինչ համապատասխանի եվրոչափանիշներին… դա մեզ պետք չէ, պետք է արդար աշխատանք, բարեկեցություն և պատրաստակամություն` ապրելու մի երկրում, ուր կան դժվարություններ, կա պատերազմի վտանգ: Մենք պիտի ծրագիր ունենանք, տեսլական և աշխատենք այդ ուղղությամբ:
– Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:
-Հայրենիքն ինձ համար հայի վերջնակայանն է: Եթե ուզում ես հայ մնալ, պետք է ապրես Հայաստանում, ամեն մարդ պիտի ապրի իր հայրենիքում… Մենք քիչ ենք, եթե բոլորս մտածենք գնալ Հայրենիքից, ապա հողը, տունը կդատարկվեն: Պե՛տք է մնանք Հայրենիքում ու շատանանք:
Կարինե Ավագյան