Ողջու՛յն սեպտեմբեր. արձագանքներ «Սփյուռք» ամառային դպրոց 2016»-ից

Պատմության գիրկն անցավ ՀՀ Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց 2016» ծրագիրն իր անջնջելի տպավորություններով և երջանիկ, անմոռանալի հիշողություններով։ Հայերենի ուսուցման տեսական և գործնական դասերից բացի, ծրագիրն իսկապես շատ հագեցած էր հանդիպումներով, մշակութային միջոցառումներով և Հայաստանի տեսարժան ու պատմական վայրերի այցելություններով, որոնք հնարավորություն էին տալիս մասնակիցներին ծանոթանալու հայ ժողովրդի նվիրական արժեքներին ու սրբություններին։ Ամեն մի հանդիպում, միջոցառում և այցելություն իր արժանի գնահատականն էր ստանում մասնակիցների կողմից։

Ինձ և Կիևից ժամանած ուսանողներիս համար շատ հաճելի էր համայն հայության հոգևոր կենտրոն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության ընթացքում ծրագրից դուրս հանդիպումը Նաթան Սրբազանի հետ, ով երկար տարիներ լինելով  Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, ուկրաինահայերի մոտ ձեռք է բերել անսահման սեր ու հարգանք և՜ որպես Ուկրաինայի առաջին Սրբազան, և՜ որպես բարեկիրթ ու ստեղծարար անձնավորություն։

Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հաճույքով համաձայնվեց հանդիպել ուսանողներիս հետ և տեղեկանալով, որ նրանցից շատերը խառն ընտանիքի զավակներ են ողջույնից հետո, բարձր գնահատելով նրանց հայերեն սովորելու ձգտումը, գեղեցիկ հայերենից սահուն անցավ գրական ուկրաիներենի։

Նա նշեց, որ ներկայիս պատերազմող աշխարհի պայմաններում մարդկային կյանքի պաշտպանությանը զուգահեռ արդիական ու նշանակալի է հայերենի ուսուցումը։ Ստանալով նրա օրհնությունն ու բարեմաղթանքները Մայրենիի ուսուցման դժվարին, բայց կարևոր գործում մենք հեռացանք Մայր տաճարից։ Աննկարագրելի էր ուսանողներիս ուրախությունը, որը միաձուլվել էր հիացմունքին։ Իսկ ես հպարտ էի, որ ստացա այդքան հարգելի հոգևոր այրի օրհնությունը նոր ուսումնական տարվա սկզբին։ Ողջու՛յն սեպտեմբեր, հուսով եմ, որ այս տարին ևս կլինի հայերենի ուսուցման բնագավառում հաջողությունների և հաղթանակների տարի։

Ռուզաննա Մարտիրոսյան

Scroll Up