Հայրենիքը մարդու մեջ պիտի լինի՝ հոգու ներսում. «Սփյուռք» ամառային դպրոց-2016
«Ես միշտ իմ ուսանողներին ասում եմ՝ հայրենիքը մարդու մեջ պիտի լինի՝ հոգու ներսում»,- նշում է «Սփյուռք» ամառային դպրոցի «Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում» դասընթացի մասնակից Ռուզաննա Մարտիրոսյանը: Կիևից ժամանած ուսուցչուհին հայրենիքի ու հայրենի հողի իր ընկալումն ունի, որն արդեն հինգ տարի հայերենի դասընթացներ վարելով՝ փորձում է փոխանցել իր ուսանողներին: «Այդ դասընթացները մեծ տարիքային խմբերի համար են, մարդկանց համար, ովքեր, հայրենիքից հեռու գտնվելով, հեռացել են ազգայինից, սակայն գենի ուժով դարձյալ որոշել են մոտենալ իրենց արմատներին, հայերեն սովորել»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում ասում է տիկին Մարտիրոսյանը:
Լինելով նաև Ուկրաինայում տպագրվող «Հայկական լրատու» ամսագրի լրագրող՝ նա առկա խնդիրներին նաև լրագրողական սուր աչքով է նայում, գիտակցում, որ եղած բացերը ոչ թե պետք է շրջանցել, այլ՝ լրացնել: «Շաբաթական մեկ օր հայկական դպրոց գնալով, հայերեն սովորելով՝ ոչ միշտ է արդյունքը զգալի ու որակյալ լինում: Բնական է՝ լեզուն ամենագործածվողն է, իսկ երբ շրջապատը թելադրում է հաղորդակցման այն լեզուն, որը քո հարազատ լեզուն չէ, պայքարելը շատ դժվար է: Այստեղ պիտի օգնության հասնեն երկարատև դասընթացները, որոնք կպահեն հայկականության մթնոլորտը: Իմ կազմակերպած և ծրագրած դասընթացները արդեն հինգ տարի է՝ կյանքի են կոչվել: Սկսելով հայերեն սովորեցնել տառերի գրությունից, արտասանությունից, ուղղագրությունից և անցնելով քերականությանը՝ ես փորձում եմ իմ ուսանողների մեջ զարգացնել հայկական ու հայերեն լեզվամտածողությունը», – պատմում է ուսուցչուհին և հավելում, որ մեկ տարի սովորելուց հետո՝ ուսանողները Սփյուռքի նախարարության իրագործած ծրագրերի շնորհիվ հնարավորություն են ստանում հայրենիք գալու, այստեղ իրենց իմացությունը կատարելագործելու:
«Ամենալավ ճանաչողական գրքերը, ուղեցույցները չեն կարող փոխանցել հայրենիքի այն պատկերը, որը իմ ուսանողները տեսնում և զգում են այստեղ: Հայտնի առածն ասում է՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել: Ես հազար և ավելի անգամներ եմ Կիևում նրանց պատմում հայրենիքի մասին, դա կարևոր է, թեկուզ բառի ուժով նրանք մշտապես կապված են լինում Հայաստանին, սակայն երբ գալիս են, դա այլ է, զգացողություններն են ուրիշ դառնում: Հիմա էլ ուսանողներս այստեղ են: Ամեն երեկո խոսում են իրար հետ, անվերջ պատմում են, ոգևորված քննարկում օրվա ընթացքում տեսածն ու ապրածը: Ես հասկանում եմ նրանց ոգևորվածության չափը և նաև գիտակցում, որ այս այցը նրանց պարտավորեցնում է հետ դառնալուց հետո նոր ուժով շարունակել սկսած գործը»- պատմում է տիկին Ռուզաննան:
Հիմա, երբ աշխարհը քիչ-քիչ դառնում է սփյուռքացված, ոչնչացման վտանգի առաջ են կանգնում նաև պետություններն ու ազգային լեզուները, հաղորդակցվելու հիմնական միջոց են դառնում ավելի լայն տարածում և աշխարհագրություն ունեցող լեզուները, որոնք էլ այսօր ամենապահանջվածներն են: Անգլերենի, ֆրանսերենի, իսպաներենի ու ռուսերենի դասընթացներ կազմակերպվում են ամենուր, և մարդիկ կարող են օտար լեզվին տիրապետել ամիսների ընթացքում: «Այս առումով մեր գործը ևս բարդ էր: Պիտի մշակեինք օտար լեզուների դասընթացներին չզիջող և մրցունակ դասընթաց: Իհարկե, բարդ էր, սակայն գնալով ուսանողների թիվը աճում է, նշանակում է՝ դասավանդման և մատուցման ճիշտ ուղի ենք ընտրել: Իմ ուսանողները սիրում են ինձ, իսկ ես նրանց պաշտում եմ: Այո´, երբ տեսնում եմ նրանց մեջ այդքան մեծ սերը դեպի հայերենը, ես սկսում եմ պաշտել նրանց: Գիտեք՝ հեշտ չէ տարիներ շարունակ օտար արժեքների, օտար լեզվի հետ մշտական պայքարի մեջ լինել: Կամք է պետք, ինչը ուսանողներս ունեն: Այս ամենը ինձ շատ է ոգեշնչում: Դասընթացներին տրամադրելով իմ առօրյայի երեկոյան ժամերը, օրվա այն մասը, երբ ընտանիքը հավաքվում է, իսկ ես շտապում եմ աշխատանքի՝ երբեք չեմ ափսոսում սկսածս գործի համար»,- պատմում է ուսուցչուհին և կատակով հավելում, որ եթե կողքին չունենար հայագետ ամուսին, ապա երբեք չէր կարողանա հասնել այս արդյունքին:
Ամառային դպրոցը տիկին Մարտիրոսյանի համար նախ նոր լիցքերի ու հնարավորությունների հարթակ է: «Սա առիթ է սփյուռքի ուսուցիչների համար միավորվելու, փորձով կիսվելու: Մենք բոլորս նույն առաքելությունն ունենք՝ հայ պահել հայրենիքից հեռու գտնվող երիտասարդին, երեխային: Այս առումով ամեն մեկս դասավանդման մեկ ուղի ենք մշակել: Իսկ ամառային դպրոցը մեզ հնարավորություն է տալիս մեր կուտակած ահռելի փորձը փոխանակել միմյանց հետ, նոր հմտություններ ձեռք բերել: Այստեղ գտնվելուս և այս զգացողությունների համար շնորհակալ եմ Սփյուռքի նախարարությանը և Ուկրաինայի հայերի ազգային կոնգրեսին՝ օժանդակության և մեծ օգնության համար»,-ասում է տիկին Մարտիրոսյանը: Նա հայրենիքից Կիև կմեկնի նոր հեռանկարներով՝ հաջորդ տարի հայրենիք բերելով իր նոր հայախոս ուսանողներին:
Ամալյա Կարապետյան