Ֆրանսիայի հայերը բողոքի նամակ են հղել երկրի ԱԳ նախարարին՝ Ցեղասպանության մասին ֆրանսիացի դեսպանի հայտարարության առնչությամբ
Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը բողոքի նամակ է հղել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին՝ հունվարի 12-ին ամերիկյան «NBC» հեռուստաալիքի եթերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոյի արած հայտարարության առնչությամբ, Tert.am-ի փոխանցմմաբ՝ հաղորդում է Nouvelles d’Armenie-ն:
ԱՄՆ-ում միաժամանակ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել բողոքի ակցիա անցկացնել Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատան առջև:
Հունվարի 12-ին NBC News-ին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու է Ֆրանսիան թույլ տալիս հակաիսլամական ծաղրանկարների սադրանքներ, մինչդեռ Ֆրանսիայում օրենքներով արգելված է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության ժխտումը՝ ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն պատասխանել է.
«Իրականում Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ օրենք չկա: Կա միայն մեկ օրենք Հոլոքոստը ժխտելու վերաբերյալ, քանի որ դա կարծիք չէ: Հոլոքոստը եղել է: Հետևաբար, երբ ասում եք, որ Հոլոքոստ չի եղել, դուք կարծիք չեք հայտնում, դա փաստ է: Բացի Հոլոքոստից՝ ամեն ինչ թույլատրված է: Իհարկե, եթե չկա զրպարտություն որևէ անձի դեմ»: