«Սփյուռք ամառային դպրոց-2014». «Վստահ եմ՝ Հայաստանում լրագրողական շատ գիտելիքներ եմ ստանալու…» Վարդիթեր Ծատուրյան
Վարդիթեր Ծատուրյանը ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի լրագրողների դասընթացների վերապատրաստմանն է մասնակցում: Թեհրանում գործող «Հույս» երկշաբաթաթերթի լրագրողներից է: Շատ է սիրում լրագրությունը, այդ իսկ պատճառով այդ մասնագիտությունն է ընտրել: Խոսելով թերթի մասին, Վարդիթերն ասաց, որ արդեն յոթ տարի է, ինչ գործում է Թեհրանում, երկլեզու է տպագրվում՝ հայերեն և պարսկերեն: «Հույս»-ի էջերում կարելի է զանազան տեղեկատվություն գտնել՝ հասարակական-քաղաքական, մշակութային սպորտային և այլն: Վարդիթերը նշեց, որ թերթի աշխարհագրական սահմաներն արդեն ընդլայնվել են. Հայաստանի և աշխարհի տարբեր երկների կրպակներում ևս մյուս թերթերի շարքում կարելի է գտնել «Հույս» երկշաբաթաթերթը:
Լրագրողուհին ասում է, որ թեհրանահայերը բոլոր լրատվամիջոցներով մեծ ուշադրությամբ են հետևում Հայաստանում և Թեհրանում տեղի ունեցող իրադարձություններին, այդ առումով տեղի հայ համայնքը շատ ակտիվ է:
«Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների դասընթացներին մեծ ակնկալիքներով է մասնակցում, վստահ է, որ Հայաստանում լրագրողական շատ գիտելիքներ է ստանալու: Դասընթացների ընթացքում հասցրել է գտնել ոլորտին վերաբերվող իրեն հուզող հարցերի պատասխանները: Շատ գոհ է բոլոր դասախոսություններից, քանի որ իրենց հետ պրոֆեսիոնալ մասնագետներ են աշխատում, ովքեր բազմաբովանդակ և համապարփակ ձևով են անցկացնում դասընթացները:
Վարդիթեր Ծատուրյանը լրագրողների դասընթացներին մասնակցելը մեծ նվաճում է համարում, քանի որ կարողացավ ուժ ու ինքնավստահություն ձեռք բերել: Իսկ դասընթացին մասնակից մյուս երկրների լրագրողների հետ պայմանավորվել են հետագայում կապը պահպանել և անհրաժեշտության դեպքում համագործակցել:
Վերադառնալով Պարսկաստան՝ Վարդիթերը որոշել է լրագրողական հմտություններն առավել հարստացնելու համար ուսումը շարունակել Թեհրանի Լրագրողների ինստիտուտում: Հավաստում է, որ ուսումնառության ընթացքում իրեն շատ կօգնի ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի լրագրողների դասընթացներին վերապատրաստվելը:
Գևորգ Չիչյան