«Սփյուռք ամառային դպրոց-2015». Էջմիածին, Օշական, Սաղմոսավանք…

 «Սփյուռք ամառային դպրոց-2015» ծրագրի մասնակիցները այսօր վայելեցին իրենց կյանքի ամենահիշարժան ու հուզիչ օրերից մեկը: Էջմիածին ընթանալու ճանապարհին արդեն զգացվում էր հոգեւորի ու հավատքի ուժը, որը մի տեսակ պարուրել էր ե´ւ հայերենի արագացված դասընթացի մասնակիցներին ե´ւ ուսուցիչներին: Նրանցից շատերը եղել էին մեր հոգեւոր մայրաքաղաքում, սակայն խոստովանում էին` ամեն անգամ զգացողություններն ու տպավորությունները այլ են լինում:

Մոսկվայից ժամանած ուսուցչուհին` Ամալյա Թադեւոսյանը, Մայր աթոռում զգաց տիեզերքի աստվածային ներդաշնակությունը: «Մաքրվում եմ այստեղ, մի տեսակ ձուլվում եկեղեցուն, դառնում այս ամենի մի մասնիկը ու զգում Տիրոջ ներկայությունը մեր կողքին, մեր մեջ»,- նշում է տիկին Թադեւոսյանը: Նա իրեն համեմատում է հայոց թագավոր Արշակ Երկրորդի հետ, ով սեփական հողի վրա անպարտելի էր իրեն զգում:

Մասնակիցներից յուրաքանչյուրը փորձում էր պարփակվել իր մեջ ու Աստծո հետ խոսել Աստծո լեզվով:

Դոնի Ռոստովից եկած Դիանա Խանֆերյանը համամիտ է մեծն գրող Բայրոն խոսքերի հետ, որ իրոք Տերը խոսում է հայերենով, որովհետեւ մայրենիի մեջ այնքան սեր ու ներդաշնակություն կա, որ այլ կերպ լինել չէր էլ կարող: Էջմաիծնից ուղեւորությունը շարունակվեց դեպի Օշական` այն սուրբ հողը, ուր թաղված է Մաշտոցը: Հանճարի գերեզմանի մոտ ուսուցիչները գլուխ խոնհարեցին հայոց առաջին ուսուցչի առջեւ եւ կարծես ստացան նրա օրհնությունը, իսկ աշակերտները մտովի խոստացան լավ սերտել հայերենը, չմոռանալ իրենց մայրենին: Ասում են` նա, ով դրժում է սրբին տված խոստումը, պատժվում է Բարձյալի կողմից: Պատահական չէր, որ այցի ժամանակ Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մկրտության արարողություն էր ընթանում: Այն կարծես վերաիմաստավորվեց մասնակիցների համար, ովքեր կարծես մկրտվեցին որպես մայրենի լեզվի աշակերտներ, աշակերտներ` բառի լայն իմաստով, որովհերտեւ աշակերտ էին նաեւ Կորյունն ու Խորենացին, Բուզանդն ու Փարպեցին:

Օշականից ծրագրի մասնակիցները շարժվեցին դեպի Արագած լեռան արեւելյան լանջին գտնվող Տառերի պուրակ, որտեղ տեսան մեր 36 «զինվորների» քանդակները, որոնք ստեղծվեցին, որ մենք լինենք, որ չձուլվենք ու չկորչենք դարերի հորձանուտում: Մասնակիցներից յուրահանչուրը գտավ իր տառը, փարվեց նրան ու նկարվեց հավերժանալու, հիշելու ու պարտավորվելու համար:

Հաջորդ կայանատեղին Սաղմոսավանքն էր, դեռեւս 13-րդ դարից մնացած պատմամշակութային հուշարձան, որ իր ինքնատիպ ճարտարապետական լուծումների շնորհիվ եզակի է նաեւ այսօր: Այն նաեւ եղել է գրչության կենտրոն: Մասնակիցները մոմ վառեցին հնամենի վանքում, աղոթեցին ու ապաշխարեցին, պարպեցին իրենց մեջ եղած բացասականն ու լիցքավորվեցին դրական ու ստեղծարար լիցքերով:

Հետ վերադառնալու ճանապարհին, ի հակադրություն հաճելի հոգնածությանը, մասնակիցները երգեցի ազգային-հայրենասիրական երգեր, միացան անգամ նրանք, ովքեր մայրենիին այդքան լավ չէին տիրապետում, ասմունքեցին Սեւակ, Շիրազ ու Չարենց, պատմեցին հայոց պատմությունից հերոսական դրվագներ, ապրեցին ու շնչեցին հայկականը:

Վերադառնալիս Արարատն արդեն մշուշված էր, բայց տեսանելի էր դեռեւս նրա վսեմ գագաթը, որ կարծես հայկական երգն ու խոսքն էր ունկնդրում ու հանգիստ էր հայի վաղվա օրվա համար:

23 45 6 7

Scroll Up