ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Լիբանանում մասնակցել է խորհրդաժողովի

Փետրվարի 13-14-ը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա-ի բարձր հովանու ներքո Անթիլիասի «Կիլիկիա» թանգարանի սրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Մերձավոր և Միջին Արևելքի երկրների տարածաշրջանային հանձնախմբի ամփոփիչ խորհրդաժողովը:

Երկօրյա խորհրդաժողովի առաջին նիստը գումարվել է փետրվարի 13-ին, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբերի ղեկավարներն ու անդամները, հոգևոր հայրեր, կուսակցությունների ներկայացուցիչներ:

Մինչ նիստի սկսվելը խորհրդաժողովի մասնակիցներն այցելել են Ժիպեյլի «Թռչնոց բույն»-ի Հայոց ցեղասպանության որբերին նվիրված «Արամ Պեզիկեան» թանգարան:

Բացման խոսքով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնախմբի փոխատենապետ Շահան Գանտահարյանը:

Այնուհետև նիստը վարել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ  Սեպուհ արք. Սարգիսյանը:

Նիստում ծավալուն ելույթով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ տեսաշարով ներկայացնելով աշխարհում և, մասնավորապես, Միջին և Մերձավոր Արևելքի երկրներում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքները, կազմակերպված միջոցառումները, արձանագրված արդյունքներն ու հետագա անելիքները:

Հ.Հակոբյանը կարևորել է Հանրապետության Նախագահի գլխավորությամբ Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  նվիրված  միջոցառումները  համակարգող  պետական  հանձնաժողովի և աշխարհի 50  երկրում 61 տարածաշրջանային հանձնախմբերի ծավալած գործունեությունը. «Զորաշարժի  ենթարկվեցին  հայության  բոլոր  հատվածները՝  Հայաստանը, Արցախը  և  Սփյուռքը.  համայն հայությունը համախմբվեց  Հայոց  ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման պայքարի  շուրջ»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ  ՀՀ  սփյուռքի  նախարարության  կողմից մշակվել և  տարածաշրջանային  հանձնախմբերին  է տրամադրվել  «Հայոց  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  նվիրված  միջոցառումների 2011-2017թթ. ծրագիրը», երաշխավորվել է 100 միջոցառում: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, սփյուռքյան կազմակերպությունների, համահայկական և հոգևոր կառույցների  հետ համատեղ իրականացվել են բազմաթիվ  համայնքային միջոցառումներ, քաղաքական,  քարոզչական աշխատանքներ, մշակութային ձեռնարկներ, եկեղեցական  արարողություններ, կազմակերպվել են բազմաթիվ գիտաժողովներ,  համաժողովներ,  հավաքներ, հիմնվել են թանգարաններ, հուշարձաններ, խաչքարեր, անվանակոչվել են հրապարակներ: Կազմակերպվել են համայնքային տարաբնույթ միջոցառումներ՝ ջահերով երթեր, ծառատունկ, մոմավառություն, ցուցահանդեսներ, փառատոներ, համերգներ, հուշ-երեկոներ, գրական-գեղարվեստական  երեկոներ,  թատերական  ներկայացումներ,  ֆիլմերի  ցուցադրություններ, մարզական միջոցառումներ և այլն:

Նախարարը նշել է նաև, որ բացառիկ նշանակություն են ձեռք բերել Հայոց  ցեղասպանության  նահատակների  սրբադասումը,  Վատիկանի  Սուրբ  Պետրոս  տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս 1-ին պապի կողմից պատարագի մատուցումը,  Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  Հայոց ցեղասպանության  զոհերի  ոգեկոչման պաշտոնական արարողությունը, «Մարդկությունն ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի՝ Երևանում և Հայոց ցեղասպանության որբերին նվիրված «Արամ Պեզիքյան» թանգարանինը՝ Լիբանանում:

Բացառիկ խիզախ քայլ էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դիմումը  Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում Սփյուռքի նախարարը հատկապես առանձնացրեց  աշխարհի 30 երկրում կազմակերպված և մեծ հնչեղություն ձեռք բերած գիտաժողովները,  համաժողովները,  կլոր-սեղանները,  սեմինարները,  դասախոսությունները, գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքները, այլ երկրների պետական և հասարակական կառույցների կողմից իրականացված բազմաբնույթ ձեռնարկներն ու միջոցառումները:

