Թուրքիայի մարդու իրավունքների գրասենյակն արձագանքել է Էրդողանի ցավակցական ուղերձին և կոչ արել դադարեցնել Ցեղասպանության ժխտումը
Թուրքիայի մարդու իրավունքների գրասենյակի Ստամբուլի մասնաճյուղը երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղված ցավակցական ուղերձը որակել է որպես «ցեղասպանության ժխտման տեքստ», տեղեկացնում է Hye Tert-ը։
Գրասենյակի ներկայացուցիչները մամուլի ասուլիս են հրավիրել և արձագանքել են Էրդողանի հայտարարությանը։
«1915թ.-ին Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ տեղի ունեցածը ցեղասպանություն էր»,-ասել են ասուլիսի մասնակիցներն ու տեղեկացրել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ արշավ են սկսելու՝ «ժխտմանը վերջ տալու» կոչով։
Գրասենյակը նկատում է, որ վարչապետի ուղերձում Թուրքիայի օգտագործած լեզուն դրականորեն փոխվել է, և դա պայմանավորել են ժխտման դեմ մղվող պայքարով։
«Չնայած այս անգամ լեզուն փոխվել է, սակայն տեքստը դարձյալ ժխտման տեքստ է»,- ասել է գրասենյակի անունից հանդես եկող Էրեն Քեսքինը։
Էրդողանը հայտարարության մեջ նշել էր, որ «20-րդ դարասկզբի պայմաններով պայմանավորված՝ կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն, թոռներին ցավակցություններ է հայտնում», սակայն այդ նախադասության մեջ, Քեսքինի համոզմամբ, բացահայտ ժխտում կա. հայերի սպանությունները ոչ թե հետևողական և կազմակերպված ջարդ է համարվում, այլ այն պայմանավորվում է 20-րդ դարասկզբի իրադարձություններով՝ պատերազմ, տնտեսական պայմաններ և այլն։
Նախաձեռնողները նշել են, որ Էրդողանի հայտարարությունից անմիջապես հետո կառավարությանը կից պատմաբանների հանձնաժողովն ապրիլի 24-25-ին Վանում քննարկում է կազմակերպել «Առաջին համաշխարհային պատերազմն ու հայերը» թեմայով։
Մանրամասները՝ tert.am կայքում: