Հայաստանի և Սփյուռքի միջև կապերն այսքան ամուր չէին լինի, եթե գոյություն չունենար Սփյուռքի նախարարությունը. զրույց-քննարկում Լիբանանում

Դեկտեմբերի 12-ին կազմակերպությամբ ՀԲԸՄ-ի «Խոսնակ» պաշտոնաթերթի, հովանավորությամբ ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանակային հանձնաժողովի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, ՀԲԸՄ «Դեմիրճյան» կենտրոնում տեղի է ունեցել «Բազմազան զրույց. Հայաստանի անկախության 25 տարիները (իրագործումներ, բացթողումներ, հեռանկարներ)» խորագրով զրույց-քննարկումը:

Նախարար Հրանուշ Հակոբյանի, Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանի, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայդոստյանի և «Ազդակ» օրաթերթի տնօրեն և գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի մասնակցությամբ կայացած զրույցը վարել է «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը:

«Հայերն այսօր» պարբերականը, հղում կատարելով Լիբանանի «Ազդակ» օրաթերթին, հայտնում է, որ բացման խոսքում Հովիկ Առաքելյանն անդրադարձել է բարեգործական, մարդասիրական, որբախնամ, ազգանվեր, եկեղեցանվեր ու հայրենանվեր միության` ՀԲԸՄ-ի 100-ամյակին` ներկայացնելով վերջինիս գործունեությունը: Բանախոսն իր խոսքում շեշտել է, որ այսօր էլ` ՀԲԸՄ-ի հիմնադրությունից 110 տարի անց, միության պատասխանատուները գիտակցում են, որ տակավին շատ աշխատանք կա իրականացնելու՝ թե Հայաստանում և թե՛ Սփյուռքում:

Իր խոսքում Համբիկ Մարտիրոսյանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակը նկատել է՝ որպես հույսի ու լույսի տոն, նաև առիթ` հաշվետվության, ինքնասերտողության, ինքնարժևորման և ապագայի հեռանկարների ուրվագծման:

Անկախության արժեքի և կարևորության մասին խոսելով` նախարար Հրանուշ Հակոբյանը հաստատել է, որ անկախությունը գերագույն արժեք է, Հայաստանի անկախությունը կերտված է ժողովրդի 99 տոկոսի «Այո»-ի հաստատմամբ, որից հետո աշխարհի տարբեր պետություններ ճանաչեցին Հայաստանն իբրև պետություն, որն իր տեղն ու դերն ունեցավ միջազգային տարբեր հարթակներում:

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը կարևորել է ազգային պետականություն ունենալու անհրաժեշտությունը, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն գործել և համապատասխան մակարդակի հարաբերություններ մշակել հարևան պետությունների հետ:

Վերապատվելի Փոլ Հայդոստյանն իր խոսքում նշել է, որ պետականության հետ պետք է վերաբերվել ավելի շոշափելի կերպով, պետք է ընկալել այն և համապատասխան քայլերով հաստատել նրա գոյությունը:

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն էլ շեշտել է, որ Հայաստանում տեղի ունեցած հանրաքվեի ու անկախության հռչակման մասին խոսելիս` հնարավոր չէ չանդրադառնալ Արցախյան ազատագրական պայքարին, որովհետև դրանք գաղափարապես շաղախված են, երկու դեպքում էլ համաժողովրդական շարժումը նկատելի էր, ժողովուրդը համարձակ արտահայտեց իր տեսակետն ու կեցվածքը:

Հայաստանի անկախության առաջին տարիներին վերաբերող հարցին ի պատասխան` նախարար Հակոբյանը լուսարձակի տակ է առել մեր երկրին պատուհասած դժվարությունները՝ երկրաշարժ, Սումգայիթյան ջարդեր, փախստականների խնդիր, կենցաղային դժվարություններ, ճգնաժամային իրավիճակ, Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմ և այլն: Հրանուշ Հակոբյանը հատկապես շեշտել է, որ այդ օրերին Սփյուռքը հասավ Հայաստանին օգնության, կանգնեց նրա կողքին, որպեսզի հայրենիքը շարունակեր ապրել՝ հավելելով, որ Սփյուռքը հանդիսանում է Հայաստանի իրական հարստությունն ու ուժը և հավերժ ներկայություն է հայրենիքի կյանքում:

Վերապատվելի Փոլ Հայդոստյանը նշել է, որ ցուրտ ու մութ տարիներին Հայաստանին ձեռք մեկնեցին սփյուռքահայերը` շեշտելով, որ կարեկցանքից շատ ավելի հեռու անցնելով՝ սփյուռքահայը լծվեց գործի, ինչը և շարունակում է առ այսօր:

Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը նշել է, որ Անկախությունից հետո անհրաժեշտություն կար նաև փոխելու Խորհրդային Միության մաս կազմած Հայաստանի բնակչության հոգեբանությունը: Նաև շեշտել է, որ Հայաստանը տնտեսական մեծ հարված ստացած ողջունեց անկախությունը, որովհետև իր տնտեսության ավելի քան 40 տոկոսը կորցրեց՝ ունենալով ամենօրյա հաց ապահովելու խնդիր:

Շահան Գանտահարյանն անկախության ձեռքբերման և պետականաշինության մեջ մեծապես կարևորել է բանակի կազմավորումը: Այն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գոյատևման երաշխիքն է, որովհետև միայն բանակի շնորհիվ կարելի է հաղթահարել բազում դժվարություններ:

