«Ինձ այստեղ բերեց հայրենիքի սերը, ոչ թե պատերազմի սպառնալիքը». Շանթ Դանիելյան

Սիրիահայ Շանթ Դանիելյանը, առաջին անգամ հայրենիք գալով, այն զգցողությունն ուներ, կարծես այստեղ երկար տարիներ էր ապրել: Հայաստանի հանդեպ այդ հարազատությունը, սերը և նվիրվածությունը նրան 2013-ին բերեցին հայրենիք: Ջութակահար Շանթի հետ «Հայերն այսօրի» թղթակիցը խոսել է երաժշտության, ապագա Հայաստանի և իր ապագան հայրենիքում կառուցելու մասին:

Շա՛նթ, ասում են՝ հայրենիքից հեռու ապրողները միշտ կարոտախտով են տառապում, որը բառերով արտահայտելը գրեթե անհնար է: Ե՞րբ այդ կարոտը քեզ առաջին անգամ բերեց Հայաստան :

-Դեռ մանուկ հասակից ընտանիքս ինձ փոխանցել է հայրենիքի գաղափարը, որում անսահման սեր ու կարոտ կար: Ես և մյուս սիրիահայ երեխաները այդ գաղափարի ուժով ենք մեծացել՝ պայքարել, միասնական լինել և հասնել հզոր Հայաստանին: Այսպիսով, երբ առաջին անգամ հայրենիք եկա, սա մի անծանոթ վայր չէր ինձ համար, նրա պատմությունից և սիրուց էի ես տարիներ շարունակ սնվել:

Իսկ Հայաստան առաջին այցս եղավ 2010-ին, Ֆ. Նանսեն հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի հրավերով: Այստեղ պիտի համերգներով հանդես գայինք: Մեզ շատ հարազատ ընդունեցին, ես էլ այն զգացողությունն ունեի, ասես երկար տարիներ էի ապրել այստեղ, ինձ թվում էր՝ ամենը տեսել եմ, օտար ոչինչ չկար: Համերգային շրջագայությունից հետո վերադարձա Հալեպ:

Այսինքն, Հայաստան եկար՝ որպես նրա երաժիշտ զավակը: Քանի՞ տարեկանից ես ջութակ նվագում և որտեղի՞ց սերը դեպի երաժշտությունը:

– Ծնվել եմ երաժշտական ընտանիքում: Մայրս երգում է, մորաքույրներս դաշնակահար են, մորեղբայրս ակորդեոն է նվագում: Սական ամենաշատը մեծ հայրկս է ցանկացել, որ ջութակ նվագեմ: Այդպես՝ մեկ օր միասին գնացինք երաժշտական գործիքների խանութ, պապս ջութակ գնեց ինձ համար և տարավ Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոց: Հետագայում ավարտեցի նաև Հալեպի պետական կոնսերվատորիան: Նվագում էի երկու հայկական անսամբլներում: Այսպիսով՝ ջութակն ինձ հետ է հինգ տարեկանից:

Շա՛նթ, հաջորդ անցդ էլ Հայաստան դարձյալ պայմանավորված էր շրջագայություններով: Երբ նորից եկար, Սիրիայում արդեն պատերազմը սկսվա՞ծ էր:

– Պատերազմը սկսվեց 2011 թվականի մարտին, որին մարդիկ «Արաբական գարուն» անվանումը տվեցին: Սակայն դա գարուն չէր, այլ նման էր դժոխքի: Ամեն ինչ անսպասելի էր, քանի որ Սիրիան այն քիչ երկրներից էր, որտեղ տարբեր ազգեր խաղաղ կենցաղ էին կիսում: Ուզում եմ ասել, որ երբևէ լարված մթնոլորտ չի եղել տարբեր դավանանքների և ազգությունների միջև: Յուրաքանչյուրս էլ պահպանում էինք մերը, հավատարիմ էինք մնում մեր լեզվին ու ինքնությանը, միաժամանակ հարգում դիմացինին ու ընդունում նրան:

