ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց պոլսահայ համայնքի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում «Արա և Շամիրամ» պարային բեմադրությունը ներկայացնելու նպատակով Երևան ժամանած Պոլսի «Մարալ» երգի-պարի միության պարախմբի պարագրության ղեկավար Լեռնա Փափազյանին, պարագրող և պարուսույց Դալար Քեոսեօղլուին, ընդհանուր համակարգող և կազմակերպիչ Սելմա Մելեքյանին և «Մարմարա» օրաթերթի փոխմբագրապետ Մաքրուհի Հակոբյանին:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանն իր հիացումն ու երախտագիտությունը հայտնեց պոլսահայ համայնքին՝ իրենց ինքնությունը պահելու, հայորեն ապրելու և հայ մշակույթը զարգացնելու համար և շեշտեց, որ այդ շնորհակալ գործում իրենց անուրանալի դերն ունեն այսօրվա հյուրերը:

Այնուհետև, հյուրերը պատմեցին իրենց ստեղծագործական ծրագրերի և հատկապես «Արա գեղեցիկ և Շամիրամ» բեմադրության մասին, որը հիմնված է պատմահայր Խորենացու համանուն առասպելի վրա և հայ ժողովրդի հերոսական պատմության կարևոր դրվագներից է:

Ողջունելով «Մարալ» պարային խմբի գեղեցիկ մտահղացումը՝ նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ պարը հզոր զենք է ժողովրդի ոգին ու պատմական հիշողությունը պահպանելու գործում և հաջողություն մաղթեց սեպտեմբերի 13-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունենալիք «Արա Գեղեցիկ և Շամիրամ» պարային բեմադրության ներկայացմանը: 

IMG_1022

Scroll Up