Արգելված թեմա. Հայի ունեցվածքը յուրացրած թուրք ընտանիքը միլիարդատեր է դարձել.News.am
Թուրքիայում կան թեմաներ, որոնց վերաբերյալ կան չբարձրաձայնելու մասին չգրված օրենքներ։ Այդ թեմաներից են Ցեղասպանությունից հետո հայերի ունեցվածքի թալանն ու յուրացումները:
NEWS.am-ն այս անգամ ներկայացնում է Թուրքիայի խոշորագույն հոլդինգներից մեկի սեփականատեր ընտանիքի պատմությունը, որն ըստ հարեւանների, մեծապես կապված է հայերի թողած հարստության յուրացման հետ:
Խոսքը Eren հոլդինգի սեփականատեր Էրենների ընտանիքի մասին է: Այս հոլդինգը կարելի է համարել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հովանավորվող հոլդինգներից մեկը: Հոլդինգի նախագահը Ահմեդ Էրենն է, ով բարձագույն կրթություն ստանալուց հետո 1970-ից իր ձեռքն է վերցրել ընտանիքին պատկանող բիզնեսները եւ զարգացրել դրանք:
Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ տրամաբանական է, սակայն այլ բան են խոսում Ահմեդ Էրենի ծննդավայրում՝ Բիթլիսում: Ահմեդ Էրենի ընտանիքը Բիթլիսում ապրել է հայերից խլված տան մեջ: Այդ տունը նույն թաղամասում է գտնվում, որտեղ, որ ապրել է Վիլյամ Սարոյանի ընտանիքը:
Հարեւանները պնդում են, թե Էրենների ընտանիքն իր նախնական կապիտալը ձեռք է բերել հայերից խլված տան մեջ հայտնաբերված խոշոր հարստության շնորհիվ, այսինքն, Էրենների գործերը սկսեցին լավանալ, երբ հայտնաբերեցին հայերի թողած հարստությունները: Իսկ հարեւաններից մեկը նշել էր, որ ժամանակին հային պատկանած տան մեջից Էրենները բացի մեծ քանակությամբ ոսկի հայտնաբերելուց նաեւ արվեստի թանկարժեք գործեր են հայտնաբերել:
Էրեն հոլդինգի մեջ մտնում են Էներգետիկայի, տեքստիլի, հանքարդյունաբերության, թեթեւ արդյունաբերության, մեքենաշինության, խոշորածավալ բեռնափոխադրումների ոլորտում գործունեություն ծավալող տասնյակ ընկերություններ: Բացի այդ, Էրեն հոլդինգը զբաղվում է համաշխարհային մի շարք ապրանքանիշներ Թուրքիայում եւ ԱՊՀ երկրներում ներկայացնելով: Էրեն հոլդինգի ընկերություններում աշխատում են 8 000-ից ավել մարդ:
Արթուր Հակոբյան