Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Եռաբլուր զինվորական պանթեոն

Սեպտեմբերի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի աշխատանքների ավարտից հետո, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի օրը, համաժողովի մասնակիցներն ամբողջ կազմով այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Եռաբլուր զինվորական պանթեոն:

 

Էջմիածնում համաժողովի մասնակիցները նախ շրջայց կատարեցին Մայր Տաճարի տարածքում, ծանոթացան հարակից շինությունների նշանակության, կառուցման պատմությանը, ապա մոմ վառեցին և մասնակցեցին Սուրբ Պատարագին:

 

Ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղևորվեցին Եռաբլուր, որտեղ նրանց դիմավորեց Եռաբլուր զինվորական պանթեոնի արարողակարգերի բաժնի պետ, կապիտան Ալբերտ Առաքելյանը: Պարոն Առաքելյանն իր ողջույնի խոսքում հատկանշեց այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության անկախության օրը աշխարհասփյուռ հայերը Հայաստանում են գտնվում, որի առիթով շնորհավորեց բոլորին: Ալբերտ Առաքելյանը, հայրենասիրական ոգով տոգորված, համաժողովի մասնակիցներին հուզումով և հպարտությամբ ներկայացրեց զոհված հայորդիների կյանքը և նրանց կատարած սխրագործությունները: Ապա բոլորը միախմբված հարգանքի տուրք մատուցելու համար այցելեցին զոհվածների շիրիմին, գլուխ խոնարհեցին և ծաղիկներ դրեցին: Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Աղբյուր Սերոբի կնոջ՝ Սոսե Մայրիկի շիրիմի մոտ ՀՕՄ-ուհիները կատարեցին ՀՕՄ-ի հիմնը, ինչն  անչափ ազդեցիկ էր և հուզիչ:

Եռաբլուրից Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցները շարժվեցին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ մասնակցելու համար ՀՀ Նախագահի` Անկախության օրվան նվիրված ընդունելությանը և տոնական համերգին:

3 (1)51 (1)

Scroll Up