Բալետմայստեր Գագիկ Կարապետյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով
Հունիսի 19-ին Արամ Խաչատարյան համերգասրահում տեղի ունեցավ ճանաչված բալետմայստեր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանի ծննդյան 65-ամյակին և ստեղծագործական գործունեության 45-ամյակին նվիրված համերգ, որին մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:
Բարձր գնահատելով Սփյուռքում հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում Գագիկ Կարապետյանի ունեցած ներդրումը, ստեղծագործական, կատարողական բարձր վարպետությունը, Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդը՝ Գագիկ Կարապետյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով:
Գագիկ Կարապետյանը համերգներով հանդես է եկել աշխարհի 30 երկրում, մասնակցել է համամիութենական և միջազգային փառատոնների: Ազգային մոտիվներով ստեղծած նրա բեմադրություններից են՝ «Զարթոնք», «Մայրություն», «Արցախի», «Իշխանապար», «Ազգագրական պարեր», «Քոչարի», «Մարտապար», «Վահագնի ծնունդը» և այլն:
Գ. Կարապետյանը համագործակցել է Նյու Յորքի ՀԲԸՄ «Անդրանիկ», Հալեպի «Սարդարապատ», Բուենոս Այրեսի «Գայանե», Մոսկվայի «Հայորդիք» պարախմբերի, Թեհրանի «Արարատ» մշակութային կենտրոնի հետ՝ բեմականացնելով բազմաթիվ պարեր, Սփյուռքում տարածելով և զարգացնելով հայկական պարարվեստը: