«Սփյուռք» ամառային դպրոցը հայապահպանության հանգրվան

Մեկնարկեց Սփյուռքի նախարարության խոշորագույն ծրագրերից մեկը՝ «Սփյուռք» ամառային դպրոցը: 2012 թվականից իրականացվող այս ծրագիրն արդեն կայացման ուշագրավ ճանապարհ է անցել ու դարձել այն կարևորագույն հանգրվաններից մեկը, առանց որի հետայսու դժվար է պատկերացնել Հայաստան-Սփյուռք կապերը: Նախարարության առաջնային խնդիրներից մեկը հայապահպանությունն է, Սփյուռքում մայրենիի, ազգային արժեքների հանդեպ վերաբերմունքի ամրակայումը, հայոց լեզվի գերակայությունը հայկական ընտանիքներում, ու «Սփյուռք» ամառային դպրոցի հայեցակարգն էլ հենվում է այս առաջնահերթությունների վրա և նպաստում այն բանին, որ դպրոցն օրավուր հանրահռչակվի ու ձեռք բերի ինչպես մեծ թվով ունկնդիրներ, այնպես էլ բարեկամներ:

Սփյուռքի նախարարության իրականացրած ցանկացած ծրագիր համահունչ է նաև կրթության ազգային ու միջազգային ծրագրերին, ամեն ինչ արվում է, որպեսզի Հայաստանից հեռու ապրող հայ երիտասարդը ոչ միայն չկտրվի ազգային ակունքներից, այլև հաղորդակից դառնա մի շարք ոլորտներում աշխարհում տեղի ունեցող բարեփոխումներին ու նորացումներին, ինտեգրվի հանրային ընկերային և հանրային ոլորտներին: Ուստի այս տարի դպրոցը բացել է մի շարք ծրագիր-բաժանմունքներ, որոնք ձևավորվել են ժամանակի հրամայականներով. «Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում», «Սփյուռքի լրագրողների դասընթաց», «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց», «Հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ», «Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց»: Այս տարի ավելացել է «Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստման» դասընթացը:

Յուրաքանչյուր ծրագիր համապատասխանեցվել է համալսարանական կրթության սկզբունքներին՝ այսպես ձգտելով կարճ ժամանակամիջոցում առավել շատ գիտելիքներ հաղորդել Հայաստան ժամանած սփյուռքյան երիտասարդներին, որոնցից ամեն մեկն այսուհետև իր նախնիների երկիրն ընկալում է ոչ միայն զգացական, այլև գործնական դիրքերից՝  հասկանալով և գնահատելով այն ջանքերը, որոնք ներդրվում են նախարարության կողմից: Այս դասընթացներում առաջնային է հատկապես Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստումը, քանզի այսօր, ի տարբերություն նախորդ դարի 60-70-ական թվականների, Հայաստանից դուրս գտնվող դպրոցներն իրենց լավագույն օրերը չեն ապրում: Եթե ազգային կրթությունը տակավին կայուն հիմքերի վրա է Մերձավոր Արևելքում, որտեղ էլ, ցավոք, պատերազմների պատճառով համայնքներն աստիճանաբար կազմաքանդվում են, շատերը լքում են ավանդական գաղթավայրերն ու հեռանում, ապա նորակազմ Սփյուռքում բազմաթիվ են խնդիրները: Շատ երկրներ ազգային փոքրամասնությունների կրթության կազմակերպման համար օրենքներ չունեն, ամենօրյա դպրոցները դառնում են հազվագյուտ՝ գլխավորապես առաջնային դարձնելով կիրակնօրյա դպրոցները, որոնք, բնականաբար, չեն կարող ապահովել այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից ազգային կրթությանը: Հետևաբար, ամառային դպրոցն առաջարկում է նոր ու ինքնատիպ ծրագրեր և մեթոդաբանություն, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կիրակնօրյա դպրոցներում ապահովել հայեցի կրթությունը, նպաստել այն բանին, որ մայրենին դուրս չմղվի հայկական միջավայրից:

Այսօր բոլորիս մտահոգությունն է մայրենիի պահպանությունը: Սփյուռքում ապրող մեր շատ հայրենակիցներ ցավով են նշում, որ օրավուր հայոց լեզուն նահանջում է, խառն ամուսնությունների միջոցով ձևավորվող ընտանիքներում այլևս հայերեն չեն խոսում, հայերենի ոչնչացման վտանգն է կախված Միջին Ասիայում և Ղազախստանում գտնվող հայկական համայնքներում, ուր չկան անգամ կիրակնօրյա դպրոցներ, իսկ եղածներն էլ լուծարվում են: Ուրեմն, բոլորի ջանքերն են պետք, բոլորի մտահոգությունն է պետք: Իսկ այդ մտահոգությունների առանցքում է հայտնվում ամառային դպրոցը, որն արդեն հույսեր է ներշնչում, որ դասընթացներին մասնակցողները ջանադրաբար կգործեն իրենց համայնքներում և կպահպանեն մեր լեզուն:

Լ. Մ.

Scroll Up