Այնուհետև զրույցի մասնակիցները խոսեցել են 25-ամյա անկախության ձեռքբերումների և նվաճումների մասին, որոնց մեջ նախարար Հրանուշ Հակոբյանն առանձնացրել է 2 հանրապետություններ ունենալը, մարտունակ ու անպարտ Հայոց բանակը, պետականաշինությունը` սփյուռքահայերի մասնակցությամբ: Նա շեշտել է, որ այսօր չկա բնագավառ, ուր սփյուռքահայերն իրենց ներդրումն ու գործարարությունը չկատարեն: Նախարարն կարևոր է համարել նաև շեշտը դնել հայրենիքին վերաբերող դրական ցուցանիշների վրա, այլ ոչ թե խոսել միայն արձանագրված բացթողումների մասին: Հրանուշ Հակոբյանը նաև հաստատել է, որ այսօր գործադրվում է ամեն ջանք, որպեսզի հայրենիքը քաղաքականապես, տնտեսապես, զբոսաշրջության առումով ավելի բարեփոխվի և կաշառակերության դեմ պայքարելով՝ լինի ավելի հզոր ու համայն հայության իսկական հայրենիքը:

Վերջին հարցը վերաբերում էր Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և Սփյուռքի նախարարության գործունեությանը:

Վերապատվելի Փոլ Հայդոստյանը անցյալի և ներկայի միջև համեմատություն կատարելով՝ ասել է, որ այսօր առկա է փոխվստահություն, շինիչ փոխհարաբերություններ` հաստատելով, որ Հայաստանի և Սփյուռքի միջև կապերն այսքան ամուր և սահուն չէին լինի, եթե գոյություն չունենար Սփյուռքի նախարարությունը:

Շահան Գանտահարյանն անդրադարձել է նորացված սահմանադրությանը, որի մշակման շարժառիթը քաղաքական է, և որն իր լուրջ ազդեցությունը պիտի ունենա Հայաստանում հավասարակշռված քաղաքական դաշտի ստեղծման վրա:

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը Հայաստան-Սփյուռք հարաբերություններին անդրադարձել է լրատվական-տեղեկատվական դաշտի դիտանկյունից` դրական նկատելով այն, որ լրջություն ու պատասխանատվություն է տիրում այս ոլորտում: Հատկապես նուրբ իրավիճակներում միշտ ջանք կա հիմնական աղբյուրից քաղելու լուրերը, որպեսզի սայթաքումներից հնարավոր լինի խուսափել:

Շահան Գանտահարյանի պնդմամբ՝ կազմակերպված համահայկական համաժողովները ոչ միայն ծառայում են Հայաստան-Սփյուռք ճանաչողությանը, այլ նաև` Սփյուռք-Սփյուռք: Հայրենիքի և Սփյուռքի հարաբերությունների առումով Շահան Գանտահարյանը կարևոր է  համարել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում նշված հետևյալ կետը. «Սփյուռք հասկացողության նկատմամբ հայեցակարգային մոտեցման փոփոխություն պետք է լինի»: «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը շեշտել է, որ Սփյուռքին պետք է վերաբերվել համասեփականատիրոջ, իրավունքների և պարտականությունների տիրոջ նման:

Դեսպան Սամվել Մկրտչյանն անդրադարձել է արտագաղթին, շեշտելով, որ հիմնական պատճառները տնտեսական են: Դեսպանը նաև նշել է, որ այս հանգամանքը միայն ժխտական անդրադարձներ չունի, կան նաև դրական կետեր, որովհետև արտերկրում գտնվող հայորդիները ևս մասնակից  են դառնում տնտեսության կայացմանը: Սամվել Մկրտչյանը նաև լուսարձակի տակ է առել սփյուռքահայերի հայրենիք տեղափոխվելու խնդիրը, նրանց ներուժը, փորձառությունն ու կարողությունն ի նպաստ հայրենիքի ներդնելու կարևորությունը, որպեսզի տարբերությունները մեղմանան, երկու հատվածներն առավել ևս ճանաչեն միմյանց, հասկանան և գործակցեն:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր եզրափակիչ խոսքում կարևորել է 5 հիմնական ոլորտները, որոնց շուրջ հայերը պետք է միավորվեն, միասնաբար աշխատեն, որպեսզի հնարավոր լինի առկա մարտահրավերները դիմագրավել և առաջ ընթանալ: Նախարարը մատնանշել է կառավարության նոր համակարգը, տնտեսական բարեփոխումներն ու ներդրումները, որոնց շրջանակներում մեծապես գնահատել է «ԱՌԻ» ծրագիրը: Հրանուշ Հակոբյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման խնդիրը, Ցեղասպանության ճանաչման և դատապարտման աշխատանքների իրականացումը, արտակարգ իրավիճակներում  հայտնված հայորդիներին՝ վերջին ժամանակաշրջանում` սիրիահայերին և իրաքահայերին, նեցուկ կանգնելը:  Նախարարը կոչ է ուղղել ամեն տեսակ դժվարությունների դեմ պայքարելու համար՝ դառնալ մեկ ուժ և բռունցք, որպեսզի հնարավոր լինի բարձր ու անձեռնմխելի պահել երկու հիմնական արժեքները` հայն ու հայրենիքը:

Այնուհետև զրույցի մասնակիցներին հուշանվերներ են հանձնվել:

Ավարտին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախարարության «Պողոս Նուբար» շքանշանով է պարգևատրել ՀԲԸՄ-ի կրթական ոլորտում երկարամյա ծառայություն ունեցած Սիլվա Լիպարիտյանին:

Լուսանկարը՝ «Ազդակ» օրաթերթի

 

Scroll Up