2015-ը սիրիահայերը դիմավորեցին Հայրենիքում

«Թո՛ղ 2015-ը հռչակվի սիրո և խաղաղության տարի». Հրաչ Ղազարյան

Ճակատագրի բերումով շատ սիրիահայեր արդեն մի քանի տարի է, ինչ Ամանորն ու Սուրբ ծննդյան տոնը նշում են Հայրենիքում: «Հայերն այսօր»-ի թղթակիցը հանդիպել է սիրիահայ Ղազարյանների ընտանիքին. ստորև ներկայացնում ենք այդ ընտանիքի հետ ունեցած մեր թղթակցի հարցազրույցը:

–  Պարո՛ն  Ղազարյան, շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի առիթով` մաղթելով քաջառողջություն, երջանկություն Ձեր ընտանիքին և խաղաղության վերահաստատում Սիրիայում:

–  Շնորհակալությո՛ւն: Այո՛, շատ կարևոր է, որ ամբողջ աշխարհում և մեր ծննդավայր Հալեպում խաղաղություն տիրի. թո՛ղ 2015-ը հռչակվի սիրո և խաղաղության տարի:

–  Որքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում եք:

–  Չորս ամիս է, ինչ ընտանիքով Հայաստան ենք եկել: Երկու զավակ ունեմ` տղա և աղջիկ. տղաս` Հակոբը, պետհամալսարանում է սովորում, իսկ աղջիկս` Աստղիկը, Հալեպում է բարձրագույն կրթություն ստացել, այստեղ էլ վարսավիրություն է սովորել և աշխատում է: Հայաստանում մեզ շատ ջերմությամբ դիմավորեցին, իսկ դա շատ կարևոր է պատերազմի թոհուբոհում տունն ու տեղը, գործը թողած և Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր սիրիահայի համար:

–  Պարո՛ն Հրաչ, պատերազմից առաջ երբևէ մտածե՞լ էիք Հայաստան տեղափոխվելու մասին:

–  Շիտակ պիտի ըսեմ, որ պատերա՛զմը դարձավ Հայաստան տեղափոխվելու պատճառը: Հալեպում գործս շատ լավ էր, լավ փող կշահեի, և ընտանիքս ոչ մի բանի կարիք չուներ: Տունս, խանութենրս, գործս ձգեր եմ. փա՛ռք Աստծո, դեռ վնասված չեն ո՛չ տունս, ո՛չ ալ խանութներս:

–  Պարո՛ն Ղազարյան, ո՞ւր են հասնում Ձեր կարոտի սահմանները…

–  Մինչև իմ նախնյաց երկիրը` Պատմական Հայաստան, մինչև Սիրիա` Հալեպ, մինչև Հալեպի իմ հարազատ Նոր գյուղ թաղամաս, մինչև մեր տուն… Մե՜ծ է կարոտս:

–  Մե՞ծ  է արդյոք Երևանում և Հալեպում ամանորյա տոնակատարության, տոնական սեղանների պատրաստման տարբերությունը:

–  Ոչ այնքան. ուղղակի այստեղ տոնական սեղաններն քիչ մը ավելի առատ են, իսկ կերակրատեսակների մասին  կինս` Անիտա Ջենանյանը կասի…

–  Դե, ինչպես պարոն Հրաչն ասաց` տոնական սեղանի պատրաստության մասին կխոսեք Դուք, տիկի՛ն Անիտա… Ինչպիսի՞ն են  սիրիահայերի տոնական սեղանները, ի՞նչ ուտեստներ, խմորեղեն եք պատրաստում:

–  Այո՛, Հրաչը ճիշտ ըսավ. դա ավելի շատ իմ «տարածքն» է: Պիտի ասեմ, որ սիրիահայերի և հայաստանաբնակների ուտեստները շատ չեն տարբերվում, պարզապես մենք ավելի շատ և տարատեսակ ուտելիքներ, յուրահատուկ խմորեղեն ենք պատրաստում: Խանութներից խմորեղեն չենք գնում.  ինքներս ենք պատրաստում` փախլավա, քյունաֆա, ղուրաբիա, թուլումբա, սարը բուրմա… Խմորեղենի մեջ շատ ենք գործածում չիր, չամիչ, ընկույզ, մեղր, կաթի սեր, անարատ յուղ, դարչին: Փա՛ռք Աստծո, Հայաստանում էլ լավ դիմավորեցինք Ամանորը, միայն մեր հարազատների պակասն էինք զգում: Ծնողքս, եղբայրներս հոս են, սակայն շատ հարազատներ, մտերիմներ մնացել են Հալեպում:

–  Տիկի՛ն Անիտա, ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:

–  Մեր ապահովությունն է Հայրենիքը:

–  Պարո՛ն Հրաչ, Դուք ինչպե՞ս  կձևակերպեք  Հայրենիք  հասկացությունը:

–  Մեր նեղ ատենը Հայրենիքը մեզի փրկեց. հարազատ օթևան է Հայրենիքը: Փա՛ռք Աստծո, ապահով ենք, ապրում ենք Արցախի փողոցում վարձակալած մի բնակարանում, զավակներս սովորում և աշխատում են, հաղթահարել ենք խոսակցական արևելահայերենի հետ ունեցած խնդիրները. աղջիկս ասում է, որ իր աշխատավայրում գործընկերները նույնիսկ փորձում են խոսել արևմտա-հայերենով: Ամեն ինչ լավ է, միայն թե աշխատանք ունենամ, սեփական տուն ձեռք բերենք: Հուսամ, որ 2015-ն այդ առումով գոհացուցիչ կըլլա:

–  Օդանավակայանում Մայր հողին ոտք դնելիս ի՞նչ զգացում ունեցաք, պարո՛ն Ղազարյան:

–  Շնչեցի մաքուր օդը, նայեցի կապույտ ու խաղաղ երկքնին, հեռվում փռված քաղաքի համայնապատկերին և … անսահման հուզվեցի. ես Հայրենիքումս էի:

Կարինե Ավագյան

Scroll Up