ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները միավորվել են՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման
ԱՄՆ-ում գործող թուրքական ավելի քան 150 կազմակերպությունների նախաձեռնությամբ ձևավորվել է «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտե» (Turkish American National Steering Committee – TASC), որն իր առջև նպատակ է դրել պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «sabah» թերթի կայքի հաղորդմամբ` TASC-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց նպատակն է ԱՄՆ-ի հասարակությանն իրազեկել և ցույց տալ «պատմական ճշմարտությունը» Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Նշվում է նաև, որ կոմիտեի նպատակներից է նպաստել ԱՄՆ-ի քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում թուրք հանրության ներգրավվածության բարձրացմանը, ԱՄՆ-ի իշխանական շրջանակներում Թուրքիայի ռազմավարական կարևորության գիտակցմանը և ամերիկյան հասարակությունում Թուրքիայի մասին դրական ընկալումների ձևավորմանը:
Կոմիտեի հիմնադիրներն են Իբրահիմ Ույարը, Գյունայ Օվունչը. Դերյա Թաշքինը, Մուրաթ Գյուզելը և այլք:
Հիշեցնենք, որ նույն մարտի 18-ին Թուրքիայում այս տարի անցկացվել էին Գալիպոլիի տոնակատարությունները՝ ի տարբերություն նախորդ տարվա, երբ միտումնավոր կերպով այդ միջոցառումները տեղափոխվել էին ապրիլի 24: