Մոսկվայում կայացել է հանդիպում Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգելու նպատակով

Ս.թ. ապրիլի 8-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեսպանատան շենքում կայացել է հանդիպում Մոսկվայի առաջատար համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ` Հայոց ցեղասպանության  գալիք տարելիցի միջոցառումները կազմակերպելու, դրանք համակարգելու, համատեղ համադրելու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող ՌԴ հանձնախմբի քարտուղար, «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը, «Արարատ» մշակութային միության նախագահ Էմանուել Դոլբակյանը, «Ռուսաստանի հայերի միություն» ՀԿ նորանշանակ փոխնախագահ Ալեքսանդր Խաչիյանը, ՀԱԵ Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օգնական հայր Կիրակոսը:

Քննարկվեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ընթացիկ տարվա ապրիլին ՀՀ դեսպանության և համայնքային կառույցների կողմից կազմակերպվելիք միջոցառումները: Համաձայնեցվեց դրանց իրականացման ժամանակացույցը, ձեռք բերվեց պայմանավորվածություն յուրաքանչյուր կառույցի ստանձնած պարտավորվածությունների մասին: Հանդիպման արդյուքներով հաստատվեց ապրիլյան համատեղ ծրագիր, որի մասին լրացուցիչ կտեղեկացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները համակարգող ՌԴ հանձնախմբի անդամները:

Հանդիպման ավարտին կողմերը ձեռք բերեցին հաջորդ հանդիպման պայմանավորվածություն`  մինչև 2014թ-ի ավարտը ընկած ժամանակահատվածի և գալիք 2015թ-ի համատեղ միջոցառումները քննարկելու նպատակով:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո գրասենյակ

Scroll Up