Արի տուն-2015. Մարիամ Սաքանյան. «Չինացիներին ամեն առիթի դեպքում պատմում ենք Հայաստանի մասին»

ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը, աշխարհագրական սահմաններն ընդլայնելով, հասել է Չինաստան:
15-ամյա Մարիամ Սաքանյանը Չինաստանից ժամանած առաջին պատանին է, որ ցանկություն է հայտնել մասնակցելու համահայկական այս ծրագրին:
«Հայերն այսօրը» զրուցել է չինահայ աղջնակի հետ:
-Մարիա՛մ, ինչպե՞ս է քո ընտանիքը հաստատվել Չինաստանում:
– Ծնողներս են որոշել Չինաստանում ապրել: Նրանք երևանցի են, երկու տարեկան եմ եղել, երբ տեղափոխվել ենք Չինաստան: Հաստատվելով այնտեղ՝ սկզբնական շրջանում ընտանիքով շատ դժվարությունների ենք հանդիպել, չէինք ընտելանում միջավայրին, սակայն ժամանակի ընթացքում հաղթահարեցինք ամեն ինչ և հունի մեջ ընկանք: Սովորելով չինարեն՝ ես արագ ներգրավվեցի Չինաստանի կյանքի մեջ: Այժմ սովորում եմ Չինաստանի Սուջո Սինգապուր միջազգային դպրոցի 10-րդ դասարանում:
-Չինաստանում հայկական ինքնությունդ պահպանելու համար ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:
– Չինաստանում հայերի թիվը մեծ չէ, սակայն տարբեր քաղաքներում ապրող հայերը կարողանում են համախմբվել մի կառույցի շուրջ, որը «Չինահայ» ենք անվանել: Պարբերաբար հավաքվում ենք, քննարկումներ կազմակերպում, նշում հայկական ազգային, պետական տոները: Այս միջոցով ենք փորձում պահպանել մեր ինքնությունը և մոտ զգալ Հայաստանին:
Փորձում ենք նաև Հայաստանը ճանաչելի դարձնել չինացիներին: Ամեն առիթի դեպքում նրանց պատմում ենք մեր երկրի մասին, խոսում մեր ծագումից, մշակույթից ու պատմությունից: Գիտեք, նրանցից շատերն անգամ տեղյակ չեն, որ Հայաստան անունով պետություն գոյություն ունի:
-Ինչպե՞ս իմացար «Արի տուն» ծրագրի մասին:
-Մայրիկիս ընկերուհին է պատմել այս ծրագրի մասին. նա անցյալ տարի իր տանը հյուրընկալել է արիտունցիներից մեկին: Նա էլ հուշեց մայրիկիս, որ ես նույնպես կարող եմ մասնակցել ծրագրին: Սկսեցի համացանցի միջոցով հետաքրքրվել «Արի տուն» ծրագրի մասին: Ինչքան տեղեկություններ էի հավաքում, այնքան շատ էի ոգևորվում:
Գալով Հայաստան՝ միանգամից ընտելացա ծրագրի մասնակիցների և, առհասարակ, մարդկանց հետ: Ուզում եմ՝ բոլորն իմանան, որ ես Հայաստանի մի մասնիկն եմ, թեև Հայրենիքից հեռու եմ գտնվում:
– Մարիա՛մ, Հայաստան ասելիս ի՞նչ զգացումներով ես լցվում:
-Ջերմությամբ եմ լցվում: Իսկ այս պահին աչքիս առաջ եկավ Հայաստանում ապրող մարդկանց ջերմ ժպիտները, որոնք անկեղծ են ու բարի:
Զրուցեց Գևորգ Չիչյանը