ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրել է լիբանանահայ մի խումբ գործիչների

Դեկտեմբերի 12-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված լուսանկարների ցուցահանդես`  նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին: Այս առիթով աշխատանքային այցով Լիբանանում գտնվող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևներ, մեդալներ ու 2015 թվականի Համահայկական մրցանակաբաշխության մրցանակներ հանձնեց լիբանանահայ մի խումբ գործիչների:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց բոլորին ազատ ու անկախ Հայաստանի 25-ամյակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակի պանծալի տարեդարձի առիթով:

«Անցնող 100-ամյակի մեծագույն ու շոշափելի արդյունքը Հայաստանի և Ղարաբաղի հանրապետությունների գոյությունն է»,-ասել է Հրանուշ Հակոբյանը՝ ընդգծելով, որ Անկախության տարիներին ունեցած Հայաստանի Հանրապետության 14 հերոսի կոչում ստացածներից 3-ը սփյուռքահայ են` Ալեք Մանուկյան, Շարլ Ազնավուր և Քըրք Քրքորյան:

Նախարար Հակոբյանն իր խոսքի վերջում բարձր է գնահատել Լիբանանի հայ համայնքի դերն ու կատարած ազգանվեր աշխատանքը՝ նշելով, որ  լիբանանահայ գաղութն  ամենից աշխույժ, կայտառ, հայասեր, հայաբույր գաղութներից մեկն է: Սփյուռքի նախարարն իր խորին շնորհակալությունը հայտնեց հանուն հայության, հանուն Հայաստանի և հայապահպանության, հայ ժողովրդի զավակներին բերած նպաստի ու աջակցության համար:

Լիբանանահայ գործարար, բարերար Թորոս Սիրանոսյանին Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով: «Կյանքիս մեջ շատ պարգևներ ու շքանշաններ եմ ստացել երկրների նախագահներից, բարձրաստիճան անձնավորություններից, բայց այս պարգևն ինձ համար մեծագույն ու կարևոր պարգևն է,  որ ստանում եմ  կյանքիս մեջ: Որքան որ հպարտ եմ իմ լիբանանյան քաղաքացիությամբ, նույնքան և ավելի հպարտ եմ, որ ազգությամբ հայ եմ»,-իր շնորհակալական խոսքում ասել է Թորոս Սիրանոսյան:

Ըստ «Հայերն այսօր»-ի՝ «Մայրենիի դեսպան» մեդալով պարգրատրվեցին ազգային «Աքսոր Գասարճյան» վարժարանի տնօրեն Արեգնազ Աղասարգիսյան, ազգային «Նուբարյան-Խրիմյան» վարժարանի տնօրեն Վաչե Հարմանտայանը, Համազգայինի ճեմարանի և ազգային «Աբգարյան» վարժարանի երկարամյա ուսուցչուհի Մարալ Խտրլարյանը, Հայ կաթողիկե «Սրբոց Հռիփսիմեանց» բարձրագույն վարժարանի ուսուցչուհի Զապել Քեոշկերյան-Ֆերմանյանը, Հայ կաթողիկե «Սուրբ Խաչ-Հարպոյան» վարժարանի լրատվական բաժնի պատասխանատու, ուսուցչուհի, «Թռիչք» պարբերաթերթի խմբագիր Լյուսի Տեոքմեճյանը, «Շամլեան Թաթիկեան» վարժարանի երկարամյա ուսուցչուհի Սոսի Ապուհանյանը, Մանկավարժական գործի երկարամյա մշակ, լրագրող, խմբագիր Ռոզեթ Ալեմյանը և լրագրող, հրապարակախոս Պարույր Աղպաշյանը:

«Երախտագիտության» մեդալով պարգևատրվեցին Հայ կաթողիկե «Մեսրոկյան» բարձրագույն վարժարանի երկարամյա մանկավարժ, կրթության գործի կազմակերպիչ Մարիա Ապունայան-Պեոճեքյանը, Հայ ավետարանական քոլեջի մանկավարժ Հասմիկ Թորոսյանին, ՀԲԸՄ «Պողոս Գ. Կարմիրյան» վարժարանի արաբերենի ուսուցիչ Նորայր Պաղտասարեանը, 1964 թվականին հիմնադրված Բուրջ Համուդում միակ երկրորդական «Ազգային Լեւոն եւ Սոֆիա Հակոբյան» վարժարանը: ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով պարգևատրվեց ազգային, հասարակական գործիչ, «ԱՖՀԻԼ» (Armenian Fund for Health Insurance in Lebanon) հիմնադրամի տնօրեն Հակոբ Լատոյանը: Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Համահայկական մրցանակաբաշխություն-2015-ի արդյունքներով՝ Գալպագյան ընտանիքը պարգևատրվեց՝ իբրև  լավագույն ընտանիք:

Սփյուռքի նախարարը շնորհավորեց բոլոր պարգևատրվածներին` մաղթելով ամենայն բարիք:

1 2

Լուսանկարները՝ «Ազդակ»-ի:

 

Scroll Up