«Մեզ բանիմաց և հմուտ մասնագետներ են դասախոսում».«Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի ուկրաինաբնակ մասնակից

Ուկրաինայի Պոլտավա քաղաքի կրթամշակութային կենտրոնի տնօրեն Անուշ Նազարյանը, ով նաև կենտրոնում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն և կրոնի պատմություն է դասավանդում, մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարարության Հայոց լեզվի և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստման դասընթացին, ընդգրկված է դասավանդման միջին և ավագ խմբերում: Նախկինում մասնակցել է այս ծրագրի Ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացին:

Կրթամշակութային կենտրոնը ստեղծվել է 6 տարի առաջ, որի գործունեությունը ծավալվում է Պոլտավայի մարզային երիտասարդական գրադարանի շենքում:

«Մեզ մոտ ուսումնառության տևողությունը հինգ տարի է, որից հետո սաները պետական նմուշի վկայական են ստանում: Դասընթացները կազմված են պետական ծրագրերի հիման վրա, որն արժանացել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության հավանությանը: Իսկ երեխաների հայոց լեզվի իմացությունը տարբեր մակարդակների վրա է գտնվում: Արդեն մեր հմտություններից է կախված դասերի հնարավորինս արդյունավետ կազմակերպումը»,-«Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Անուշ Նազարյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ հետո բոլորն էլ լիակատար տիրապետում են հայերենին և ուզում են Հայաստան այցելել, ինչն էլ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շնորհիվ կարողանում են իրականացնել:

Դպրոցի տնօրենի վստահեցմամբ, իրենց դասախոսում են բանիմաց և հմուտ մասնագետներ, ընդհանուր առմամբ ուսուցման հիմքում առարկաների դասավանդման բազմազան ու արդյունավետ մեթոդների տիրապետումն է դրված: Նրանց հաջողվում է ամբողջությամբ ծանոթանալ այդ հմտություններին և վերադառնալով իրենց բնակության վայրեր՝ սովորած գիտելիքները փոխանցել աշակերտներին: Կարևոր է նաև այն, որ ծրագրի շրջանակներում Սփյուռքի տարբեր համայնքներից եկած ուսուցիչները ներկայացնում են իրենց աշխատելաոճը, որն էլ նպաստում է դասընթացների հետաքրքիր անցնելուն:

Գևորգ Չիչյան

Scroll Up