«Տասը դաս` մի ցեղասպանության մասին». Օսմանյան կայսրության ծնունդը ժամանակավրեպ էր
Կիրակի՝ ապրիլի 6-ի երեկոյան, «ՀԱՅԱՍՏԱՆ» հասարակական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ եւ համագործակցությամբ «Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոն»-ի հայ եւ հույն հասարակությանը ներկայացվեց` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տասը դասախոսությունների շարքից առաջինը:
«Տասը դաս մի ցեղասպանության մասին» վերնագրով նեկայացվող դասախոսությունները յուրովի վերլուծական հայացք են նետում Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Մեծ ոճրագործության պատճառների, պայմանների եւ հետեւանքների մասին: Դասախոսությունները մեթոդաբանական փորձ են Հայոց ու նաեւ Օսմանյան կայսրության հպատակ քրիստոնյա այլ ժողովուրդների ողբերգական ճակատագրին առնչվող հարցադրումներին պատասխանելու համար: «Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոն»-ի քարտուղար պրն. Հովսեփ Քասեսյանը ներկայացրեց վերոհիշյալ դասախոսություններից առաջինը՝ «ՄԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՐԱԴՈՔՍ» վերնագրով: Բանախոսը, հենվելով պատմական իրողությունների վրա, փաստեց, որ Օսմանյան կայսրության ստեղծումը անբնական եւ պատմության բնականոն ընթացքի դեմ եղելություն էր: Պրն. Քասեսյանը հատկապես շեշտեց.
«Օսմանցի թուրքերը ստեղծեցին մի բազմազգ կայսրություն ճիշտ այն ժամանակ, երբ եվրոպական ժողովուրդները, լքելով իրենց՝ Պապա-լատինական, հասարակաց մշակութային միավորումը, սկսել էին յուրովի ազգեր դառնալ: Օսմանցի թուրքերը ստեղծեցին ավատատիրական հասարակարգ, երբ եվրոպական ազգերը արդեն սկսել էին ավատատիրական հասարակարգից դեպի բուրժվական հասարակարգերի հիմնում ընթանալ: Օսմանցի թուրքերը ստեղծեցին բռնատիրական վարչաձեւ, երբ միեւնույն ժամանակ Եվրոպայում առաջացել էր «մարդու իրավունքների գաղափար» հասկացությունը: Օսմանցի թուրքերը ստեղծեցին ծայրահեղ իսլամական օրենքներով առաջնորդվող համակարգ, երբ եվրոպական ժողովուրդները արդեն իսկ կայացրել էին ազատական մտածելակերպը եւ հին բոլոր երեւույթները հարցականի տակ էին առնում»:
Հանգամանալից կերպով բացատրելով վերոնշյալ եւ դեռ մի քանի այլ երեւույթների մասին՝ օրվա բանախոս պրն. Քասեսյանը հանգեց այն եզրակացության, որ Օսմանյան կայսրության ժամանակավրեպ ծնունդը ի սկզբանե դատապարտված էր վիժեցման, եւ որ այդ կայսրության հոգեվարքը պատճառ էր հանդիսանալու՝ թուրք իշխող դասակարգի եւ հպատակ ազգերի միջեւ անհաշտ բախումների եւ Հայոց ցեղասպանության նման արյունալի եղելությունների: Միջոցառման ավարտին, որը տեղի ունեցավ «Հայաստան» կենտրոնի սրահում, բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին: «Տասը դաս մի ցեղասպանության մասին» դասախոսական շարքի երկրորդը տեղի է ունենալու մայիսին:
«Հայաստան լրատու ցանց», Աթենք