Հայկ Դեմոյան. «Հայկական կողմը պատրաստվում է թուրքական կողմի հնարավոր բոլոր քայլերին»
Այսօր աշխարհում ընթացքող աշխահաքաղաքական զարգացումները շատերին ստիպեցին նորովի անդրադառնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը։
Այս և նմանատիպ հարցերին ներկաներն անդրադարձան ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Մոսկվայի «Հայորդյաց տանը»՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ հերթական հանդիպման ժամանակ։
Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ և «Հայորդյաց տան» տնօրինության և ՀԱԵ Քրիստոնեական առարկայի ուսուցիչ Աշոտ Ավետիսյանի ջանքերով վերջին մեկուկես տարում կրթօջախի սաները երրորդ անգամ հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել Հայկ Դեմոյանին և ծանոթանալ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերին և հեռանկարին։
Հայկ Դեմոյանի հետ հանդիպմանը ներկաներին հուզող հիմնական հարցը մեկն էր՝ արդյո՞ք Թուրքիան կամ գերտերությունները կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը։ Սակայն Հայկ Դեմոյանը գերադասեց հարցին միանշանակ պատասխան չտալ՝ միաժամանակ նշելով, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար անում են հնարավոր ամեն ինչ։
«Ինչպես գիտեք օգոստոսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը, որով Էրդողանը հրավիրվում է 2015թ․ Երևանում ներկա լինել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։ Հայկական կողմն այսօր պատրաստվում է թուրքական կողմի հնարավոր բոլոր քայլերին՝ միաժամանակ չբացառելով Էրդողանի մասնակցությունը ոգեկոչման արարողոթյանը, ընդհուպ անգամ այցը ներկայիս հայ-թուրքական սահմանով»,- նշեց Հայկ Դեմոյանը։
Նա նաև անհանգստություն հայտնեց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերից, որոնք վարվում են անհատական մակարդակով, քանի որ ոչ բոլորի մոտ է այն գիտակցումը, որ կարող են իրազեկել իրենց օտարազգի ընկերոջը, ծանոթին՝ դրանով իսկ նպաստելով Ցեղասպանության ճանաչմանը։ Իսկ պետական մակարդակով ծրագրվում են բազմաթիվ հրապարակումներ, հանդիպումներ, սեմինարներ, որոնց մասին առավել մանրամաս կխոսվի առաջիկա ամիսներին։
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ «Հայորդյաց տանը» ևս կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են Մոսկվայի «Հայորդյաց տան» լրատվության բաժնից:
«Հայորդյաց տան» սաները և մոսկվաբնակ հայերը Հայկ Դեմոյանի հետ հանդիպելու և իրենց հարցերը նրան ուղղելու հնարավորություն կունենան նաև հոկտեմբեր-նոյեմբերի ամիսներին։ Իսկ մինչ այդ նրանք հնարավորություն ունեն Հայկ Դեմոյանի աշխատություններին և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրապարակած գրքերին ծանոթանալ կրթօջախի գրադարանում՝ միաժամանակ չհրաժարվելով հիշողությունից և մնալով պահանջատեր։