ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ Պոլսի «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր Մաքրուհի Հակոբյանի գրքի շնորհանդեսը

Հոկտեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, կայացավ Պոլսի «Մարմարա» օրաթերթի փոխխմբագիր, «Սուրբ Փրկիչ» ամսաթերթի խմբագիր, թարգմանիչ, վաստակաշատ մանկավարժ Մաքրուհի Հակոբյանի «Անվերջակէտ զրոյց՝ մեր գրականութեան երախտաւորներուն հետ» գրքի շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, բ.գ.թ. Սերժ Սրապիոնյանը: Բարձր գնահատելով վաստակաշատ խմբագրի գործը` ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը նշեց. «Մաքրուհի Հակոբյանի այս աշխատությունը նահանջի յուրօրինակ ահազանգ է, հանրության ուշադրությունը անհետացող պոլսահայ սերնդի վրա բևեռելու նշանակալի եւ հիմնարար գործ»: Պարոն Սրապիոնյանը հավելեց, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մշտապես բարձր է գնահատել Մաքրուհի Հակոբյանի` պոլսահայ համայնքի շնորհաշատ արվեստագետներին Հայրենիքում ներկայացնելու ջանքերը: «Շնորհիվ Ձեզ նման ազգանվեր հայերի` համոզված եմ, պոլսահայ գրական եւ մշակութային կյանքը ունենալու է արժանի փոխարինողների սերունդ», – եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը:

Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը կարևորեց համայնքում ստեղծվող հայ մշակույթը տարածելուն ուղղված Մարքուհի Հակոբյանի ջանքերը: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն առանձնացրեց խմբագիր Մաքրուհի Հակոբյանի` արեւմտահայերենի բացառիկ իմացությունը: Հայերենի վտանգված այս ճյուղով լույս տեսած հարցազրույցների ժողովածուն, որը նախ եւ առաջ համայնքի եւ այնտեղ ապրած մարդկանց կյանքի վավերագրություն է, փաստագրական լուրջ արժեք է հետագա ուսումնասիրողների համար:

Բարձր գնահատելով հեղինակի նվիրումն ու հավատարմությունը խմբագրի գործին և հայ գրականությանը` Ա. Գևորգյանը Մ. Հակոբյանին պարգեւատրեց Հայաստանի ժուռնալիստների միության Ոսկե մեդալով:

Խ. Աբովյանի անվան ԵՊՄՀ Հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը նշեց, որ «Անվերջակետ զրոյց…»-ով Մ. Հակոբյանը ամբողջացնում և հայտարարի է բերում Պոլսում ստեղծված 50 տարիների ստեղծագործական վաստակը:

Ներկաներին ողջունեց և օրհնանքի խոսք ասաց «Սահակեան» երգչախմբի դպրաց դասի ատենապետ Հ. Զաքէոս ծ. վրդ. Օհանյանը:

Ելույթներով հանդես եկան «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի մեթոդիստ Ք.Աբրահամյանը, թատերագետ Լ.Մութաֆյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակից Լ.Դամիրյանը և այլք:

Միջոցառման գեղարվեստական մասում հանդես եկավ Ստամբուլի «Սահակեան» երգչախումբը` խմբավար Սևան Ակօշեանի ղեկավարությամբ:

Scroll Up