Սակայն ամեն ինչ փլուզվեց: 2012 թվականի փետրվարի 10-ին Հալեպում որոտացին երկու հզոր պայթյունները, որոնց ժամանակ մենք ունեցանք առաջին հայը զոհը: Նա իմ դասընկերն էր: Այդ բարդ իրավիճակում դարձյալ Հայաստանից հրավեր ստացա համերգներով հանդես գալու: 15 օր հայրենիքում լինելը մեծ երջանկություն էր ինձ համար:

Մյուս ժամանումդ Հայաստան երկարատև եղավ. մինչ օրս այստեղ ես: Երկա՞ր մտածեցիր այստեղ տեղափոխվելուց առաջ:

– Հայրս Արաբական Միացյալ Էմիրություններում էր աշխատում: Մորս հետ մեկնեցինք նրա մոտ՝ Ամանորը նշելու: Երբ մեկնում էինք Հալեպից, չենք էլ պատկերացնում, որ դա վերջին անգամն էր, այլևս մեր ծննդավայր չէինք վերադառնալու: Ճանապարհները մեզ հետագայում տարան Շարժա, որտեղ էլ յոթ ամիս ապրելուց հետո՝ տեղափոխվեցինք Հայաստան: Դա իմ ցանկությունն էր, և վստահորեն կարող եմ ասել, որ առաջին հերթին ինձ այստեղ բերեց հայրենիքի սերը, ոչ թե պատերազմի սպառնալիքը:

Շա՛նթ, ենթադրում եմ, որ երաժշտությունը դարձյալ մնաց քո առօրյայի մի մասը: Պատմի՛ր մի փոքր այդ առօրյայից, ինչո՞վ ես զբաղվում հիմա:

– Այո՛, դարձյալ երաժշտական ոլորտի մեջ եմ: Իմ ընկերների հետ, որոնց հետ Հալեպում էլ էի աշխատում, այստեղ դարձյալ համագործակցում եմ: Գործ շատ կա երաժշտի համար: Մենք հիմնականում պատվերներով ենք աշխատում: Բավականին գնահատելի է հայաստանյան երաժշտական ճաշակը: Եվ իզուր չէ, որ Եվրոպայից գալիս են այստեղ՝ ուսում ստանալու: Հայկական ջազը ծաղկում է:

Սակայն երաժշտությունից բացի զբաղվում եմ նաև արդյունաբերական սարքավորումների համակարգչային ձևավորմամբ: Այստեղ այդ ոլորտը քիչ է զարգացած: Շատ եմ ցանկանում տարբեր վայրերում հանդիպել «պատրաստված է Հայաստանում» մակնշմանը: Երբ Հալեպում հայ վարպետները իրենց գործերը վաճառքի էին հանում, պիտակի վրա արտադրման վայր նշվում էր Սիրիա պետությունը: Պետք է այստեղ էլ համապատասխան պայմաններ ստեղծվեն, որպեսզի տեղացի և սփյուռքահայ արտադրողները շահագրգռված լինեն այնպիսի արտադրանք ստեղծել, որպեսզի այն ամբողջ աշխարհին ներկայանալի լինի որպես հայկական բրենդ:

Շա՛նթ, խոսեցիր հայաստանյան երաժշտական միջավայրից: Ինչպիսի՞ն էր այն Հալեպում:

– Հալեպում բազմամյա քաղաքային երաժշտական ֆոլկլոր կար: Այն շատ հզոր էր, բարձր ճաշակ էր խորհրդանշում, իսկ տեղացիներն էլ զարգացած երաժշտական ունակություններ ունեին: Այս ամենի մեջ մենք միշտ պահանել ենք հայկական ազգային երաժշտությունը:

Ինչպե՞ս էին տեղացիները բնութագրում հայերին:

– Հայերը աչքի էին ընկնում ջանասիրությամբ, ազնվությամբ և վայելած հարգանքով: Սակայն, օրինակ, Այնթափից գաղթած հայերը միշտ առանձնացել են իրենց ճարպկությամբ: Իմ նախնիներն էլ են Այնթափից եղել, և գենի ուժով ես էլ եմ այդ գիծը ժառանգել: Ընկերներս, երբ ես կարողանում եմ անելանելի վիճակներից ելք գտնել, հաճախ են հիշում այդ փաստը:

Եվ ընդհանրապես՝ սփյուռքահայերը ավելի ճկուն են միջավայրին հարմարվելու առումով, քանի որ ունեցել են օտար միջավայրին հարմարվելու, օտար լեզու սերտելու խնդիրը և հաղթահարել են դա: Հիմա երբ լսում եմ «հնարավոր չէ» կամ «չեմ կարող» արտահայտությունները, զարմանում եմ, որովհետև միշտ այն համոզումն եմ ունեցել, որ անհնարին ոչինչ չկա:

Շա՛նթ, ըստ քեզ՝ Հայաստանն ինչպիսի՞ երիտասարդություն ունի հիմա:

-Աշխատասեր են երիտասարդները, բավականին մեծ մտավոր ներուժ ունեն, սակայն պիտի սիրեն հայրենիքը: Ես այն սիրելով եմ եկել, քանզի գիտեի, եթե չսիրեմ հայրենիքս, իմ աշխատանքն այստեղ արդյունավետ չի լինի: Պիտի ձգտեն ավելի շատ այստեղ մնալ: Երբ ինձ հարցնում են՝ դեռ չես գնում, ես պատասխանում եմ՝ ոչ, ես այստեղ եմ: Թո՛ղ պայքարեն հայրենիքի համար: Վերջերս սահմանագծում էի և ականատես եղա հայ-ադրբեջանական կրակահերթին: Պատերազմը դեռևս շարունակվում է: Այս դեպքում հայրենիքից գնալը բացատրել չեմ կարող:

Շա՛նթ, այսօր, երբ քայլում ես երևանյան փողոցներում, հալեպյան շունչը զգում ես:

– Այո՛, ինչ-որ չափով կա այդ շունչը: Շատ սիրիահայեր փորձում են այստեղ հարմարվել, սակայն շուկան բավականին փոքր է: Պիտի բաց լինենք աշխարհի համար, փորձենք ընդունենք նաև դրսի փորձը, ընդօրինակենք լավը: Երբ բույսը իր հողից կտրում են և այլ կենսապայմաններ տեղափոխում, նրան ժամանակ է պետք հարմարվելու համար:

Մեր պապերը տասնամյակներ են պայքարել Սիրիայում, որ հասնեին նրան, ինչը մենք ժառանգել էինք այնտեղ: Հիմա էլ է ժամանակ պետք այստեղ հաստատվելու համար: Երբ մի քանի ամիս Հայաստանում չեմ լինու և վերադառնում եմ, առաջընթացը նկատելի է լինում, սակայն այն դանդաղ է: Պիտի սկսենք ինքներս մեզնից, դառնանք ավելի օրինապահ ու օրինապաշտ, սակայն օրենքներն էլ պիտի բարեփոխվեն: Աշխատելու բավականին տեղ կա:

Շա՛նթ, ո՞րն է քո խորհուրդը Հայաստանում հաստատված բոլոր սիրիահայերին:

– Թո՛ղ չշտապեն հեռանալ: Թո՛ղ վստահ լինեն, որ իրենց զավակները իրենցից լավ են ապրելու, ինչպես Սիրիայում իրենք են իրենց պապերից լավ ապրել: Ես լավ գիտեմ դժվարությունների մասին, բայց որոշակի զոհողությունների գնալով՝ հնարավոր է լավ արդյունքի հասնել նաև Հայաստանում:

Ամալյա Կարապետյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի

Շանթ1

Scroll Up