«Դեռ փոքր տարիքից առաջնորդ եմ եղել». «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակից
ՌԴ Կրասնոդար քաղաքի Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային թեմի հովանու ներքո գործող «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնի «Արմատ» դպրոցի ծրագրերի համակարգող, «Արմատ» երիտասարդական կազմակերպության ատենապետի տեղակալ Անի Գևորգյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթացների մասնակիցներից է:
Բոլոր խոշոր միջոցառումները երիտասարդական կազմակերպության և հայկական դպրոցի բեղմնավոր աշխատանքի շնորհիվ են կայանում:
«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Անին ասաց, որ իրենց նպատակը Կրասնոդարում ապրող հայերի համար հայապահպանական, կրթական, մշակութային տարբեր ծրագրեր իրականացնելն է, որպեսզի նրանք համախմվեն եկեղեցու, դպրոցի, համայնքի շուրջ՝ պահպանելով հայ լինելու պատկանելիության զգացումը: Բոլորն էլ գիտակցում են, որ միայն ազգային համախմբվածության շնորհիվ կարող են մեծ բարձունքների հասնել:
ՀՀ սփյուռքի նախարարության հետ մշտական կապի և սերտ համագործակցության մեջ են գտնվում: Համատեղ համագործակցության շնորհիվ հասել են այն արդյունքին, որ դպրոցի աշակերտները պարբերաբար մասնակցում են նախարարության ծրագրերին:
«Սփյուռք» ամառային դպրոցում դասընթացները շատ լավ անցան, արդյունավետ քննարկումներ, կարևոր դասախոսություններ ունեցանք: Լրացուցիչ ձեռք բերված գիտելիքները գործնականում անպայման կիրառելու եմ: Դասախոսությունների ժամանակ համապարփակ տեղեկատվություն, հմտություններ ստացանք այն մասին, թե ինչպիսին պետք է լինի երիտասարդ առաջնորդն ու համայնքային գործի կազմակերպիչը»,-նշեց Անին՝ հավելելով, որ ծրագրի շրջանակներում տարբեր մարդկանց հետ ծանոթանալով՝ հասցրել է համագործակցության ուղիներ որոնել և պայմանավորվել մշտական կապի մեջ գտնվել՝ աշխատանքային գործընթացում փորձի փոխանակում կատարելու համար:
Զրույցի վերջում պարզվեց, որ Անիի մոտ առաջնորդ լինելու ջիղը դեռևս փոքրուց է նկատվել. դպրոցական տարիներին դասընկերների առօրյան հետաքքիր դարձնելու համար՝ նրանց եռանդով մեկտեղում էր և բակային տարբեր միջոցառումներ կազմակերպում: Իսկ որևէ բնագավառից առաջնորդ-լիդերի կերպար չունի առանձնացրած, քանի որ ֆանատիկ անձնավորություն չէ, փորձում է մարդկանցից սովորել այն բոլոր լավ հատկանիշները, որոնք իրեն հետագայում պետք կգան թե՛ կյանքում, թե՛ աշխատանքի մեջ:
Գևորգ Չիչյան