ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանին

Հոկտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին:

Զրույցի ընթացքում քննարկվեցին ստամբուլահայ համայնքի ազգային-մշակութային կյանքի անցուդարձին առնչվող հարցեր:

Արա Գուչունյանը նախարարին նվիրեց Սևան Տեյրմենճյանի աշխատասիրությամբ վերջերս հրատարակված պոլսահայ նշանավոր գրող Երուխանի (Երվանդ Սրմաքեշխանլյան) «Փոքր Ասիոյ մէջէն» հոդվածների և նորավեպերի ժողովածուն, որը «Ժամանակ» օրաթերթի կողմից հրատարակվող մատենաշարի հերթական հատորն է: Ինչպես տեղեկացրեց Ա. Գոչունյանը, առաջիկայում լույս կտեսնի մատենաշարի հաջորդ՝ Ռուբեն Զարդարյանին նվիրված հատորը: Նա նաև նշեց, որ ստեղծվել է «Ժամանակ» օրաթերթի էլեկտրոնային կայքէջ, ինչի շնորհիվ մեծացել է թերթի ընթերցողների թիվը:

Համաձայնություն ձեռք բերվեց առաջիկայում նախարարության աջակցությամբ իրականացնել «Ժամանակի» կողմից հրատարակվող պոլսահայ գրողների մատենաշարի և թերթի էլեկտրոնային կայքի շնորհանդեսը:

Scroll Up