Սփյուռքի նախարարը կարևորել է  նաև ամբողջ աշխարհում հայկական և օտար լրատվամիջոցների կողմից իրականացված քարոզչական աշխատանքները, մասնավորապես՝  «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումը: Տեսաշարով տեղեկատվություն է ներկայացրել տարբեր երկրներում Ցեղասպանության և Հայաստանին նվիրված հեռուստահաղորդումների, գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի, հրապարակումների, հակահայկական ապատեղեկատվական քարոզչության դեմ տարված աշխատանքների վերաբերյալ:

Ամփոփելով արդյունքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանը խորհրդաժողովի մասնակիցներին շնորհավորել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Անկախության 25-ամյակի կապակցությամբ և նշել, որ առաջիկայում Առաջին Հանրապետության 100-ամյակն է, և հայությունը նոր համախմբվածությամբ, նոր ձեռքբերումներով պետք է նշի այդ փառահեղ տոները:

Այնուհետև նախարարը խոսել է առաջիկա անելիքների մասին.- «Կուտակված փորձի, ունեցած ռեսուրսների համախմբմամբ այսուհետ էլ  նոր թափով և նոր ակտիվությամբ պետք է բոլոր ուղղություններով շարունակենք աշխատանքները 100+1, 100+2 և այլ տարելիցներին նախապատրաստվելու և նշելու համար: «Այլևս երբեք» շարժումը հզորացնելու, Հայաստանը՝ որպես ցեղասպանությունների միջազգային հարթակի առաջամարտիկը դարձնելու ՀՀ Նախագահի առաջարկը կարող է առարկայանալ,  եթե ստեղծվի «Ցեղասպանությունների միջազգային հետազոտական կենտրոն», որը կզբաղվի և՛ իրավական, և՛ պատմական, և՛ միջազգային խնդիրների ուսումնասիրմամբ, համադրմամբ և գիտական հետազոտությունների հիման վրա կներկայացնի անհրաժեշտ առաջարկություններ՝ գլոբալ ֆորումների նախապատրաստման և անցկացման համար: Այս տարի կազմակերպվում է գլոբալ ֆորում՝ նվիրված փախստականների խնդիրներին: Տարածքներում ևս նույն թեմայով պետք է կազմակերպել քննարկումներ: Կարծում եմ՝ համախմբելով համահայկական ուժերը՝ հնարավոր է աշխարհի առաջատար համալսարաններում ավելացնել և խթանել մասնագետների (թուրքագետներ, քրդագետներ, օսմանագետներ, քաղաքագետներ, միջազգային իրավունքի մասնագետներ, միջազգայնագետներ, պատմաբաններ) պատրաստումը, և համայնքները պետք է խրախուսեն երիտասարդությանը և օգնեն նման կրթություն ստանալու համար:

Համայնքներում հավաքվել, կուտակվել են փաստական, վավերագրական հսկայածավալ նյութեր, հուշագրություններ, որոնք անհրաժեշտ է մշակել, հրատարակել բազմահատոր ժողովածուի տեսքով, ինչպես նաև մատենաշարով հրատարակել օտարազգի պետական և քաղաքական գործիչների, ցեղասպանագետների, արվեստագետների հոդվածները, աշխատությունները և փորձել ստեղծել գրադարան-արխիվ 100 տարվա նյութերն ամբողջացնելու համար:  Անհրաժեշտ է Ձեր համայնքներում կուտակված նյութերը,  ինչպես նաև  ձեր կատարած աշխատանքները՝ ըստ ժամանակագրության, դասդասել և հրապարակել»:

Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է Համահայկական խորհրդի ստեղծմանը. «Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը դարձավ Հայրենիք-Սփյուռք գործակցության համակարգման փայլուն ձևաչափ: Այսօր ակնհայտ է, որ վերազարթոնք ապրող հսկայածավալ հայկական ուժ է կուտակվել, և այդ ուժի ճիշտ նպատակաուղղման, ուղղորդման համար իսկապես կարևորագույն հարթակ կարող է լինել Համահայկական խորհուրդը, որի կշիռը, երաշխավորություններն ու որոշումներն առավել արժանահավատ կթվան, կիրառելի կդառնան, եթե այն գործի  Հայաստանի, Արցախի, Սփյուռքի  ներկայացուցիչների մասնակցությամբ և որի օրակարգային հարցերը դառնան համահայկական առաջնահերթությունները, որոնք հաստատվել են Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովում»:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն  է հայտնել բոլոր  հանձնախմբերի  անդամներին  այն նվիրումի և հսկայածավալ  աշխատանքների համար, որ  նրանք կատարել  են բնակության երկրում՝ իրենց ժամանակի,  հանգստի և  ֆինանսների  հաշվին:

Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խտըշյանը ներկայացրել է Լիբանանում մինչ այժմ իրագործված ձեռնարկները:

Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել լիբանանահայ գաղութին՝ համերաշխ գործակցության համար և ամփոփ թվել դեսպանատան մասնակցությունն ու ներդրումը՝ իրականացված ձեռնարկներում:

Ապա դոկտոր Նորա Պայրագտարյանը ներկայացրել է Արամ Ա Վեհափառ հայրապետի կողմից Սիսի կաթողիկոսարանի գործով Թուրքիայի դեմ հարուցած դատական հայցի և այդ ուղղությամբ իրականացված հաջորդական քայլերը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի պատասխանատու Հուսիկ Ծ. վրդ. Մարտիրոսյանը ներկայացրել է դատական գործի առնչութեամբ կաթողիկոսարանի իրագործած քայլերը:

Հորդանանից Մարալ Ներսեսյանը, Սիրիայից՝ Շահան արք.Սարգսյանը, Կիպրոսից՝ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը և Թեհրանից՝ Ռուբիկ Կարապետյանը հանդես են եկել իրենց համայնքներում իրականացրած աշխատանքների մասին զեկուցումներով:

Այնուհետև Եղիկ Ճերեճյանի առաջարկով՝ ներկաները հատուկ հայտարարությամբ, հավաք-հանդիպման մասնակիցների անունից, ողջույնի խոսք են հղել և իրենց զորակցությունը հայտնել սիրիահայ հայրենակիցներին, ովքեր այսօր ապրում և աշխատում են ամենածանր պայմաններում:

Խորհրդաժողովի ավարտին մասնակիցները ներկա են գտնվել Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած Տեառնընդառաջի ավանդական խարույկը վառելու արարողությանը:

Փետրվարի 14-ին ներկաները մասնակցել են Սուրբ պատարագի արարողությանը և ծաղիկներ դրել Նահատակաց մատուռի առջև:

Երկրորդ օրվա առաջին նիստը վարել է Սարգիս Նաջարյանը, զեկուցումներով հանդես են եկել Սպահանից՝ Վրեժ Տեր-Մարտիրոսյանը, Թավրիզից՝ Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճյանը և ԱՄԷ-ից՝ Մեսրոպ Ծ. վրդ. Սարգսյանը՝ ներկայացնելով իրենց երկրներում իրականացված աշխատանքները:

Լիբանանից ելույթ են ունեցել նաև ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ,  պատգամավոր Յակոբ Բագրատունին, ՀԲԸՄ-ից` Սիլվա Լիպարիտյանը, ՍԴՀԿ-ից` Հակոբ Կերկերյանը, ՌԱԿ-ից` Սևակ Հակոբյանը, վերապատվելի Րաֆֆի Մսըրլյանը, Հայ կաթողիկե համայնքի Բեյրութի պատրիարքական թեմի օգնական եպիսկոպոս Գևորգ եպս. Ասատուրյանը և Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիս. Փանոսյանը:

Եզրափակիչ խոսքով ելույթ են ունեցել նախարար Հրանուշ Հակոբյանը և Շահան Գանտահարյանը:

ՀՀ սփյուռքի նախարարը Սեդա Խտըշյանին է հանձնել Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհված ՀՀ քաղաքացիության անձնագիրը:

Խորհրդաժողովի ավարտից հետո ՀՀ սփյուռքի նախարարը և խորհրդդաժողովի մյուս մասնակիցներն այցելել են Վեհարան և հանդիպել Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Վեհափառը բարձր է գնահատել նախարար Հրանուշ Հակոբեանի, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնախմբի ատենապետ Սեդա Խտըշյանի և ժողովականների գործունեությունը: Կաթողիկոսն ընդգծել է, որ Սիսի կաթողիկոսարանի հայցը «կտոր մը հողամասի հարց չէ, այլ` քաղաքական հարց»:

Փետրվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Գապրոյանի և Հայ Ավետարանական Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի հետ:

1

Scroll Up