ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագթաղինացի հայկական եկեղեցի
Նոյեմբերի 29-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Բելգիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է Բրյուսելի Հայ Առաքելական Սուրբ Մարիամ Մագթաղինացի եկեղեցի: Այս մասին «Հայերն այսօր»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Բելգիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Զատիկ վարդապետ Ավետիքյանը:
Հայր սուրբը, ողջունելով Սփյուռքի նախարարին եկեղեցու կամարների ներքո, Տերունական աղոթքն է հնչեցրել, որից հետո եկեղեցու հանդիսությունների սրահում մտերմիկ զրույց-հանդիպում է տեղի ունեցել:
Հանդիպմանը ներկա են եղել եկեղեցու հոգևոր այրերը, դպրաց և սարկավագաց դասը, երգչախմբի անդամները, եկեղեցու հոգաբարձուների խորհրդի ատենապետ Գրիգոր Պողոսյանը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հանդիպումը կազմակերպելու համար, ապա հանգամանալից ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Սփյուռք փոխգործակցության հզորացմանը: Նախարարը կոչ է արել երկուստեք աշխատելով՝ հասնել ազգային տարբեր խնդիրների լուծմանը, դիմագրավել առկա մարտահրավերներին և նպաստել Հայաստանի բարգավաճմանը:
Նախարարն այնուհետև անդրադարձել է Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և արդարացի լուծման համար անհրաժեշտ քայլեր կատարելուն, որոնք պետք է կյանքի կոչվեն սփյուռքյան կառույցների հետ համագործակցելով:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոսքի մեջ կարևորել է նաև արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին՝ սիրիահայերին և իրաքահայերին օգնելուն, Սփյուռքում Մայրենիի պահպանման անհրաժեշտության, համազգային խնդիրների շուրջ հայերի համախմբման և Սփյուռքի ներուժի օգտագործման հարցերը: