Լիբանանի հայ համայնքը եղել և շարունակում է մնալ Սփյուռքի ազգային, հոգևոր, կրթամշակութային կյանքի առանցքը. ՀՀ սփյուռքի նախարար
ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԵՐԳԻՆ
Հոգեշնո՛րհ հայրեր,
Հարգարժա՛ն պարոն դեսպան,
Սիրելի՛ ներկաներ,
Սիրով իմ ջերմ ողջույններն եմ հղում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձներին նվիրված այս յուրահատուկ միջոցառման բոլոր մասնակիցներին և հյուրերին: Միջոցառում, որ Թեքեյան մշակութային միության հերթական, բայց ոչ սովորական նախաձեռնություններից է: Այսօր հայ ավանդական երգն ու դասական երաժշտությունը մեկ բեմում համախմբել են հայ և արաբ երիտասարդ երաժիշտներին՝ մեկ անգամ ևս վկայելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության ամուր հիմքերի մասին:
Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր ու դժվարին պահին Լիբանանը դարձավ փրկության փարոս հայրենազրկված հազարավոր հայերի համար: Հյուրընկալ, բարյացակամ, հանդուրժողական, կրոնների, մշակույթների ու քաղաքակրթությունների երկխոսության լավագույն օրինակ հանդիսացող այս երկիրը դարձավ այն հանգրվանը, որտեղ հայության բեկորները փրկություն և ապաստան գտան, ամրացան, ոտքի կանգնեցին՝ ակտիվորեն մասնակցելով և ինտեգրվելով երկրի քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին՝ միաժամանակ հավատարիմ մնալով սեփական արմատներին, պահպանելով ազգային ինքնությունն ու պատմամշակութային դարավոր արժեքները:
Եվ այսօր այդ արժեքները կրող մեր երիտասարդները ոչ միայն պահպանում ու զարգացնում են հայ մշակույթը, հայ արվեստը, հայ երգն ու երաժշտությունը, այլ նաև մեր անմար գոհարներին հաղորդակից են դարձնում իրենց արաբ ընկերներին: Համոզված եմ՝ արաբ տաղանդաշատ երաժիշտների կատարմամբ հնչող Կոմիտասն ու Արամ Խաչատուրյանը, Ալեքսեյ Հեքիմյանն ու Էդգար Հովհաննիսյանն անմոռանալի զգացողություններ են առաջացնելու դահլիճում ներկա յուրաքանչյուրի հոգում: Այսօրվա համերգի ծրագրում մեր երաժշտարվեստի ողջ պատմությունն է՝ իր մնայուն արժեքներով՝ շարականներով, ազգային ու ժողովրդական մեղեդիներով, դասական երաժշտությամբ:
Հայ երգը հայ ժողովրդի ճակատագրի կրողն է ու վկան, նրա ուղեկիցը պատմության քառուղիներում, նրա պայքարն է ու հաղթանակը, նրա շունչը ու ոգին, նրա ընթացակիցը դեպի հավերժություն:
Սիրելի՛ բարեկամներ,
Այսօրվա միջոցառումն իրականություն է դառնում Թեքեյան մշակութային միության անմնացորդ ջանքերի շնորհիվ: Միություն, որ գալիք տարում տոնելու է հիմնադրման 70-ամյա հոբելյանը, գործունեության ողջ ընթացքում նվիրվել է հայ ժողովրդի մշակութային հարուստ ժառանգության պահպանման, հայկական վարժարանների ստեղծման ու հայոց լեզվի, պատմության, գրականության ուսուցման, հայագիտության նվիրյալների պատրաստման վեհ գործին:
Միություն, որ հավատարիմ մնալով իր հիմնադիրների սկզբունքներին, մշտապես առաջնորդվել է ազգապահպանության, միասնականության ու համախմբումի գործում մշակույթի ու լեզվի եզակի դերի ու նշանակության բարձր գիտակցումով:
Միության ծավալած գրական, գեղարվեստական, գիտական գործունեության շնորհիվ է նաև, որ Լիբանանի հայ համայնքը եղել և շարունակում է մնալ Սփյուռքի ազգային, հոգևոր, կրթամշակութային կյանքի առանցքը:
Եվ այսօրվա միջոցառումը Թեքեյան մշակութային միության տարիների հայանպաստ գործունեության հերթական վկան է. չէ՞ որ համերգի յուրաքանչյուր մասնակից ամուր կամուրջ է դառնալու երկու ժողովուրդների միջև, յուրաքանչյուր մասնակից դառնալու է հայ դարավոր մշակույթի յուրօրինակ դեսպանն արաբական աշխարհում: Չէ՞ որ օտարներին ներկայացնելուվ մեր ազգային մշակութային ժառանգությունը` բարձրացնում ենք մեր մշակույթի միջազգային համբավն ու հեղինակությունը:
Ուստի պատահական չէ, որ համերգի մասնակից հայ և արաբ երաժիշտները պարգևատրվել են ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով՝ հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ներկայացման ու տարածման, հայ մշակույթի պահպանման ու հարատևման գործում ունեցած ավանդի համար:
Բարի երթ ձեզ, սիրելինե՛րս, և բարի վայելում: