Լիբանանահայ լրատվամիջոցների դերակատարությունն անփոխարինելի է. Հրանուշ Հակոբյան
Հուլիսի 14-ին Լիբանանում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ լիբանանահայ լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ:
Հանդիպման սկզբում «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը ողջունեց ներկաներին ու նախարարին:
Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ նախորդող օրերին Բիքֆայայում տեղի ունեցած «Սփյուռքը նոր հորիզոնների դիմաց. Սփյուռքի հայի ինքնահասկացողությունը» խորագրով համահամաքին: Ներկայացնելով քննարկված հարցերը՝ նախարարը շեշտեց, որ ինքնության պահպանման շրջանակներում անփոխարինելի և մեծ դերակատարություն ունեն լրատվամիջոցները: Հրանուշ Հակոբյանը ընդգծեց, որ հատկապես պետք է ուշադրություն դարձնել երիտասարդներին, էլեկտրոնային տարբեր եղանակներով փորձել միշտ կապ պահել նրանց հետ՝ ներկայացնելով հայկական իրականության մեջ առկա պայծառ ու հպարտության առիթ հանդիսացող դեմքերն ու դեպքերը, օգնել, որպեսզի նրանք հպարտ զգան իրենց հայկական ինքնությամբ:
Նախարարը կարևորեց նաև Արցախի թեման լուսարձակի տակ մնայուն պահելը՝ շեշտը դնելով ազատագրված հողերի պահպանման հարցին, ինչպես նաև անդրադառնալ Հայաստանում կատարվող բարեփոխումներին, հատկապես տնտեսական նոր քաղաքականությանը, որի միջոցով ներդրողներն ու գործարարներն ավելի ընդարձակ հնարավորություններ պիտի ունենան: Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ լրատվամիջոցները պետք է գործեն այնպես, որ հայաստանյան այն օրենքները, որոնք փոքր-ինչ բարդ են թվում, ավելի պարզ ու մատչելի ոճով ներկայացվեն գործարարներին, որպեսզի նրանք գիտակցեն, որ հայրենիքում աշխատանք նախաձեռնելու ինչ հնարավորություններ կան:
Շնորհակալություն հայտնելով լրատվամիջոցներին` Սփյուռքի նախարարության բազմաբնույթ ու բազմաճյուղ աշխատանքների մասին հասարակությանը տեղյակ պահելու համար` Հրանուշ Հակոբյանը կարևորեց այս առումով նրանց աշխատանքը, որովհետև, ինչպես նկատեց նախարարը, լրատվամիջոցները նախարարության ապավենը, զենքը, դեսպաններն ու ներկայացուցիչներն են, որոնց միջոցով նախարարությունը իրազվում է Սփյուռքի պահանջներին և ակնկալիքներին, ինչպես նաև սփյուռքահայությունը ծանոթանում է նախարարության գործունեությանը:
Իր խոսքի ավարտին, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը խոսեց սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի մասին, որի շուրջ նախատեսված է համախմբել 1500-1600 հայեր, որը ցույց կտա հայի հզորությունը, միասնականությունը: Նման նախաձեռնությունները նաև թշնամիներին հայի ուժը ցուցադրելու լավագույն առիթն են, միաժամանակ նպաստում են Սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի հաստատմանը, համագործակցության նոր հորիզոնների ստեղծմանը: Նախարարը խոսեց համաժողովի ընթացքում նախատեսված ժողովների, կլոր սեղանների, մշակութային ձեռնարկների և կայանալիք այցելությունների մասին` մաղթելով, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակցին նման կարևոր համաժողովին: