ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բուենոս Այրեսում մասնակցել է Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի բացման hանդիսավոր արարողությանը
«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ, մայիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բուենոս Այրեսում մասնակցել է Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարի (AMWC) բացման hանդիսավոր արարողությանը, որը նախագահում է արգենտինահայ ակնառու բժիշկ, վարակաբան Դանիել Ստամբուլյանը:
ՀՀ սփյուռքի նախարարն իր ելույթում կարևորել է համագումարի անցկացման գաղափարը՝ խորին երախտագիտություն հայտնել ով միջոցառման կազմակերպիչներին՝ ՖԱՅԴԵՔ հիմնադրամի, Ստամբուլյան հիմադրամի և ՊԼԱՍ-ի աշխատակազմերին, և բոլոր նրանց, ովքեր իրենց անգնահատելի լուման են ներդրել այս գործում, հատկապես՝ ՖԱՅԴԵՔ հիմնադրամի հիմնադիր-նախագահ Դանիել Ստամբուլյանին: Նախարարը նաև հույս է հայտնել, որ համագումարը կհամախմբի աշխարհի հայ բժշկական ներուժն՝ ի նպաստ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման:
«Հայաստանի Հանրապետության ազգային քաղաքականության առաջնահերթությունների մեջ իր յուրահատուկ և կարևորագույն տեղն է զբաղեցնում առողջապահությունը: Այս առումով ուզում եմ հատուկ կարևորել «Առողջ Հայաստան» ծրագիրը, որի արդյունավետ կյանքի կոչման գործում հնարավոր չէ գերագնահատել Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությանն ուղղված միջոցառումների, այդ թվում՝ նաև ավանդույթ դարձած այս միջազգային համագումարի դերակատարությունը»,-ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ Բուենոս Այրեսում Հայ բժիշկների միջազգային համագումարի անցկացումը նշանակալից է նաև Արգենտինա-Հայաստան համագործակցության ամրապնդման և զարգացման առումով:
Ողջունելով Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից Հարավային Ամերիկայում գտնվող հայ բժիշկներին` Հրանուշ Հակոբյանը հաջող և արդյունավետ ընթացք է մաղթել համագումարի աշխատանքներին:
Հավելենք, որ Հայ բժիշկների միջազգային 12-րդ համագումարը տևելու է մինչև հունիսի 2-ը: Առաջին համագումարը կայացել է Բեյրութում՝ 1974 թվականին, սփյուռքահայ բժիշկների նախաձեռնությամբ: Համագումարը կազմակերպվում է աշխարհի տարբեր երկրներում՝ 4 տարին մեկ անգամ: Այն ընթանում է «Առողջությունը խթանելու, ինտեգրելու և նորամուծության մարտահրավերներ» նշանաբանի ներքո: