ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալեց Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին:

 Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

 Ողջունելով Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչներին, մշակութային խմբերի ղեկավարներին, լրագրողներին և երիտասարդ առաջնորդներին Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը կարևորեց նրանց այցելությունը հայրենիք ու խորհրդարան՝ նշելով, որ տարիներ շարունակ սիրով է հանդիպում ամառային դպրոցի մասնակիցների հետ:

 Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր գնահատեց Սփյուռքի նախարարության նախաձեռնությունը՝ Հայրենիքում նման կրթական ծրագիր կյանքի կոչելը և  ընդգծեց Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների դերը հայապահպանության կարևոր գործում: Նա նշեց, որ հայ ժողովուրդը բազում համազգային խնդիրներ ունի լուծելու և այդ ուղղությամբ իրականացնելիք բազում ծրագրեր: «Սփյուռք» ամառային դպրոցը նման հաջողված ծրագիր է: ԱԺ նախագահը կարևորեց ծրագրի շրջանակներում արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցումը նման անմիջական շփմների միջոցով:

Նա մասնավորապես ասաց. «Կարող եմ անվարան ասել, որ «Սփյուռք» ամառային դպրոցը հուսալի ծրագիր է, որը պետք է ամրացնի մեր գաղափարախոսությունը, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ Սփյուռքում կարողանում եք պայքարել մեզ հետ միասին, իմացե՛ք, որ միշտ Ձեր կողքին ենք»:

 Գալուստ Սահակյանը սփյուռքահայ հյուրերին ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» նախաձեռնությունը՝ ընդգծելով Սփյուռքի հայկական համայնքների և կրթօջախների դերը դրա իրականացման գործում:

 ՀՀ Ազգային ժողովի նախագահը «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչներին հորդորեց   ավելի մեծ եռանդով ու սիրով  շարունակել իրենց ազգապահպան առաքելությունն :

 Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահին ավանդական դարձած ընդունելության համար: Նախարարը ևս կարևորեց արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման հնարավորությունը և հուլիսի 29-30-ը այդ նպատակով նախարարության նախաձեռնությամբ իրականացվելիք համաժողովը:

 Գերատեսչության ղեկավարը հորդորեց ծրագրի մասնակիցներին, որ Սփյուռքում իրենց զավակներին սովորեցնեն հայոց լեզուն, սրբորեն պահեն ու պահպանեն մեր Մայրենին՝ ազգապահպանության ամենամեծ գրավականը:

 Հանդիպման վերջում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց  «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հարցերին:

cc4c2c5c3c1

Scroll Up