Սիրանուշ Մինասյան.«Նպատակս ադրբեջանցի մասնակցին հաղթելն էր…»

Սիրանուշ Մինասյանը ծնվել է Գյումրիում. 16 տարի է ընտանիքի հետ  ապրում է Ուկրաինայի Օդեսա քաղաքում: Սիրանուշը մանկուց է երգում: Ծնողները, նկատելով երաժշտության հանդեպ նրա սերը, դաշնամուրի պարապմունքերի են տարել:

Այնուհետև Սիրանուշը ընդունվել է Դանկևիչի անվան երաժշտական ուսումնարանի ջազ-վոկալի բաժինը, որից հետո ուսումը շարունակել է Լուգանսկի Մատուցովսկու անվան երաժշտական ակադեմիայում:

Սիրանուշը երգում է Օդեսայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբում, հիմնել է «Արաքս» էստրադային երգչախումբը, ուր հաճախում են 15-23 տարեկան պատանիներն ու աղջիկները: Առաջիկայում կբացվի նաև երեխաների համար  նախատեսված խումբը:

Սիրանուշն ասում է, որ բոլորն էլ հաճույքով և պատասխանատվության զգացումով են գալիս հայկական երգեր սովորելու, քանի որ գիտակցում են՝ օտար միջավայրում ինքնությունը չկորցնելու նախապայմաններից մեկն էլ հայկական մշակույթին հավատարիմ մնալն է:

Սիրանուշ Մինասյանը հիացումով է խոսում Օդեսայի հայկական համայքի մասին. «Շատ եմ սիրում մեր համայնքը. շատ համախմբված, կազմակերպված համայնք ունենք: Հայկական եկեղեցուն կից  գործում է  կիրակնօրյա դպրոցը, որտեղ նույնպես հայկական երգ ու պար են սովորեցնում հայ երեխաներին: Համայնքում առանձնակի ուշադրություն ենք դարձնում ազգային, պետական տոներին, որոնք մեծ շուքով տոնում ենք»:

Օդեսայի հայ համայնքում Սիրանուշն արդեն մեծ ճանաչում ունի. մասնակցում է բոլոր միջոցառումներին, համերգներին, որտեղ հանդիսատեսին է ներկայանում գեղեցիկ կատարումներով:

Սիրանուշն իր ստեղծագործական կյանքի ճանապարհին մեծ ձեռքերում է ունեցել. Մոլդովայում հունիսի 11-13-ը տեղի ունեցած «Bucak sisleri» (Լեռների ձայներ) երգի մրցույթին առաջին հորիզանականն է նվաճել:

«Նախ ասեմ, որ մրցույթին միայն հաղթելու պայմանով էի գնացել, կարծես դա ներքին մղում լիներ: Առաջին օրը երգեցի միջազգային հիթ՝ Լարա Ֆաբիանի երգերից մեկը, իսկ երկրորդ օրը հանդիսատեսին ներկայացա «Հեյ, ջա՜ն ղափամա» հայկական ճանաչված երգով, որն արժանացավ ժյուրիի բարձր գնահատականին»,-ասաց երգչուհին:

Ի դեպ, ժյուրիի կազմը բավականին ներկայանալի է եղել. ընդգրկված են եղել ԱՊՀ տարբեր երկրների ճանաչված, պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիները, ովքեր բծախնդրությամբ են ունկնդրել բոլոր մասնակիցներին:

Պարզվեց՝ «Bucak sisleri» մրցույթին մասնակցող 16 երգիչների մեջ նաև ադրբեջանցի  ներկայացուցիչ է եղել, որի մասին Սիրանուշը հետևյալը պատմեց. «Իմանալով, որ Ադրբեջանից ևս ներկայացուցիչ կա՝ հաղթելու ցանկությունն ավելի մեծացավ: Շտապ զանգեցի ծնողներիս, պատմեցի այդ մասին ու ասացի, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի հաղթեմ: Այդպես էլ եղավ՝ ես արժանացա առաջին կարգի մրցանակի: Պատահականությամբ, թե զուգադիպությամբ՝ ադրբեջանցին ելույթ ունեցավ ինձանից  հետո: Նա ստացավ հանդիսատեսի համակրանք անվանակարգը: Հետաքրքիր է, որ բեմում նա կանգնել էր կողքիս. հիշում եմ՝ մեր դրոշները ծածանվում էին և դիպչում իրար»:

Սիրանուշն ասում է, որ իր նպատակը բոլորովին հայտնի դառնալը չէ. կարևորը կատարումներով, ձայնային տվյալներով մարդկանց հիշողության մեջ մնալն է:

Աղջկա ամենամեծ խորհրդատուները ծնողներն են. բոլոր հարցերում նրանց է ապավինում՝ երգերի ընտրություն, բեմական կերպարի կերտում և այլն: Երգչուհին նաև հեղինակային 4 ստեղծագործություն ունի. վերջին երգը, որը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, կոչվում է «Իմ երգը»:

ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք ամառային դպրոցի» Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներին մասնակցելով՝ Սիրանուշը հույս ունի կատարելագործել մասնագիտական փորձառությունը: Դասընթացների ժամանակ փորձում է հնարավորինս շատ գիտելիքներ ամբարել, որպեսզի փոխանցի իր սաներին:

Ծրագրի ընթացքում հասցրել է գեղեցիկ օրեր ապրել: Շատ տպավորված է Սմբատաբերդ կատարած այցելությունից:

Զրույցի վերջում Սիրանուշը տեղեկացրեց, որ մասնակցել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին, «Իմ Հայաստան» փառատոնին, որոնցից մեծ բավականություն է ստացել: Ուժերը փորձել է նաև «Շանթ» հեռուստաընկերության  «X factor»  նախագծում:

Գևորգ Չիչյան

v vv vvvգգ

Scroll Up